«Բարև Երևանը» վճարովի ավտոկայանատեղիների վերաբերյալ լրացուցիչ տեղեկություններ է պահանջում

Երևանի ավագանու «Բարև Երևան» խմբակցության ղեկավար Անահիտ Բախշյանը սեպտեմբերի 3-ին հարցում է ուղարկել քաղաքապետ Տարոն Մարգարյանին՝ խնդրելով լրացուցիչ տեղեկություններ տրամադրել վճարովի ավտոկայանատեղիների վերաբերյալ, հաղորդում են «Բարև Երևանի» մամուլի ծառայությունից:

«Բարև Երևանը» մասնավորապես պահանջում է հետևյալ տեղեկությունները.

1. Երևանի քաղաքային համայնքում ավտոկայանատեղերի կազմակերպման, տուրքի վճարման, հսկողության իրականացման և դրանցից բխող ու դրանց հետ կապված այլ իրավահարաբերությունների կարգավորման  իրավական ակտերի սպառիչ ցանկը:

2. Երևանի քաղաքային համայնքի վարչական տարածքում գտնվող համայնքային սեփականություն հանդիսացող ընդհանուր օգտագործման փողոցներում և հրապարակներում վճարովի ավտոկայանատեղ կազմակերպելու իրավասությունը «Գնումների մասին» Հայաստանի Հանրապետության օրենքով սահմանված կարգով իրականացված մրցույթի արդյունքում հաղթող ճանաչված ֆիզիկական կամ իրավաբանական անձանց վերապահելու իրավական հիմնավորումները, ֆինանսատնտեսական արդյունավետության գծով իրականացված հաշվարկները:

3. Երևանի քաղաքային համայնքի վարչական տարածքում գտնվող համայնքային սեփականություն հանդիսացող ընդհանուր օգտագործման փողոցներում և հրապարակներում վճարովի ավտոկայանատեղ կազմակերպելու իրավասություն ստացած` «Գնումների մասին» Հայաստանի Հանրապետության օրենքով սահմանված կարգով իրականացված մրցույթի արդյունքում հաղթող ճանաչված ֆիզիկական կամ իրավաբանական անձանց վերաբերյալ տեղեկատվություն:

4. Երևանի քաղաքային համայնքի վարչական տարածքում գտնվող համայնքային սեփականություն հանդիսացող ընդհանուր օգտագործման փողոցներում և հրապարակներում վճարովի ավտոկայանատեղ կազմակերպելու իրավասությունը վերապահելու նպատակով «Գնումների մասին» Հայաստանի Հանրապետության օրենքով սահմանված կարգով իրականացված մրցույթի ձևի ընտրության հիմնավորումը, ներկայացված հայտերի, մրցույթի արդյունքում կնքված պայմանագրի, տվյալ մրցույթին վերաբերող և դրա մասին տեղեկատվություն պարունակող այլ անհրաժեշտ և պահանջվող փաստաթղթերի պատճենները:

Նշենք, որ Երևանի ավագանու որոշմամբ` Երևանի կենտրոնական փողոցներում սեպտեմբերի 1-ից ուժի մեջ է մտել վճարովի ավտոկայանատեղերի մասին օրենքը: Կայանման վարձավճարները կազմում են` յուրաքանչյուր մեկ ժամվա համար` 100 դրամ, յուրաքանչյուր մեկ օրվա համար` 500 դրամ, մեկ շաբաթվա համար` 1 հազ. դրամ, մեկ ամսվա համար` 2 հազ. դրամ, մեկ տարվա համար` 12 հազ. դրամ: