Նախագահականի դիմաց սեպտեմբերի 4-ին` ժամը 13:00-ից մեկնարկել է բողոքի ակցիա` ընդդեմ Հայաստանի` Մաքսային միությանը միանալու որոշման վերաբերյալ Սերժ Սարգսյանի արած հայտարարությանը։
Ինչպես հաղորդում է ՍիվիլՆեթի թղթակիցը, այս պահին իրավիճակը բավական լարված է, ոստիկաններն ու քաղաքացիները քաշքշում են միմյանց: Բերման է ենթարկվել երեք քաղաքացի: Ոստիկանները նաև գետին են գցել ՍիվիլՆեթի լրագրող Արփի Մախսուդյանին:
Ակցիայի մասնակիցները պահանջում են նախագահի հրաժարականը՝ վանկարկելով «Հեռացեք»։ Ոստիկանները թիվը հետզհետե ավելանում է: Նրանք արգելում են քաղաքացիներին մոտենալ նախագահի նստավայրին:
Ակցիային են միացել Երևանի ավագանու «Բարև Երևան» խմբակցության անդամ Դավիթ Սանասարյանը, ԱԻՄ առաջնորդ Պարույր Հայրիկյանը և մի շարք այլ քաղաքական գործիչներ:
Սեպտեմբերի 3-ին ՌԴ նախագահ Վլադիմիր Պուտինի հետ հանդիպումից հետո Սերժ Սարգսյանը հայտարարել էր, որ Հայաստանը որոշել է մտնել Ռուսաստանի, Ղազախստանի և Բելառուսի Մաքսային միությունը և հետագայում մասնակցել Եվրասիական տնտեսական միությանը:
Լուսանկարը` Ֆոտոլուրի