Գուբերնատորի կարգավիճակ ստանձնած Սերժ Սարգսյանը պետք է հեռանա. Րաֆֆի Հովհաննիսյան

«Ժառանգություն» կուսակցության առաջնորդ Րաֆֆի Հովհաննիսյանը հայտարարություն է տարածել, որում անդրադարձել է Հայաստանի՝ Մաքսային միությանը միանալու որոշմանը` պահանջելով նախագահ Սերժ Սարգսյանի հրաժարականը:

Հայտարարության մեջ մասնավորապես ասված է. «Գուբեռնատորի կարգավիճակ ինքնակոչ ստանձնած Սերժ Սարգսյանը պետք է հեռանա: Հակապետական հայտնի արձանագրություններից, կազմակերպված հանցագործությամբ գողացված ընտրություններից, հակաքաղաքացիական շարունակվող բռնաճնշումներից, իսկ հիմա էլ Կրեմլում մեր հանրապետության ինքնիշխանության դեմ միանձնյա արձակած որոշումից հետո՝ Հայաստանի սահմանադրությունն ու ազգային շահը ստեղծված արտակարգ դրությունից այլ ելք չեն հանդուրժում:

Թող Արևելքը շատ չոգևորվի, ոչ էլ Արևմուտքն անտեղի բողոքի. մեղսակից են բոլորն էլ:

Ես այլևս կոչ չեմ անի. պարզապես անհրաժեշտ է, որ գիտակից բոլոր քաղաքացիներն ու ուժերը՝ Հայրենիքում և Սփյուռքում, հաղթահարեն սեփական վիճակն ու փոխադարձ մեղադրանքը և, վերջապես, սահմանադրական կարգի հաստատման վճռականությամբ կազմեն Համազգային միացյալ ճակատ:

Երկրի ու ժողովրդի արժանապատիվ կյանքի և համբերության հնարավոր բոլոր պաշարներն արդեն սպառվել են:

Հանուն Հայաստանի ու մեր ապագայի, մեր անկախության, արդարության և ազգային անվտանգության՝ նա պետք է ազատի իր գրաված աթոռը»:

Սեպտեմբերի 3-ին ՌԴ նախագահ Վլադիմիր Պուտինի հետ հանդիպումից հետո Սերժ Սարգսյանը հայտարարել էր, որ Հայաստանը որոշել է մտնել Ռուսաստանի, Ղազախստանի և Բելառուսի Մաքսային միությունը և հետագայում մասնակցել Եվրասիական տնտեսական միությանը: