Ուկրաինան ԵՄ-ի հետ Ասոցացման համաձայնագիր կստորագրի

Ուկրաինայի «Տարածաշրջանների կուսակցություն» խմբակցության հետ հանդիպման ժամանակ նախագահ Վիկտոր Յանուկովիչը, մեղադրելով ռուս գործընկերներին մի շարք պայմանավորվածությունների խախտման, պարտավորությունների չկատարման, ինչպես նաև Ուկրաինային նվաստացնելու և ոտնահարելու ցանկության մեջ, հայտարարել է Եվրամիության հետ Ասոցացման համաձայնագիր ստորագրելու մասին, հաղորդում է Liga.net-ը:

Յանուկովիչը հիշեցրել է, որ Խարկովյան համաձայնագրերի ստորագրման ժամանակ Ռուսաստանը ամենաբարձր մակարդակով խոստացել էր, որ ձեռք բերված պայմանավորվածությունների մի մասը կդառնա «Գազպրոմի» կողմից վաճառվող գազի գնի բանաձևի փոփոխությունը: Սակայն ռուսական կողմը իր խոստումը չի պահել:

Մի շարք այլ օրինակներով Յանուկովիչը եզրակացրել է, որ գործընկերային և հարգալից հարաբերություններ Ուկրաինայի հյուսիսային հարևանից ակնկալել պետք չէ, ուստի իր համար այլընտրանք չի եղել, քան Եվրամիության օգտին որոշում կայացնելը:

Միաժամանակ Ուկրաինայի նախագահը ընդգծել է, որ Մաքսային միության այն կետերի աշխատանքին, որոնք չեն հակասում ԵՄ-ի հետ ազատ առևտրի գոտու մասին համաձայնագրին, իրենք պատրաստ են միանալ: Բացի այդ, ինչպես ասել է Յանուկովիչը, Ռուսաստանը շուրունակում է մնալ իրենց ամենախոշոր առևտրային գործընկերը: Նա երկու երկրների առևտաշրջանառությունը գնահատել է $62 մլրդ: Սակայն Ուկրաինայի ղեկավարը հստակեցրել է, որ եթե Մոսկվան շարունակի իրենց վրա ճնշումներ գործադրել «առևտրային պատերազմի» եղանակով, ապա առևտրաշրջանառությունը կարող է կրճատվել երկու անգամ: Այդ է պատճառը, որ բրյուսելյան փաստաթղթի ստորագրման պահանջներից մեկը ուկրաինացի արտադրողների համար եվրոպական շուկաների բացումն է, ինչը սկզբնական շրջանում, եթե չփոխհատուցի, ապա գոնե կնվազեցնի Ռուսաստանի հետ առևտրային ակտիվության անկումը:

Ներկայացնելով իր բոլոր փաստարկները՝ Յանուկովիչը հանդիպման ներկաներից խնդրել է կանգնել նրանց, ովքեր դեմ են ընդունված որոշմանը, սակայն ոչ ոք չի կանգնել: Չբավարարվելով դրանով՝ նրանց, ովքեր համաձայն չեն, նա ցույց է տվել նաև դռան կողմը: