Հայաստանն ամենաերջանիկ 128-րդ երկիրն է՝ 156-ից. ՄԱԿ

ՄԱԿ-ի ամենաերջանիկ երկրների վարկանիշում Հայաստանը զբաղեցրել է 128-րդ տեղը, հաղորդում է ՄԱԿ-ի կայուն զարգացման ապահովման ցանցի կայքը:

156 երկրից բաղկացած վարկանիշի առաջատարներն են Դանիան, Նորվեգիան, Շվեյցարիան, Նիդեռլանդները, Շվեդիան: Առաջին տասնյակում են նաև Կանադան, Ֆինլանդիան, Ավստրիան, Իսլանդիան և Ավստրալիան: ԱՄՆ-ն 17-րդ տեղում է:

Տարածաշրջանային երկրներից Թուրքիան 77-րդ տեղում է, Իրանը՝ 115-րդ, Ադրբեջանը՝ 116-րդ, Վրաստանը՝ 134 –րդ հորիզանականներում: ԱՊՀ պետությունների շարքում 68-րդ տեղում հայտնված Ռուսաստանից առաջ են անցել Մոլդովան, Ղազախստանը, Թուրքմենստանը, Ուզբեկստանը, Բելառուսը:

Վարկանիշը եզրափակում են աֆրիկյան պետություններ Գվինեան, Տանզանիան, Ռուանդան, Բուրունդին, Կենտրոնաֆրիկյան Հանրապետությունը, Բենինն ու Տոգոն:

2013թ. հրապարակվել է ՄԱԿ-ի թվով երկրորդ «Համաշխարհային երջանկության զեկույցը»: Վարկանիշը կազմել են տնտեսագիտության, հոգեբանության, վիճակագրության և այլ ոլորտների մասնագետներ: Որպես գնահատման չափանիշ է ընդունվում վեց գործոն՝ մեկ շնչին բաժին ընկնող իրական ՀՆԱ-ն, առողջ կյանքի տևողությունը, մերձավորների շրջանում որևէ մեկից օգնություն ակնկալելու հնարավորությունը, կենսականորեն կարևոր որոշումների կայացման ժամանակ ազատության սուբյեկտիվ աստիճանն ու պաշտպանվածությունը կոռուպցիայից:

Մեկնաբանել