Նախագահի այցերն ափալ-թափալ չեն. Հ. Աբրահամյանը` Ն. Փաշինյանին

Սեպտեմբերի 9-ին մեկնարկեցին Ազգային ժողովի հինգերորդ գումարման չորրորդ նստաշրջանի աշխատանքները: ԱԺ նախագահ Հովիկ Աբրահամյանն ընթերցեց քառօրյայի օրակարգը, որում ընդգրկված չէր Հայաստանի` Մաքսային միությանը միանալու հարցը: Այս կապակցությամբ ելույթ ունեցավ ՀԱԿ խմբակցության ներկայացուցիչ Նիկոլ Փաշինյանը:

«Այս շրջանում տեղի ունեցած իրադարձություններից հետո Հայաստանը կանգնել է աշխարհաքաղաքական ճգնաժամի նախաշեմին: Ոտք ենք դրել մի ճանապարհի վրա, որտեղ մի կողմից` Սերժ Սարգսյանի ափալ-թափալ այցերն են, Մոսկվայի հայտարարությունները, իսկ մյուս կողմից` արտգործնախարար Էդվարդ Նալբանդյանի այցերը դեպի Արևմուտք, երբ վերջինս վազում է եվրոպացի պաշտոնյաների հետևից»,- ասաց Փաշինյանը` առաջարկելով տեղի ունեցող աշխարհաքաղաքական հարցերի վերաբերյալ քննարկում կազմակերպել ԱԺ-ում և պարզաբանումներ ստանալու համար հրավիրել նաև նախագահ Սերժ Սարգսյանին և Էդվարդ Նալբանդյանին, որոնք համապատասխան բացատրություններ կտան հարցի կապակցությամբ:

Հովիկ Աբրահամյանը, ի պատասխան Նիկոլ Փաշինայնի, նկատեց, որ նախագահի «այցերն ափալ-թափալ չեն», և Մաքսային միությանն անդամակցելու հիմքում դրված է հայ ժողովրդի շահը: Աբրահամյանը հավելեց նաև, որ Սերժ Սարգսյանն այս որոշման մասին տեղյակ է պահել իրեն աջակցող իշխող կուսակցության ներկայացուցիչներին:

«Չեմ կարծում, որ Մաքսային միությանը միանալով` կորցնում ենք ինքնորոշումը. նման միությանը միանալով` փորձում ենք զարկ տալ տնտեսության զարգացմանը, և կարծում եմ, որ ճիշտ է»,- ասաց Աբրահամյանը` հավելելով, որ Էդվարդ Նալբանդյանին կհրավիրեն ԱԺ:

Պատասխանելով Հովիկ Աբրահամյանին` Փաշինյանը հիշեցրեց, որ ՀՀԿ գործադիր մարմինը` որպես պետական կառավարման մարմին, «գոյություն չունի, այլ գոյություն ունի ԱԺ, և չկա որևէ հարց, որը չի կարող տեղավորվել նրա շրջանակում»:

«ԱԺ-ն պետք է դառնա այն օղակը, որտեղ պետք է հնչեն հասարակությանը հուզող հարցերը, իհարկե, նախագահը չէր հայտարարելու, որ Մաքսային միությանը միանալը չի բխում Հայաստանի շահերից, ամբողջ խնդիրն է այն, որ հիմնավորումները քննության պետք է ենթարկվեն»,- ասաց Փաշինյանը:

ԱԺ նախագահն էլ նշեց, որ բոլոր պատգամավորներն ու խմբակցությունները իրավունք և հնարավորություն կստանան իրենց կարծիքը հայտնելու Հայաստանի` Մաքսային միությանն անդամակցության կապակցությամբ, երբ համապատասխան փաստաթղթերը մտնեն ԱԺ:

Էդվարդ Նալբանդյանին Ազգային ժողով հրավիրելու առաջարկով հանդես եկան նաև ԱԺ «Բարգավաճ Հայաստան» խմբակցության քարտուղար Նաիրա Զոհրաբյանը և «Ժառանգություն» խմբակցության ղեկավար Ռուբեն Հակոբյանը:

Ազգային ժողովը հավանություն տվեց ներկայացված օրակարգի նախագծին, և այս պահին ընթանում են օրակարգում ընդգրկված հարցերի քննարկումը:

Մեկնաբանել