Հայկական օրեր Տրանսիլվանիայի Գեորգեն քաղաքում

Սեպտեմբերի 6-8-ը Տրանսիլվանիայի Գեորգեն (պատմական հայաբնակ` Ջուրջով) քաղաքում անցկացվել է Հայկական արվեստի փառատոն, որը կազմակերպվել էր Գեորգենի Հայ կաթոլիկ միության, Տրանսիլվանիայի հունգարահայերի միության և Գեորգենի հայ կաթողիկե թեմի համատեղ ջանքերով։ Այս մասին հաղորդում են արտգործնախարարության մամուլի ծառայությունից:

Միջոցառումների շրջանակում Գեորգեն է այցելել Ռումինիայում Հայաստանի դեսպան Համլետ Գասպարյանը: Դեսպանը հանդիպել է քաղաքային իշխանությունների հետ և քննարկել է առաջիկայում Հայաստանի որևէ բնակավայրի հետ համագործակցության կապեր հաստատելու, ինչպես նաև տեղի հայկական հարուստ պատմական ժառանգության պահպանման հարցերը:

Դեսպան Գասպարյանը մասնակցել է նաև Գեորգենի գործարարների հետ կազմակերպված հանդիպմանը, որի ընթացքում ներկայացրել է հայ-ռումինական տնտեսական կապերի ընդհանուր պատկերը, տեղեկություններ հաղորդել միջկառավարական հանձնաժողովի և Հայաստանի ու Ռումինիայի առևտրաարդյունաբերական պալատների գործունեության մասին՝ հրավիրելով տեղի գործարարներին կապի մեջ մտնելու վերջիններիս հետ:

Եռօրյա փառատոնի շրջանակում Գեորգենի հայկական մշակութային կենտրոնում ցուցադրվել են տեղի հայկական հնատիպ գրքերի և քարտեզների հավաքածուն, տրանսիլվանահայեր Գեորգի Կալամարի, Էմմա Կյոլլոյի և Ֆերենց Հորվաթի նկարների և ձեռագործ իրերի հավաքածուները։ Նույն կենտրոնում ցուցադրվել է Գասպար Կալամարի հեղինակած «Հայաստանի խճանկար» ֆիլմը (2011թ.)։

Փառատոնի հագեցած օրակարգում ուրույն տեղ են գրավել թեմատիկ հաղորդումները, երբ, մասնավորապես, ներկայացվել են տրանսիլվանահայեր Մարտոն Լասլոյի և Ռոզալիա Ավետի ուսումնասիրությունները հունգահարահայերի և հայկական քաղաքակրթության վերաբերյալ, ինչպես նաև Յուլիա Բալինթի զեկույցը քաղաքի հայկական մարզական ավանդույթների մասին։ Գեորգենի հայոց պատմության, տեղի, ինչպես նաև լայն առումով Կարպատյան ավազանի տնտեսական ու մշակութային զարգացման մեջ հայերի ունեցած կարևոր դերի մասին պատմող իր աշխատությունները ներկայացրել է պատմաբան, համալսարանական պրոֆեսոր Գարդա Դեսոն:

Գեորգենը Տրանսիլվանիայի հնագույն հայաբնակ բնակավայրերից է, որտեղ հայերը հաստատվել են դեռևս 17-րդ դարի վերջում, հիմնել եկեղեցի, դպրոց, ակումբներ և առևտրական ու արհեստագործական հաստատություններ: Հայերի շնորհիվ աննշան բնակավայրը ժամանակին արագորեն դարձել է շրջանի զարգացած առևտրաշահ քաղաքներից մեկը: Քաղաքի հայկական հարստությունները մեծապես տուժել են հետպատերազմյան շրջանում` անցյալ դարի 50-60-ական թվականներին, երբ հայերից խլվել են կալվածքները և իրենց իսկ կառուցած շքեղ շենքերն ու հաստատությունները: Այսօր Գեորգենում դեռևս ապրում են մոտ 600 կաթոլիկ հայեր, գործում են աշխարհիկ և հոգևոր միություններ, որոնք, մասնավորապես, նրանց անխոնջ ղեկավարներ Աթիլլա Պուշկաշի, Լասլո Կուլչարի և մյուսների ջանքերով ձգտում են վառ պահել հայկական ոգին, հոգևոր-մշակութային ավանդույթները:

Մեկնաբանել