Ամերիկացի զինվորը ոտք չի դնի սիրիական տարածք․ Օբամա

ԱՄՆ-ի նախագահ Բարաք Օբաման հետաձգել է Սիրիայում ռազմական գործողության վերաբերյալ քվեարկությունը Կոնգրեսում, որպեսզի շանս տա սիրիական քիմիական զենքի նկատմամբ միջազգային վերահսկողություն սահմանելուն ուղղված դիվանագիտական ջանքերին, հաղորդում է BBC-ն։

Ամերիկացիներին ուղղված հեռուստաուղերձում ԱՄՆ-ի նախագահը պարզաբանել է, թե ինչու է Միացյալ Նահանգների ազգային անվտանգության շահերից բխում Սիրիայում քիմիական զենքի կիրառմանն արձագանքելը։

Օբաման նշել է, որ ԱՄՆ-ը չի միջամտել Սիրիայում քաղաքացիական պատերազմին, սակայն օգոստոսի 21-ին տեղի ունեցած քիմիական հարձակումը, որը Միացյալ Նահանգների նախագահի խոսքով՝ իրականացրել է Բաշար ալ Ասադի վարչակարգը, հանգեցրել է ավելի քան հազար մարդու մահվան, այդ թվում՝ հարյուրավոր երեխաների։ Նրա խոսքով՝ ռազմական միջամտությունը տվյալ դեպքում անհրաժեշտ է, որպեսզի այդպիսի բան այլևս չկրկնվի։

«Ոչ ոք չի վիճարկում, որ Սիրիայում քիմիական զենք է կիրառվել։ Աշխարհը տեսել է հազարավոր վիդեոներ և լուսանկարներ, որ վկայում են հարձակման մասին։ Մարդասիրական կազմակերպությունները հաղորդել են գազից թունավորման ախտանիշներով մարդկանցով լցված հոսպիտալների մասին։ Ավելին՝ մենք գիտենք, որ Ասադի վարչակարգը պատասխանատվություն է կրում այդ հարձակումների համար»,- ասել է ԱՄՆ-ի նախագահը։

Ընդ որում՝ նա ընդգծել է, որ ամերիկացի զինվորը ոտք չի դնի սիրիական տարածք, և որ ինքն անձամբ նախընտրում է խնդրի խաղաղ կարգավորումը։

«Ես զորքեր չեմ ուղարկի Սիրիա, հարվածը սահմանափակ կլինի։ Միայն Ամերիկան իր սահմանափակ հարվածով կարող է ազդանշան տալ Ասադին։ Սիրիային սահմանափակ հարվածի հասցնումը բռնապետ Ասադին կստիպի կրկին քիմիական զենք կիրառելուց առաջ երկու անգամ մտածել»,- ասել է Օբաման։

Նա խոստացել է դիտարկել Սիրիայում քիմիական զենքը միջազգային վերահսկողությանը հանձնելու Ռուսաստանի առաջարկը՝ հավելելով, որ նախ հարկ է ստուգել՝ որքանով է իրական դա կյանքի կոչելը։ «Առայժմ վաղ է ասել՝ կլինի արդյոք այդ առաջարկը հաջող, թե ոչ»,- ասել է նա։

ԱՄՆ-ի նախագահը հաստատել է, որ պետքարտուղար Ջոն Քերին սեպտեմբերի 12-ին Ժնևում հանդիպելու է Ռուսաստանի արտգործնախարար Սերգեյ Լավրովի հետ։ «Ես էլ կշարունակեմ երկխոսությունը նախագահ Պուտինի հետ»,- հավելել է նա։

Օբաման հույս ունի ստանալ Սիրիայում ռազմական գործողության անհրաժեշտությունը ճանաչող միջազգային իր դաշնակիցերի աջակցությունը։ Նա նաև նշել է, որ ամերիկյան բանակը պատրաստ  է լինելու ռազմական գործողությունների՝ շարունակելու ճնշում գործադրել Ասադի վրա։

Ավելի վաղ հետաձգվել էր ՄԱԿ-ի Անվտանգության խորհրդի արտակարգ նիստը, որում պետք է քննարկվեր սիրիական քիմիական զենքի պաշարների չեզոքացմանն ուղղված բանաձևը։

Միաժամանակ Բարաք Օբաման Սենատին կոչ է արել հետաձգել Սիրիայի հարցով քվեարկությունը, քանի դեռ ԱՄՆ-ի Անվտանգության խորհուրդը որոշում չի կայացրել։

Հիշեցնենք, որ Սիրիան 2011թ․ մարտից ներքաղաքական ճգնաժամում է։ Երկրի ընդդիմությունը պահանջում է Սիրիայի նախագահ Բաշար ալ Ասադի պաշտոնաթողությունը՝ կառավարական ուժերին մեղադրելով խաղաղ բնակչության նկատմամբ զանգվածային բռնությունների իրագործման մեջ։ Պաշտոնական Դամասկոսը վստահեցնում է, որ ժողովրդավարական կարգախոսների քողի ներքո երկրում գործում են «զինված ահաբեկչական խմբավորումներ»։ Համաձայն ՄԱԿ-ի տվյալների՝ հակամարտության սկզբից ի վեր Սիրիայում զոհվել է ավելի քան 100 հազ․ մարդ, փախստական է 2 մլն սիրիացի, ևս 4 մլն սիրիացի համարվում է ներքին տեղահանված։