Հայության ուժային կենտրոնները պետք է ուղղորդվեն հայրենիքից

Համացանցում հայտնվել է 2012թ. մի վիդեո, թե ինչպես է Ռուսաստանի հայերի միության նախագահ Արա Աբրահամյանը ՌԴ նախագահի թեկնածու Վլադիմիր Պուտինին փորձում հավաստիացնել, որ Ռուսաստանի 2,5 մլն հայերը հենց նրան են ընտրելու: Երկխոսության ընթացքում Պուտինը պնդում է, որ Հայաստանում հրապարակված թվից քիչ մարդ է մնացել, մոտավորապես այնքան, ինչքան կա Ռուսաստանում:

Պուտինի կողմից ծաղրի ենթարկված Արա Աբրահամյանն ամեն կերպ փորձում է բոլոր հայերի անունից իր աջակցությունը հայտնել ՌԴ նախագահի թեկնածուին: Տասը տարի առաջ ռուսահայ գործարարը, չբավարարվելով ռուսահայերին միավորելու գաղափարից, նախաձեռնեց Համաշխարհային հայկական կոնգրեսի ստեղծումը՝ հավանաբար նպատակ ունենալով վաստակել համայն հայության անունից Պուտինին շողոքորթելու իրավունքը:

Թվում է, թե Սփյուռքում հայկական կառույցների ստեղծումը պետք է միայն մեկ նպատակ հետապնդի՝ առաջ մղել հայկական շահերը: Բայց արի ու տես, որ դրանք հիմնականում դառնում են այս կամ այն երկրի ազդեցության գործիքներ, որոնք շատ հաճախ լծվում են տվյալ երկրների՝ հայության ու Հայաստանի դեմ ուղղված արշավներին: Նման գործելակերպով հայկական կոչվող այս կառույցները, ինչքան էլ ՀՀ-ում կամ Արցախում զբաղվեն բարեգործությամբ, կորցնում են իրենց նշանակությունը պատմական հայրենիքում, իրենցից օտարում են Սփյուռքում ապրող հայրենակիցներին և ամբողջովին կորցնում են նույնիսկ իրենց թվացյալ ուժը՝ հայության հավաքական կարծիքը ներկայացնելու իրավունքը:

Ավելին, շատ երկրների իշխանություններ այս կառույցների ստորամտության պատճառով կորցնում են որևէ հարգանք դրանց նկատմամբ և վերաբերվում այն տոնով, ինչ տոնով այդ տեսանյութում Պուտինն էր խոսում Արա Աբրահամյանի հետ:

Եվ ինչպես հարգել մի կառույցի, որը Կրասնոդարի երկրամասում կանգնեցնում է Անդրանիկի արձանը, այնուհետև ապամոնտաժում է այն, քանզի արձանի հերոսը դուր չի եկել թուրքերին, որոնք երկրամասում ներդրումներ են անում: Եթե չե՞ս կարողանում պաշտպանել ազգային խորհրդանիշդ, այդ դեպքում ո՞վ ես դու և ինչպե՞ս կարող ես հարգանքի արժանի լինել:

Մինչ այսօր Սփյուռքի հայկական կառույցները չկարողացան իրենց համար մշակել հայանպաստ գործունեության ուղենիշներ: Նրանք լավագույն դեպքում խրվում են Ցեղասպանության ճանաչման կամ ժխտողականության դեմ պայքարի մեջ: Նույնիսկ հայության համար այնպիսի կենսական հարց, ինչպիսին Արցախի վերաբնակեցումն է, բավարար ուշադրություն չի արժանացել Սփյուռքի հայկական կազմակերպությունների կողմից:

Ընդհանրապես, հայկական լոբբինգը չպետք է իրարից անջատ, հաճախ ոչ մի լեզվով հոդաբաշխ խոսք ասել չկարողացող գործարարների ենթակայությամբ գործող միավորումներ լինեն: Մեր հասարակության խնդիրը ոչ միայն այս իշխանություններից ազատվելն ու նորմալ պետություն ստեղծելն է, այլ նաև տարբեր երկրների քաղաքականությունների վրա ազդելու ունակ հայկական կառույցների ստեղծումը, որոնք պետք է ուղղորդվեն Երևանից ու Ստեփանակերտից: Այլ ուժային կենտրոններ հայությունը չունի:

Մեկնաբանել