Մենք բոլորս բանտում ենք, քանի դեռ Տիգրան Առաքելյանը բանտում է. Լևոն Զուրաբյան

Լուսանկարը` ՍիվիլՆեթի

Գլխավոր դատախազության շենքի դիմաց սեպտեմբերի 13-ին տեղի ունեցավ «Ազատություն քաղբանտարկյալներին» հերթական ուրբաթօրյա բողոքի ակցիան: Ակցիային մասնակցում էր շուրջ 30 քաղաքացի, որոնք պահանջում էին ազատ արձակել ՀԱԿ ակտիվիստներին:

Բողոքի ակցիայի մասնակիցներն իրենց ձեռքին ունեին պաստառներ` «Շուրջպարը փոխվում է մենապարով», «ՀԱԿ երիտասարդներին արդարացում», «Վերջ անարդարությանը» և այլ գրություններով:

«Մենք բոլորս բանտում ենք, քանի դեռ Տիգրան Առաքելյանը բանտում է»,- հայտարարեց Ազգային ժողովի ՀԱԿ խմբակցության ղեկավար Լևոն Զուրաբյանը և հավաքվածներին ներկայացրեց իր մի քանի օր առաջ իր ներկայացրած դիմումը Վերաքննիչ դատարանի դատավոր Եվա Դարբինյանին, որը քննում է ակտիվիստների գործը: Նամակում Զուրաբյանը կոչ էր անում փոխել Տիգրան Առաքելյանի խափանման միջոցը` երաշխավորելով, որ նա կդրսևորի պատշաճ վարքագիծ:

«Եվա Դարբինյանը, դեռ աշխատելով Երևանի քրեական դատարանում, բազմաթիվ անարդար վճիռներ է կայացրել` մարտի 1-ով անցնող մեր քաղբանտարկյալ ընկերների ճակատագիրը վճռելով»,- ասաց Զուրաբյանը` նշելով, որ իրենց առաջարկն ընդունելու դեպքում Դարբինյանը «իր խիղճը կմաքրի կատարած իր բոլոր մեղսագործություններից»:

Զուրաբյանը կոչ արեց «արժանապատիվ, հեղինակավոր քաղաքացիներին» միանալ նամակի ստորագրմանը:

«Սա հատկապես կարևոր է, երբ իշխանությունը բանտերում է պահում Տիգրան Առաքելյանին, իր նմաններին, բայց բանտերից բաց է թողնում լիսկաների զավակներին, մարդասպաններին»,- ասաց Զուրաբյանը` հավելելով, որ յուրաքանչյուր ստորագրություն շատ կարևոր է իրավիճակը փոխելու համար:

Վերաքննիչ քրեական դատարանում օգոստոսի 5-ից սկսվել է ՀԱԿ ակտիվիստների գործով բողոքի քննությունը:

Մայիսի 8-ին Վճռաբեկ դատարանը` քրեական գործերով պալատի նախագահ Դավիթ Ավետիսյանի նախագահությամբ, որոշել էր ՀԱԿ ակտիվիստների փաստաբանների բողոքը բավարարել մասնակի, բեկանել վերաքննիչ դատարանի վճիռը և գործն ուղարկել նույն դատարան` նոր քննության:

2012թ. հուլիսի 20-ին Երևանի Կենտրոն և Նորք Մարաշ վարչական շրջանների ընդհանուր իրավասության դատարանի կողմից ՀԱԿ ակտիվիստներից Տիգրան Առաքելյանը դատապարտվել էր 6 տարի ազատազրկման, Արտակ Կարապետյանը` 3, Սարգիս Գևորգյանն ու Դավիթ Քիրամիջյանը` 2-ական տարվա ազատազրկման ոստիկանների հետ վիճաբանության պատճառով:

2012թ. նոյեմբերի 13-ին վերաքննիչ քրեական դատարանի դատավոր Արմեն Դանիելյանը մերժել էր ՀԱԿ ակտիվիստներին 2-6 տարվա ազատազրկման դատապարտելու մասին առաջին ատյանի դատավճիռը բեկանելու դիմումը:

Մեկնաբանել