Զարգանալ՝ (չ)զիջելով. Շ. Գանտահարյան

Լիբանանի «Ազդակ» թերթի գլխավոր խմբագիր Շահան Գանտահարյանի հոդված է հրապարակել« Զարգանալ՝ (չ)զիջելով» , որում անդրադառնում է Մաքսային միությանը Հայաստանի անդամակցությանը: Հոդվածն ամբողջությամբ ներկայացված է ստորև.

Մաքսային միությանը Հայաստանի անդամակցությունը, թվում է, թե պիտի շարունակի խլել քաղաքական, հասարակական և լրագրողական շրջանակների լուսարձակները: Ավելի ծանրակշիռ են, գեթ քանակական առումով, քննադատական մոտեցումները, որոնք կենտրոնանում են՝ որոշման պարտադիր բնույթի, մեր երկրի կախյալության, Եվրամիության կողմից Հայաստանի առջև դռներ փակելու, և երկիրը դեպի անորոշ հեռանկար առաջնորդված լինելու տեսակետների վրա: Քննադատությունները իհարկե ունեն իրենց տրամաբանությունն ու նկատառելի հիմնավորումները: Դրանք մերթ չափազանցված, մերթ համեմատաբար զուսպ ու առարկայական, անպայման հաշվի պետք է առնվեն և մտածել տան առնված քայլի հակառակ ուղղությամբ որոշ հակակշիռ միջոցառումներ որդեգրելու հնարավորությունների մասին:

Մաքսային միության անդամակցության որոշումը, իր հերթին, ունի իր արդարացված հիմնավորումը: Ի վերջո միակողմանի, դեպի Եվրամիություն սրընթաց ընթանալու փաստը կարող էր ռիսկային հիմնական բաժին պարփակած լինել: Իսկ փոխլրացումը ենթադրում է ինչպես ռուսական, այնպես նաև ևրոպական, կամ ընդհանրապես արևմտյան ուղղությունների վրա շարունակել համագործակցության ձևաչափերի ապահովման և գործնականացման քաղաքականության կիրառումը: Խնդիրը այս հանգրվանին պետք է դիտարկել ոչ աղետալի, ոչ էլ բացարձակապես դրականի սև-սպիտակի բանավեճային մոտեցումով: Դեպի Մաքսային միություն առնված քայլը, գուցե անխուսափելի, այսուհանդերձ լուրջ իրավիճակ է ստեղծել դեպի ևրամիության ընկերակցություն նախաստորագրության համար մի քանի տարի բանակցություն տարած պաշտոնական Երևանի համար:

Տարատեսակ և տարաբնույթ այս մոտեցումներին և տեսակետներին հետևելու ընթացքում մի քանի անգամ ուշագրավորեն նկատվեց հարևան Վրաստանից օրինակ վերցնելու գաղափարը: Հետևյալն է քննադատական մոտեցման բուն էությունը. Վրաստանը անտեսելով ռուսական գործոնը, թափ է տվել իր ինտեգրման քաղաքականությանը դեպի ևրոպա, ԱՄՆ, ՆԱՏՕ, որի արդյունքը եղել է միանշանակ դեպի Եվրամիության ընկերակցություն նախաստորագրություն, առանց որևէ պարտադրանքի տեղի տալու, առանց Մոսկվայից կախյալ կարգավիճակում հայտնվելու: Այս ուղղությունը Վրաստանին ապահովել է հակակոռուպցիոն պայքարում թռիչքային առավելություններ ձեռք բերելու, տնտեսական բարգավաճում արձանագրելու, ընտրակարգը բարելավելու և ժողովրդավարությունն ամրակայելու առիթներ: Մի խոսքով՝ ռուսական գործոնի շրջանցումով երկրի զարգացումը ապահովելու:

Իհարկե, այս ուղղության շուրջ կան ներվրացական տարակարծություններ. վարչապետ Իվանիշվիլին կարող է չբաժանել իր նախագահի կիրառած արտաքին քաղաքականության գերակա ուղղությունները և փորձ կատարել որոշակի հավասարակշռություններ ապահովելու այդ ոլորտում: Բայց այժմ սա չէ խնդիրը. Վրաստանից, այս դեպքում նրա որդեգրած արտաքին քաղաքական ուղեգծից դաս քաղելու կոչն է, որ հնչում է հայկական շրջանակներից։

Վրացական զարգացման այս ուղղվածությունը իրականությանը համապատասխանող երևույթ է: Սակայն գինը թանկ է. ռուսական գործոնի շրջանցման հետ կապված գին է այդ մեկը: Այսօր վրացական դիտակետից մեր հարևանը կորցրել է իր տարածքային ամբողջականությունը: Իրողապես, Աբխազիան և Հարավային Օսիան այլևս մաս չեն կազմում Վրաստանի միջազգային մակարդակով ընդունված սահմանների: Իրողական այս անկախությունը նվիրականացավ, երբ Սահակաշվիլին որոշեց՝ «զարգանալ զիջելով» կարգախոսը վերածել արտաքին քաղաքականության հիմնական ուղղության: Ռուս-վրացական կարճատև պատերազմը և շրջանների կորուստը դեպի Արևմուտք կտրուկ շրջադարձի գինն էին, որը վճարեց Սահակաշվիլիի Վրաստանը: Ի գին հողային տարածքների կորստի (միշտ մնալով վրացական դիտակետի մոտեցումների սահմաններում) Թբիլիսին զարգացավ: Թվում է, որ անջատված և անկախացած տարածքների վերադարձի պահանջը առաջնային կարգով մաս չի կազմում արդեն պաշտոնական Թբիլիսիի արտաքին քաղաքականության:

«Զարգանալ զիջելով» կամ «առանց զիջելու» քաղաքական երկվությունը (դիլեման) անիրատեսական չէ, որ հնչի նաև Հայաստանի Հանրապետության համար: Մանավանդ թուրք-ադրբեջանական շրջափակման ենթարկված մեր երկրի համար։ Այս պատճառով էլ առնվազն պետք չէ շտապել վրացական օրինակից դասեր քաղելու և ըստ այնմ արտաքին քաղաքականության գերակա ուղղությունները ճշտելու համար:

Մեկնաբանել