Երևանում ոռոգելի է դարձել 70 հա կանաչ մակերես

Երևանը կանաչ տարածքներով համալրելու 2013թ. ծրագրի արդյունքում մայրաքաղաքի կանաչ մակերեսն ընդհանուր առմամբ կհասնի 850 հա-ի, հաղորդում են քաղաքապետարանի մամուլի ծառայությունից:

Ընդհանուր օգտագործման կանաչ տարածքների ավելացման ու կանաչապատման ոլորտում կայուն և շարունակական զարգացում ապահովելու նպատակով Երևանի քաղաքապետ Տարոն Մարգարյանի հանձնարարությամբ առանձնակի կարևորվել է նաև Երևանն անտառաշերտի բուֆերային գոտով շրջապատելու մոտեցումը: 2013թ. ծրագրերով այս ուղղությամբ աշխատանքներն արդեն մեկնարկել են: Տարեկան ծրագրով նախատեսված շուրջ 21 կմ ոռոգման նոր համակարգի անցկացմամբ ոռոգելի են դարձել «Փարոս» անտառպուրակի, «Հաղթանակ» զբոսայգու և Կոմիտասի անվան զբոսայգու տարածքները, որտեղ աշնանը նաև ծառատունկ է նախատեսվում: Ոռոգման ցանցի ընդլայնման 2013թ. ծրագրի շրջանակում շուրջ 70 հա կանաչ մակերես արդեն լիովին ոռոգելի է դարձել:

Մայրաքաղաքի բոլոր վարչական շրջաններում տարեսկզբից մեկնարկած աշխատանքների արդյունքում տնկվել է շուրջ 40 հազ. ծառ և թուփ, կրապատվել են 34 հազ. և ձևավորվել 16 հազ. տարբեր տեսակի ծառեր: Մայրաքաղաքի այգիներն ու պուրակները, սիզամարգերն ու բակային տարածքներն արդեն զարդարում են շուրջ 2 մլն բազմերանգ ծաղիկներ: Այդ թվում, տնկվել է շուրջ 300 հազ. վարդակակաչ և 12 հազ. վարդի թուփ: Արդյունքում մայրաքաղաքի ծաղկանոցների ընդհանուր տարածքն այս տարի կազմել է 6,8 հա, որը 1,1 հա-ով ավելի է 2012թ. ցուցանիշից:

Կանաչապատման ծրագրի շրջանակում ընդլայնվել է նաև սիզամարգերի ծավալը: Անցած ժամանակահատվածում ստեղծվել են շուրջ 4 հա նոր սիզամարգեր, թարմացվել են գոյություն ունեցող ևս 16 հա սիզամարգերը: Մայրաքաղաքի արտաքին տեսքի գեղեցկացմանն ուղղված աշխատանքների շրջանակում կանաչ տարածքներում և սիզամարգերում տեղադրվել են շուրջ 70 գեղարվեստական կոմպոզիցիաներ, դեռևս ընթացքի մեջ են ևս 20-ի տեղադրման աշխատանքները:

Մեկնաբանել