Գյումրիում կայացել է Արվեստների և արհեստների փառատոնը

Սեպտեմբերի 20-ին Գյումրին իր հարկի տակ էր հյուրընկալել Արվեստների և արհեստների փառատոնը, որը «Գյումրին 2013թ. ԱՊՀ մշակութային մայրաքաղաք» միջոցառումների ծրագրի մասն էր կազմում:

Ինչպես հաղորդում են ԱՄՆ Միջազգային զարգացման գործակալության մամուլի ծառայությունից, փառատոնին մասնակցել են տեղացի արհեստագործներ, դարբիններ, ոսկերիչներ, հյուսներ, խեցեգործներ, գորգագործներ, որոնք հնարավորություն են ունեցել ցուցադրելու ու վաճառելու իրենց աշխատանքները տեղացի և օտարերկրյա այցելուներին:

Գյումրիում կազմակերպված այս փառատոնը ներկայացրել է քաղաքի պատմամշակութային արժեքներն ու ավանդույթները: Այն նպատակ ուներ պահպանել քաղաքի երկարամյա մշակութային ինքնությունը և ցույց տալ զբոսաշրջային գրավչությունը` նպաստելով տեղական տնտեսության խթանմանը:
Արվեստների և քանդակների ցուցահանդեսներից բացիէ փառատոնի այցելուները հնարավորություն են ունեցել ունկնդրելու տեղական երաժիշտների, պարային համույթների և դերասանների կատարումները, ինչպես նաև համտեսելու Գյումրիի խոհանոցի յուրահատուկ ուտեստներ:

Փառատոնը կազմակերպել էր «Արենի Փառատոն» հիմնադրամը` էկոնոմիկայի, մշակույթի, տարածքային կառավարման նախարարությունների, ԱՄՆ ՄԶԳ Ձեռնարկությունների զարգացման և շուկայի մրցունակության ծրագրի և Հայաստանի համայնքների միության աջակցությամբ: Միջոցառման պաշտոնական բացմանը մասնակցել են էկոնոմիկայի նախարար Վահրամ Աթանեսյանը, Հայաստանում ԱՄՆ դեսպան Ջոն Հեֆերնը, ԱՄՆ ՄԶԳ հայաստանյան առաքելության տնօրեն Քարեն Հիլիարդը, Գյումրիի քաղաքապետ Սամվել Բալասանյանը և այլ պաշտոնական անձինք Գյումրիից և Երևանից, ինչպես նաև միջազգային կազմակերպությունների և զբոսաշրջության ոլորտի ներկայացուցիչներ:

Մեկնաբանել