Ալիևին չեմ աջակցի,անգամ եթե իմ դիակը դուրս բերեն. Իլգար Մամեդով

Սեպտեմբերի 20-ին Բաքվի վերաքննիչ դատարանը չի բավարարել ադրբեջանական ընդդիմադիր՝ «Հանրապետական այլընտրանք»՝ REAL շարժման առաջնորդ Իլգար Մամեդովի՝ Կենտրոնական ընտրական հանձնաժողովի կողմից իրեն նախագահի թեկնածու չգրանցման մասին հայցը, հաղորդում է «Ազատություն» ռադիոկայանի ադրբեջանական ծառայությունը:
Սեպտեմբերի 18-ին դատարանը Մամեդովի օգտին հավաքված 4500 ստորագրությունների կրկնակի փորձաքննություն էր նշանակել, քանի որ ԿԸՀ-ն դրանք կեղծ էր ճանաչել, ինչի հիման վրա էլ չէր գրանցել նրան որպես թեկնածու:
Կրկնակի փորձաքննությունն անցկացրել են արդարադատության նախարարության փորձագիտական կենտրոնի մասնագետները, որոնք հաստատել են ԿԸՀ՝ ստորագրությունների կեղծ լինելու որոշումը՝ 40 ստորագրության տարբերությամբ, որը սակայն կենտրոնի վերջնական որոշման վրա ազդեցություն չի ունեցել:
Մամեդովը չի ըդունում դատարանի որոշումը և մտադիր է այն բողոքարկել Գերագույն դատարանում:
Նա դատական նիստի ընթացքում սենսացիոն հայտարարություն է արել՝ ասելով, որ իրեն հետաքննչական մեկուսարանում առաջարկել են հանդես հայտարարությամբ՝ ի պաշտպանություն նախագահ Իլհամ Ալիևի՝ իրեն ազատ արձակելու դիմաց:
«Ես երբևէ հանդես չեմ գամ ի պաշտպանություն Ալիևի հայտարարությամբ, անգամ եթե իմ դիակը դուրս բերեն բանտից», -ասել է Մամեդովը:
Նա իր կողմնակիցներին կոչ է արել պաշտպանել ընդդիմադիր կուսակցություններին միավորող ժողովրդավարական ուժերի ազգային խորհրդի թեկնածու Ջամիլ Հասանլիին:
Հիշեցնենք, որ Մամեդովը ձերբակալվել է 2013թ. հունվարի 23-24-ը Ադրբեջանի Իսմայիլի քաղաքում անկարգությունների կազմակերպման մեղադրանքով: Մամեդովը նշել է, որ իր ձերբակալության և դրա ժամկետի երկարացման իրական պատճառը իրեն երկրի քաղաքական կյանքից մեկուսացնելն է:

Մեկնաբանել