Ադրբեջանական ընդդիմությունը ցույց է արել Բաքվում

Սեպտեմբերի 22-ին Բաքվում տեղի է ունեցել ընդդիմության ցույցը՝ հոկտմբերի 9-ին Ադրբեջանում կայանալիք նախագահական ընտրություններից առաջ:

«Ազատություն» ռադիոկայանի անգլալեզու կայքը հաղորդում է, որ ժողովրդավարական ուժերի Ազգային խորհրդի շուրջ 2 000 կողմնակիցներ այսօր հավաքվել են Բաքվի «Յասամալ» մարզադաշտի մոտ:

«Հոկտեմբերի 9-ի քվեարկությունը պայքար է մեր հայրենիքի, մեր ապագայի, մեր երեխաների և ամբողջ երկրի համար»,- հայտարարել է ընդդիմադիր Ադրբեջանի ազգային ճակատի նախագահ Ալի Քերմիլին: Իսկ Ազգային ճակատի փոխնախագահ Հասան Քարիմովն ասել է, որ ոստիկանությունը խոչընդոտել է իրենց շատ կողմնակիցների մասնակցությունը հանրահավաքին՝ փակելով մարզադաշտի մուտքերը և սահմանափակելով քաղաքացիների մուտքը:

Ադրբեջանի իշխանությունները որևէ պաշտոնական հայտարարությամբ հանդես չեն եկել:

Ցույցի մասնակիցները իշխանություններին մի շարք պահանջներ են ներկայացրել, այդ թվում՝ քաղբանտարկյալների ազատ արձակում և նախագահական թեկնածուների՝ ընտրողների հետ հանդիպելու նորմալ պայմանների ապահովում:

Ընդդիմադիրները նաև պահանջել են հրապարակել ընտրություններին մասնակցածների ամբողջական ցուցակը և նշել, որ երրորդ անգամ նախագահի պաշտոնում առաջադրվող Իլհամ Ալիևը պետք է դադարի ընտրություններում իր օգտին կառավարական ռեսուրսներն օգտագործել:

Ադրբեջանի նախագահական ընտրություններին, բացի գործող նախագահ Իլհամ Ալիևից, որն ամենայն հավանականությամբ իշխանությունը կպահի, մասնակցում է ևս ութ թեկնածու:

Ընդդիմության գլխավոր թեկնածուն Ջամիլ Հասանլին է, որը ժողովրդավարական կուսակցությունների Ազգային խորհրդի կողմից առաջադրված թեկնածուն է: Նա առաջադրվել է այն բանից հետո, երբ Արբեջանի ԿԸՀ-ն մերժեց օսկարակիր ռեժիսոր Ռուստամ Իբրահիմբեկովի թեկնածության գրանցումը՝ պատճառաբանելով նրա երկքաղաքացիությունը (ռուսական և ադրբեջանական):

Հասանլին այսօրվա հանրահավքին կոչ է արել Ադրբեջանը դնել ժողովրդավարական ճանապարհի վրա: «Ոչ ոք չի կարող մեր երկիրը դարձնել Հյուսիսային Կորեա»,- ասել է նա: