«Հարավկովկասյան երկաթուղու» բեռնափոխադրումները կրճատվել են

2013թ. հունվար-օգոստոսին «Հարավկովկասյան երկաթուղի» ՓԲԸ-ն փոխադրել է 2,05 մլն տ բեռ, ինչը 9,5%-ով զիջում է անցած տարվա նույն ժամանակահատվածի ցուցանիշին:

«Հարավկովկասյան երկաթուղու» տարածած հաղորդագրության համաձայն` արտահանման հաղորդակցությունում ՀԿԵ-ի բեռնափոխադրումների ծավալը 2013թ. հաշվետու ժամանակահատվածում կազմել է 311 հազ. տ` 1,9%-ով գերազանցելով անցյալ տարվա ցուցանիշը:

Ներմուծման հաղորդակցությունում փոխադրվել է 714,7 հազ. տոննա բեռ, ինչը 19,2%-ով զիջում է 2012թ. հունվար-օգոստոսի ցուցանիշին:

Իսկ տեղական հաղորդակցությունում բեռնափոխադրումների ծավալը կազմել է 1,024 մլն տ՝ նվազելով 4,8%-ով:

«ՀԿԵ» ՓԲԸ գլխավոր տնօրեն Վիկտոր Ռեբեցը ոլորտի համար պատասխանատու ղեկավարներին հանձնարարել է ուսումնասիրել իրավիճակը և մշակել բեռնափոխադրումների աճի ապահովմանն ուղղված միջոցառումների ցանկ: Ինչպես ընդգծել է Վիկտոր Ռեբեցը, անհրաժեշտ է օպերատիվ համագործակցել և արդյունավետ երկխոսություն հաստատել բեռնափոխադրողների հետ, բարձրացնել մատուցվող ծառայությունների որակն ու մակարդակը:

Մեկնաբանել