Սիրիայում 11 իսլամիստական խմբավորում չի ճանաչում Ազգային կոալիցիան

Սիրիայում 11 իսլամիստական խմբավորումներ հանդես են եկել համատեղ հայտարարությամբ, որում նշել են, որ չեն ճանաչում ընդդիմադիր հիմնական դաշինքը՝ Սիրիական հեղափոխական և ընդդիմադիր ուժերի ազգային կոալիցիան և Ահմեդ Թոմեհի գլխավորած անցումային կառավարությունը, հաղորդում է BBC-ն։

Ապստամբների խոսքով՝ Սիրիայի նախագահ Բաշար ալ Ասադին ընդդիմադիր կազմակերպությունները, որոնք գործում են արտասահմանում, չեն համակարգում իրենց և չեն ներկայացնում իրենց շահերը։

«Արտասահմանում ձևավորված բոլոր խմբավորումները, որոնք չեն վերադարձել երկիր, մեզ չեն ներկայացնում»,- ասված է համատեղ հայտարարությունում։

Նրանում կոչ է արվում նաև Սիրիայի տարածքում հետևել շարիաթի կանոններին։

Հայտարարությունը ստորագրած ամենախոշոր խմբավորումը «Ալ Կաիդայի» հետ կապեր ունեցող «Ջաբհաթ ան Նուսրան» է։ Ստորագրածների թվում կան նաև ընդդիմադիր Սիրիայի ազատ բանակի անդամներ։

Բեյրութում BBC-ի թղթակից Քևին Քոնոլին նշում է, որ այս համատեղ հայտարարությունը երկու աճող միտում է արտացոլում։

Մեկը նախագահ Բաշար ալ Ասադի դեմ պայքարողների կոալիցիայում իսլամիստական ապստամբ շարժումների ազդեցության ուժեղացումն է, մյուսը՝ որոշ այլ խմբավորումների՝ ներառյալ Սիրիայի ազատ բանակի անդամների, «իսլամականացումը»։

Սիրիական հեղափոխական և ընդդիմադիր ուժերի ազգային կոալիցիան ստեղծվել է 2012թ․ նոյեմբերին Կատարում և ավելի քան 100 երկրի կողմից ճանաչված է որպես սիրիական ընդդիմության օրինական ներկայացուցիչ։

Հիշեցնենք, որ Սիրիան 2011թ․ մարտից ներքաղաքական ճգնաժամում է։ Երկրի ընդդիմությունը պահանջում է Սիրիայի նախագահ Բաշար ալ Ասադի պաշտոնաթողությունը՝ կառավարական ուժերին մեղադրելով խաղաղ բնակչության նկատմամբ զանգվածային բռնությունների իրագործման մեջ։ Պաշտոնական Դամասկոսը վստահեցնում է, որ ժողովրդավարական կարգախոսների քողի ներքո երկրում գործում են «զինված ահաբեկչական խմբավորումներ»։ Համաձայն ՄԱԿ-ի տվյալների՝ հակամարտության սկզբից ի վեր Սիրիայում զոհվել է ավելի քան 100 հազ․ մարդ, փախստական է 2 մլն սիրիացի, ևս 4 մլն սիրիացի համարվում է ներքին տեղահանված։