Կառավարությունը մշակում է ծրագիր, որն ուղղված է պետական համակարգի աշխատակիցների համար մատչելի բնակարաների ապահովմանը: Այս մասին կառավարության սեպտեմբերի 26-ի նիստին հայտարարեց վարչապետ Տիգրան Սարգսյանը:
Նա նշեց, որ գործադիրը կդիմի Երևանի քաղաքապետարանին, որպեսզի վերջինս տարածքներ հատկացնի կառուցապատողներին` պետական ծառայողների համար բնակարաններ կառուցելու համար: Դրանք պետական համակարգի աշխատակիցներին կտրվեն հիփոթեքային վարկերով:
Վարչապետն ընդգծեց, որ հիփոթեքային վարկերով պահանջվող կանխավճարի մասով կտրամադրեն պետական երաշխիքներ:
Տիգրան Սարգսյանը նաև վստահություն հայտնեց, որ այս քայլը որակական փոփոխություններ կմտցնի շինարարության ոլորտ: Նրա խոսքով` եթե այսօր մեկ քառակուսի շինարարության ինքնարժեքը կազմում է 800 դոլար, ապա կառավարությունը կառուցապատողներին կառաջարկի կիրառել էկոնոմ կլասի տեխնոլոգիաներ, ինչը թույլ կտա նվազեցնել բնակարանների գները:
Ըստ վարչապետի` ծրագրի մշակումը պետք է ավարտվի մեկ ամսում. այս ընթացքում պետք է հստակեցվի ծրագրին մասնակցել ցանկացողների թիվը, ինչպես նաև հարցը ներկայացավի Ազգային ժողով` հասկանալու, թե որքան միջոցներ կպահանջվեն նշյալ բնակարանների ձեռքբերման համար անհրաժեշտ երաշխիքների տրամադրման համար: