Սերժ Սարգսյանը՝ պայքարի միակ թիրախ

Ավտորիտար ռեժիմի առանձնահատկություններից մեկը այն է, որ իշխանությունը կենտրոնացած է լինում մեկ անձի կամ խմբի ձեռքում, որն էլ իրացնում է ամբողջ իշխանությունը տվյալ երկրի տարածքում: Իր ձեռքում կենտրոնացնելով օրենսդիր, գործադիր և դատական իշխանությունը՝ այդ խումբը կամ անձը չարաշահում է իշխանությունը և իրականացնում երկրի ռեսուրսների կառավարում:

Ընդհանուր առմամբ՝ ավտորիտար ռեժիմները համարվում են չափազանց հիերարխիկ, և կառավարումն ընթանում է միայն վերևից ներքև սկզբունքով: Այդպիսի ռեժիմի պարագայում իշխանության թևերից որևէ մեկը չի կարող անկախ գործել, և ենթարկվում է իշխող խմբին կամ անձին: Իշխանության որևէ թևում առաջացող խնդիրները ուղղակի կապված են ռեժիմը ղեկավարողի կամ ղեկավարողների հետ: Ավտորիտար ռեժիմների առանձնահատկությունը նաև այն է, որ դրանք իշխանությունը պահելու և վերարտադրվելու համար օգտագործում են գոյություն ունեցող բոլոր ռեսուրսները՝ խախտելով արդարության բոլոր սկզբունքները:

Քանի որ իշխանությունն իրացվում է մեկ կենտրոնից, կառավարման հետ կապված բոլոր խնդիրների պատճառն էլ դառնում է այդ կենտրոնը, քանի որ գրեթե բոլոր որոշումների կայացնողը հենց այդ կենտրոնն է:

Հայաստանը ևս ավտորիտար ռեժիմ ունեցող երկիր է: Իշխանությունը ամբողջովին կենտրոնացած է Բաղրամյան 26-ում: Օրենսդիր, գործադիր և դատական մարմինների վերահսկողությունը ամբողջությամբ գտնվում է Սերժ Սարգսյանի վերահսկողության ներքո: Իշխանության թևերից որևէ մեկը առանց նրա թույլտվության չի կարող ինքնուրույն քայլ կատարել:

Հենց Սերժ Սարգսյանն էլ իշխանական բոլոր թևերի գործած սխալների ուղղակի պատասխանատուն է, քանի որ վերջիններս գործում են նրա վերահսկողության ներքո: Հայաստանում տեղի ունեցող բոլոր անօրինականությունների ու անպատժելիության ուղղակի պատասխանատուն հենց Սերժ Սարգսյանն է, քանի որ նրա թույլտվությամբ է միայն համակարգը ընտրական արդարադատություն իրականացնում քաղաքացիների նկատմամբ: Դրա վերջին վառ օրինակը Սյունիքի մարզպետ Սուրիկ Խաչատրյանի որդու ազատ արձակումն է, որը միանշանակ տեղի է ունեցել նրա թույլտվությամբ: Եվ որպես փոխհատուցում Սերժ Սարգսյանը այդ գործում մեծ դերակատարություն ունեցած զինվորական դատախազ Գևորգ Կոստանյանին առաջադրել է գլխավոր դատախազի պաշտոնում: Վերջերս քաղաքացիական ակտիվիստների նկատմամբ իրականացված բռնությունները ևս կատարվել են իշխանության թույլտվությամբ, և դրա համար պատասխանատուն ևս Բաղրամյան 26-ն է: Հայաստանում չի կարող շարունակական որևէ բան տեղի ունենալ, որի մասին իշխանության բուրգի վերևում կանգնած անձը մանրամասն ինֆորմացիա չունենա:

Հայաստանում գոյություն ունեցող կարևոր խնդիրների գլխավոր պատասխանատուն Սերժ Սարգսյանն է: Այդ իսկ պատճառով Հայաստանում որևէ մեկը, եթե ուզում է պայքարի երկիրը ավտորիտար ռեժիմից ազատելու և անարդարությունները կրճատելու համար, առաջնահերթ պետք է պայքարի Սերժ Սարգսյանի դեմ, քանի որ նա է ռեժիմի գլուխը և երկրի համար խնդիրներ ստեղծողը: Պայքարի ցանկացած այլ թիրախ անարդյունավետ է, քանի որ այդ պայքարը կարող է շեղել կարևոր խնդրից և շեղել երկիրը ժողովրդավարացման ճանապարհից: Սերժ Սարգսյանը եղել և մնում է Հայաստանի զարգացման և ժողովրդավարցման գլխավոր խոչընդոտը: Եվ այդ նպատակների համար պայքարողների միակ թիրախը պետք է լինի Սերժ Սարգսյանը, ցանկացած այլ թիրախ վերը նշված նպատակներից շեղում է:

Արմեն Գրիգորյան

Մեկնաբանել