Ընտրապայքարի մարտահրավերները նավթով հարուստ երկրում. Washington Post

Լուսանկարը՝ Washington Post-ի

Washington Post հեղինակավոր պարբերականն անդրադարձել է հոկտեմբերի 9-ին Ադրբեջանում կայանալիք նախագահական ընտրություններին: «Ընտրապայքարի մարտահրավերները նավթով հարուստ երկրում. Ադրբեջանի նախընտրական զեկույցը» վերնագրով հոդվածի հեղինակները, վերլուծելով Ադրբեջանում նախընտրական մթնոլորտը, եկել են եզրահանգման, որ ընտրությունների արդյունքներն արդեն կանխորոշված են: Հոդվածը թարգմանաբար և որոշ կրճատումներով ներկայացված է ստորև.

«Հոկտեմբերի 9-ին ադրբեջանցիները գնալու են քվեարկության վախի և ապատիայի մթնոլորտում», – գրել է Washington Post պարբերականը՝ հավելելով, որ չնայած տարեսկզբին Ադրբեջանում ժողովրդական բողոքի նշաններին, որոնք նշանավորվեցին ցույցերով Բաքվում և Իսմայիլիայում, կոռուպցիայի և իշխանության չարաշահումների հետ անհամաձայնության այս արտահայտությունները չվերաճեցին ժողովրդական մոբիլիզացված շարժման: ­

Ինչպես գրել է Washington Post-ը, բազմաթիվ փորձագետներ առաջիկա ընտրություններում կանխատեսում են ներկայիս նախագահ Իլհամ Ալիևի հաղթանակը, որը իշխանության ղեկի մոտ է արդեն 10 տարի: Ընտրվելու դեպքում Իլհամ Ալիևը կպաշտոնավարի երրորդ ժամկետն անընդմեջ, ինչը հնարավոր է դարձել 2009թ. արված սահմանադրական վիճահարույց փոփոխության արդյունքում:

«Ալիևի վերընտրությունը գրեթե կանխորոշված է դառնում՝ հաշվի առնելով ներկայիս ռեժիմի ռեսուրսները, նախընտրական գործընթացի ոչ մրցակցային բնույթը, վարչակարգի քննադատների դեմ ռեպրեսիաներն ու սպառնալիքները», – գրել է ամերիկյան պարբերականը:

Ադրբեջանը, ըստ հոդվածագիրների, նախկին խորհրդային ամենաավտորիտար պետություններից է. այստեղ մոլեգնում է կոռուպցիան, և այն ներթափանցել է հասարակական կյանքի բոլոր ոլորտները:

Պարբերականը նաև անդրադառնում է Ադրբեջանում ինքնաարտահայտման իրավունքի զգալի սահմանափակմանը՝ արձանագրելով, որ 2012-ի կեսերից ազատազրկվել են տասնյակ ակտիվիստներ և լրագրողներ:

«Իսկ թե ինչո՞վ են այս տարվա ընտրությունները տարբերվելու նախորդներից» հարցադրմանը ամերիկյան պարբերականը պատասխանել է, որ գործոնները երկուսն են՝ ընդդիմության միասնությունն ու միասնական թեկնածուն՝ ի դեմս Ջամիլ Հասանլիի, և սոցիալական մեդիան:

«Նոր կոալիցիան միավորել է կուսակցությունների և գործիչների լայն շրջանակ. սա ուշագրավ է այնքանով, որ նախկինում նախընտրական դաշինքները տևական չէին: Ինչ վերաբերում է սոցիալական մեդիային, ապա այն սկսել է ավելի մեծ դեր խաղալ տեղեկատվության տարածման հարցում», – ասված է Washington Post-ի հոդվածում:

«Ակնկալվում է, որ Իլհամ Ալիևը կհաղթի մեծ տարբերությամբ: 95% ձայներով հաղթանակը կլինի շատ ակնհայտ և ռիսկային: Թերևս 80%-ից ավելի ձայներ կարելի է ակնկալել, քանի որ 80%-ից ցածր արդյունքը կվկայի, որ Ալիևը պակաս ժողովրդականություն է վայելում՝ 2008-ի ընտրությունների համեմատ, երբ նա հավաքել էր ձայների 90%-ը», – գրել է Washington Post-ը:

Մեկնաբանել