Վրաստանի նոր վարչապետի անունը հայտնի կդառնա հոկտեմբերի 29-ին կամ 30-ին. Իվանիշվիլի

Ես որևէ տեղ չեմ գնում, գալիս եմ: Այսպիսի հայտարարություն է արել Վրաստանի վարչապետ Բիձինա Իվանիշվիլին «Կավկասիա» հեռուստաալիքի եթերում՝ մեկնաբանելով իր անցումը քաղաքականությունից քաղաքացիական ոլորտ, փոխանցում է « Գրուզիա օնլայնը»:

Նրա խոսքով՝ ինքը քաղաքացիական սեկտորի զարգացման 20-ամյա ծրագիր ունի, քանի որ այս ոլորտում ևս բազմաթիվ խնդիրներ կան:
Ամփոփելով իր թիմի մեկամյա գործունեությունը՝ Իվանիշվիլին նշել է, որ իրենց հաջողվել է անել անհնարինը: «Ես կարծում եմ, որ խոստումները, որոնք հնարավոր էր մեկ տարում իրականացնել, կյանքի են կոչվել, անգամ գերակատարվել են, ընդ որում՝ իմ սպասվածի համեմատ՝ շատ ավելի արագ», -ասել է Իվանիշվիլին:

Իվանիշվիլին վարչապետի նոր թեկնածուին կներկայացնի հոկտեմբերի 29-ին կամ 30-ին: Իվանիշվիլիի խոսքով՝ նոր վարչապետն իրենից ավելի «արդյունավետ» կլինի:

«Նրա աշխատանքը ուղղված կլինի միայն կառավարությանը, նախարարներին ու առավել արդյունավետ կլինի», -ասել է Իվանիշվիլին՝ չբացառելով այս պաշատոնում էկոնոմիկայի և կայուն զարգացման ներկայիս նախարար Գիորգի Կվիրիկաշվիլիի նշանակման հավանականությունը:

Մեկնաբանել