Տրանսպորտի գնի քննարկում՝ Երևանի քաղաքապետարանում

Երևանի քաղաքապետարանի տրանսպորտի սակագնի հարցերով նորաստեղծ հանձնաժողովը հոկտեմբերի 25-ին անցկացրեց երկրորդ նիստը։ Թեև ակնկալվում էր, որ այսօրվա նիստի ընթացքում պետք է քննարկվի տրանսպորտի սակագնի հարցը, սակայն դա այդպես էլ տեղի չունեցավ։ Փոխարենը՝ փոխքաղաքապետ Վահե Նիկոյանը ներկայացրեց նախորդ՝ սեպտեմբերի 27-ի նիստի ընթացքում սահմանված չափորոշիչների հաշվարկները։ Օրինակ, թե տրանսպորտային փոխադրամիջոցի վառելիքի ամսական ծախսը որքան է կազմում և այլն։ Նիստի ընթացքում ներկայացված բոլոր հաշվարկներին հանձնաժողովի անդամները կողմ քվերակեցին։ Չնայած դրան, «Իրազեկ և պաշտպանված սպառող» հկ-ի ղեկավար Բաբկեն Պիպոյանը չհամաձայնեց ներկայացված ծախսերին և ներկայացրեց մայրաքաղաքում և նրանից դուրս գտնվող գազալցակայններում կատարած ուսումնասիրության արդյունքները, որոնք էականորեն տարբերվում էին քաղաքապետարանի ներկայացրածից։ Գազի գները, Պիպոյանի ուսումնասիրության մեջ, շուրջ 30-40 դրամով ավելի էժան էին։

Հայաստանի փոխադրող ընկերությունների նախագահ Հրանտ Եղիազարյանն էլ ներկայացրեց իր առարկությունը՝ նշելով, որ քաղաքապետարանի վառելիքի հաշվարկի համար ընդունած 25 օրը իրատեսական չէ, ավելի ընդունելի է 24-ը։ Փոխքաղաքապետը խոստացավ անդրադառնալ այս հարցերին մյուս նիստերի ընթացքում։

Նիստում առաջարկ եղավ նաև հանրայնացնել այս հաշվարկ-հիմնավորումները, որպեսզի հանրությունը ևս մասնակցի քննարկումներին և հնարավորություն ունենա հանդես գալ առաջարկություններով։

Երևանի քաղաքապետարանը որոշում էր ընդունել հուլիսի 20-ից բարձրացնել հանրային տրանսպորտի ուղեվարձը՝ 100-ից մինչև 150 դրամ։ Քաղաքացիների զանգվածային դժգոհությունները Երևանի քաղաքապետ Տարոն Մարգարյանին ստիպեցին վերանայել որոշումը և վերադառնալ հին ուղեվարձին՝ 100 դրամ:

Երևանի ուղևորափոխադրող ընկերությունները կրկին դիմել են քաղաքապետարան՝ տրանսպորտի ուղեվարձի թանկացման հայցով:

Մեկնաբանել