«Եվրամայդանին» միլիոնավոր գրիվնաներ են նվիրաբերել

Կիևում «Եվրամայդանը» մի քանի շաբաթվա ընթացքում մոտ 3 մլն գրիվնայի ($360 հազ.) նվիրատվություն է հավաքել: Այսպիսի տվյալներ է ներկայացրել Kyiv Post պարբերականը:

Գումարների հավաքագրումն իրականացվում է մասնավորապես Արհմիությունների տանը, որը զբաղեցրել են ընդդիմության կողմնակիցները: Ընդդիմադիր պատգամավոր Ստեփան Կուբիվի խոսքով՝ օրական այնտեղ հավաքվում է 100-500 հազ. գրիվնա (մինչև $60 հազ.): Հիմնականում խոսքը կանխիկ գումարի մասին է:

Բացի այդ՝ նվիրատվություններ են ընդունվում ինտերնետում՝ «Մեծ գաղափար» հարթակում: Ի աջակցություն «Եվրամայդանի»՝ այնտեղ հավաքվել է ավելի քան 260 հազ. գրիվնա (մոտ $30 հազ.):

Գումարներն օգտագործվել են վրաններ և սննդամթերք գնելու, քարոզչական նյութեր պատրաստելու համար: Ցուցարարներին ցրելու համար իշխանությունների կողմից հատուկ ջոկատների օգտագործումից հետո նվիրատվությունների հաշվին սկսել են գնել նաև դեղորայք:

Գումարից բացի՝ «Եվրամայդանը» ստանում է նաև օգնություն սննդամթերքի տեսքով: Պարբերականի տեղեկատվության համաձայն՝ցուցարարներն ամեն օր տոննաներով ուտելիք են ստանում: Պատգամավոր Կուբիվը պատմել է, որ որոշ գործարարներ, օրինակ, ցուցարարներին ապահովել են պիցցայով՝ նվիրաբերելով մոտ 800 բաժին:

Կիևում և Ուկրաինայի մի շարք այլ քաղաքներում եվրաինտեգրման աջակցությամբ բողոքի ակցիաներն ու ցույցերը սկսվել են նոյեմբերի 21-ին, երբ երկրի կառավարությունն ընդունեց ԵՄ-ի հետ Ասոցացման մասին համաձայնագրի ստորագրման նախապատրաստումը դադարեցնելու որոշումը։

Լույս դեկտեմբերի 11-ին մի քանի հազար հատուկջոկատայիններ և Ուկրաինայի ներքին զորքերի զինծառայողներ ճեղքել էին ցուցարարների բարիկադները Ինստիտուտսկայա փողոցում՝ Կիևի կենտրոնում: Ներքին զորքերն ու «Բերկուտ» հատուկ ստորաբաժանումները նաև մտել էին Անկախության հրապարակում ընդդիմության «վրանային քաղաքի» տարածք։ Սակայն «Եվրամայդան» անունը ստացած բողոքի ակցիայի մասնակիցներին հատուկջոկատայինները ձեռք չէին տվել։

Դրանից հետո Կիևի տարբեր հատվածներում շարունակվել էին բախումները միլիցիայի և ցուցարարների միջև։

Դեկտեմբերի 11-ի կեսօրին մոտ ոստիկանությունն ամբողջությամբ լքել էր Անկախության հրապարակը, մարդիկ կրկին բարիկադներ էին կառուցել։

Մեկնաբանել