«Դ!եմ եմ»-ի երթը մեկնարկել է

Կրթության և գիտության նախարարության շենքի առջև փետրվարի 6-ին` ժամը 12:00-ից մեկնարկել է «Դ!եմ եմ» քաղաքացիական նախաձեռնության «իրավունքի նվաճման երթը»` ընդդեմ պարտադիր կուտակային կենսաթոշակային համակարգի:

Երթին միացել են նաև Ազգային ժողովի չորս խմբակցությունների` «Բարգավաճ Հայաստանի», «Ժառանգության», Հայ հեղափոխական դաշնակցության, Հայ ազգային կոնգրեսի» ներկայացուցիչները: Երթի մասնակիցներին միացել է նաև «Ժառանգություն» կուսակցության ղեկավար Րաֆֆի Հովհաննիսյանը:

Ակցիայի մասնակիցներն իրենց ձեռքում ունեն պաստառներ` «Դ!եմ եմ պարտադիրին» գրությամբ: Նրանք ծածանում են «Դ!եմ եմ» նախաձեռնության դրոշակները և վանկարկում «Հաղթանակ», «Արդարություն», «Միացում»:

Նրանք կոչ են անում գործատուներին պահումներ չանել իրենց աշխատողների աշխատավարձերից և չհարկադրել աշխատողներին ֆոնդ ընտրել:

Ակցիայի մասնակիցները շարժվելու են հետևյալ երթուղով` Հանրապետության փողոց, կառավարության շենք, Իտալիայի փողոց, Կենտրոնական բանկ, քաղաքապետարան, Խորենացու փողոց, Պետեկամուտների կոմիտե:

Դեկտեմբերի 4-ին Ազգային ժողովը դեմ քվեարկեց կուտակային կենսաթոշակային համակարգի պարտադիր բաղադրիչի կիրառումը մեկ տարով հետաձգելու առաջարկությանը:

Դեկտեմբերի 5-ին էլ «Դեմ եմ ՀՀ պարտադիր կուտակային կենսաթոշակային համակարգին» նախաձեռնությունը Մարզահամերգային համալիրի մոտից մեքենաներով բողոքի երթ-ակցիա կազմակերպեց կենսաթոշակային պարտադիր վճարների դեմ: Դեկտեմբերի 17-ին «Ընդդեմ կենսաթոշակային պարտադիր վճարների»-ն և ԱԺ չորս խմբակցությունների ներկայացուցիչները Ազատության հրապարակից երթ նախաձեռնեցին դեպի Սահմանադրական դատարան և հանձնեցին իրենց հայտարարությունը: Հունվարի 18-ին նախաձեռնության անդամները ԱԺ չորս խմբակցությունների հետ հավաք-երթ անցկացրին, որին մասնակցեցին շուրջ 7 հազ. քաղաքացի: Սահմանադրական դատարանը մինչև մարտի 28-ը կասեցրել է 2014թ. հունվարի 1-ից ուժի մեջ մտած «Կուտակային կենսաթոշակների մասին» ՀՀ օրենքի 76-րդ հոդվածի և 86-րդ հոդվածի 3-րդ մասի գործողությունը:

Նոր կենսաթոշակային համակարգի շահառուները կլինեն 1974թ. հետո ծնված քաղաքացիները: Կենսաթոշակային համակարգի մասնակիցների գումարները կուտակվելու են կենսաթոշակաին ֆոնդում, որը կառավարվելու է ֆոնդի կառավարիչների միջոցով:

Այն քաղաքացիները, որոնց աշխատավարձը չի գերազանցում 500 հազ. դրամը, կենսաթոշակ կկուտակեն իրենց աշխատավարձի 5%-ի չափով. պետությունը, իր հերթին, փոխանցում կկատարի 5%-ի չափով: Այն քաղաքացիներին, որոնց աշխատավարձը գերազանցում է 500 հազ., պետությունը կփոխանցի 25 հազ. դրամ, իսկ քաղաքացին յուրաքանչյուր ամիս կկուտակի այնքան, որ իր և պետության կուտակումը կազմի աշխատավարձի 10%-ը: