Անկարան չի կոդավորում Ցեղասպանությամբ զբաղվող մասնագետներին. Թուրքիայի փոխվարչապետ

Թուրքիայի փոխվարչապետ Բյուլենթ Արընչը հերքել է լուրերը, թե Հայոց ցեղասպանության վերաբերյալ գիտական ուսումնասիրություններ կատարողները կոդավորվում են Թուրքիայի պատմագիտական ընկերության կողմից, հաղորդում է թուրքական Sabah-ը:

Արընչն ասել է, որ շարունակվում են Թուրքիայի պատմագիտական ընկերության գլխավորությամբ իրականացվող հայ-թուրքական հարաբերությունների պատմությանը նվիրված ժողովածուի կազմման աշխատանքները: «Աշխատությունը, որը լինելու է բազմահատոր և տարբեր տեսանկյուններից քննելու է հայ-թուրքական հարաբերությունները, իրականացվելու է մի շարք ակադեմիականների կողմից»,- ասել է Թուրքիայի փոխվարչապետը:

Արընչն ասել է, որ իրենք հատուկ հայտարարություն են տարածել, թե տեղի և օտարերկրացի ցանկացած ուսումնասիրող կարող է մասնակցել ժողովածուի կազմմանը: Նա հիմնավորել է, որ հենց այս պատճառով էլ պետք են հայկական խնդիրներով զբաղվողների տվյալները, և «դա ամենևին էլ կոդավորում չի նշանակում»:

2013թ. դեկտեմբերին Ստամբուլում լույս տեսնող «Ակօսը» գրել էր, թե Թուրքական պատմագիտական ընկերությունը և Թուրքիայի կրթական բարձրագույն խորհուրդը կրթական բոլոր հաստատություններից պահանջել են հայկական հարցով զբաղվող դասախոսների, ուսանողների անունները, նրանց ուսումնասիրության թեմաների վերնագրերը, ինչպես նաև կոնտակտային տվյալները:

Մեկնաբանել