Արտգործնախարարն ընդունել է Չինաստանի կոմկուսի պատվիրակությանը

Արտաքին գործերի նախարար Էդվարդ Նալբանդյանն փետրվարի 14-ին ընդունել է Չինաստանի Ժողովրդական Հանրապետության Կոմունիստական կուսակցության պատվիրակությանը՝ կուսակցության Կենտկոմի միջազգային բաժնի վարիչի տեղակալ Չժոու Լիի գլխավորությամբ, հաղորդում են ԱԳՆ մամուլի ծառայությունից:
Ողջունելով պատվիրակությանը` նախարար Նալբանդյանը գոհունակությամբ նշել է, որ երկու երկրների ղեկավարների միջև ձեռք բերված պայմանավորվածությունների համաձայն համատեղ ջանքերով տարբեր ոլորտներում հայ-չինական համագործակցությունը տարեցտարի ընդլայնվում և ամրապնդվում է։
Շնորհակալություն հայտնելով ընդունելության համար՝ Չինաստանի Կոմկուսի պատվիրակության ղեկավարը Էդվարդ Նալբանդյանին փոխանցել է Չինաստանի ԱԳ նախարար Վան Յիի ողջույններն ու բարեմաղթանքները և ընդգծել, որ Չինաստանի Կոմունիստական կուսակցության պատվիրակության այցելության նպատակն է առավել խորացնել միջպետական և միջկուսակցական ակտիվ փոխգործակցությունը։
Էդվարդ Նալբանդյանն ու Չժոու Լին նշել են, որ երկու երկրների դիրքորոշումները համընկնում կամ մոտ են միջազգային խնդիրների մեծամասնության շուրջ և դրան նպաստում է ակտիվ բարձրաստիճան քաղաքական երկխոսությունը։ Չժոու Լին ընդգծել է, որ Չինաստանը բարձր է գնահատում Հայաստանի ավանդական` «Մեկ Չինաստանի» վերաբերյալ դիրքորոշումը:
Նախարար Նալբանդյանը հյուրերին ներկայացրել է տարածաշրջանային խնդիրների վերաբերյալ Հայաստանի մոտեցումները։ Այդ համատեքստում Չժոու Լին ընդգծել է, որ Չինաստանը աջակցում է ղարաբաղյան հիմնախնդրի խաղաղ կարգավորմանն ուղղված Հայաստանի ջանքերին։
Զրույցի ընթացքում քննարկվել են Հայաստանի և Չինաստանի միջազգային կազմակերպություններում համագործակցության սերտացման, ապակենտրոնացված փոխգործակցության, առևտրատնտեսական հարաբերությունների խորացման, գիտակրթական և մշակութային կապերի զարգացմանն առնչվող մի շարք հարցեր:
Նախարար Նալբանդյանը երախտագիտությամբ հիշատակել է Հայաստանին անկախությունից ի վեր Չինաստանի կողմից ցուցաբերվող տեխնիկական աջակցությունը։
Կրթական փոխգործակցության ընդլայնման համատեքստում կարևորվել է Հայաստանի և Չինաստանի նախագահների պայմանավորվածության համաձայն Երևանում չինական դպրոցի հիմնադրումը, ինչպես նաև Չինաստանի և Հայաստանի ԲՈւՀ-երում միմյանց ուսանողների ուսուցումը։ Հատուկ ընդգծվել է Կոնֆուցիոսի ինստիտուտի արդյունավետ գործունեությունը Հայաստանում։
Էդվարդ Նալբանդյանը խնդրել է իր բարեմաղթանքները փոխանցել չինացի գործընկերոջը՝ նախարար Վան Յիին։

Մեկնաբանել