Ուժերի հավասարակշռությունը` խաղաղության միակ երաշխիք

ԽՍՀՄ փլուզումից հետո միջազգային հարաբերությունների լիբերալ տեսաբանները կարծում էին, որ միջազգային հարաբերություններում սկզբունքային փոփոխություն է տեղի ունեցել։ Նրանք պնդում էին, որ հիմնական պատերազմները ավարտվել են, և աշխարհը կապրի խաղաղության մեջ։ Իրականում փորձը ցույց տվեց, որ ուժերի բալանսի խախտման պատճառով նոր պատերազմներ առաջացան հետխորհրդային տարածքում:

Խորհրդային Միության փլուզման պատճառով սկսվեց նաև հարավսլավական պատերազմը, որը շարունակվեց մինչև 2001-ը։ Այս պատերազմները տեսաբանների լիբերալ թևը համարում էր փոքր պատերազմներ։ Կարճ ժամանակ հետո սկսվեցին Իրաքի, Աֆղանստանի պատերազմները, որոնց հիմնական պատճառն այն իրավիճակն էր, որ ԱՄՆ-ն աշխարհում միակ գերտերությունն էր: Նա կարողացել է իր հզորության միջոցով իր կամքը պարտադրել աշխարհին։

2008թ. ռուս-վրացական պատերազմը ևս հաստատեց, որ համաշխարհային խաղաղության մասին պնդումները իրականությանը չեն համապատասխանում։ Իրականում միջազգային հարաբերությունները միշտ էլ անարխիկ են եղել։ Եվ եթե աշխարհում որևիցե փուլում խաղաղություն է տիրել, ապա դա եղել է ուժերի հավասարակշռության պատճառով։ Երբ խախտվել է հավասարակաշռությունը, այդ ժամանակ էլ պատերազմ է սկսվել:

ԽՍՀՄ-ի փլուզումից հետո Եվրոպայում մտածում էին, որ պետք չէ պատերազմների նախապատրաստվել, քանի որ հիմնական պատերազմները ավարտվել էին: Նաև կարծիք կար, որ Եվրոպայի տարածքին մոտ պատերազմի սպառնալիք չկա։ Սակայն կարճ ժամանակում Բալկանները վերածվեց ռազմադաշտի, և երկար ժամանակ Եվրոպան որևիցե բան չէր կարողանում կատարել Բալկաններում սկսված պատերազմներին վերջ տալու համար։ Միայն ԱՄՆ-ի միջամտությունից հետո հնարավոր եղավ կանգնեցնել պատերազմը Բալկաններում:

Ռուսաստանի կողմից զորք մտցնելը Ղրիմ ևս ցույց տվեց, որ խաղաղության երաշխավորը ուժերի հավասարակշռությունն է, որի խախտումը պատերազմի առաջացման պատճառ է լինում: Ղրիմի ճգնաժամը նոր պատերազմի սպառնալիք է Եվրոպայի համար, սակայն վերջիններս Ռուսաստանին հակազդելու ռեսուրս չունեն։

1994թ. Արևմուտքը համոզեց Ուկրաինային հանձնել ատոմային զենքը և անվտանգության երաշխիքներ տվեց, սակայն այսօր, երբ ռուսական զորքը գտնվում է Ուկրաինայի տարածքում, որևիցե պետություն շոշափելի քայլեր չի ձեռնարկում, որպեսզի չեզոքացնի Ուկրաինայի համար ստեղծված վտանգը։ Հենց ռազմական պոտենցիալից հրաժարվելու պատճառով Ուկրաինան այսօր չի կարող պաշտպանել իր տարածքային ամբողջականությունը։

Պատմական փորձը ցույց է տալիս, որ պետության անվտանգության իրական երաշխիքը սեփական ռազմական պոտենցիալն է և դրա հավասարակշռությունը այլ պետությունների ռազմական պոտենցիալի հետ։ Հենց խախտվում է հավասարակշռությունը, պետությունները գնում են պատերազմի։

Մինչ օրս Նիկոլո Մաքիավելիի նկարագրած աշխարհը շատ բանով չի փոխվել։ Փաստաթղթերի կամ պայմանավորվածությունների միջոցով հնարավոր չէ հասնել խաղաղության։ Խաղաղության միակ երաշխիքը ուժերի հավասարակշռությունն է։

Մեկնաբանել