«Նավոդչիկ» Խոսրովը

«Օլիգարխները լրագրողներն են»,- ԱԺ-ում հայտարարել է Խոսրով Հարությունյանը՝ ՀՀԿ խմբակցությունից: Ես ենթադրում էի, որ դա նույնը չէ, ինչ լրագրողներին ուղղված Հովիկ Աբրահամյանի «հաստավիզը»: Բայց Խոսրովը խրոխտաբար լրագրողներին անվանեց նաև սափրագլուխ: Էս մարդը, երբ ԱԺ նախագահ էր, մատը մատին չի խփել, որ Հայաստանում գոնե կես լրատվամիջոց կայանա: Էս մարդը ոչինչ չի արել, որ հաստագլուխներ չլինեն: Էս մարդը միայն իշխանություն է տեսել, որին ոչ ոք իրավունք չունի բան ասելու: Էս մարդը գործից չի հասկանում, չգիտի, թե ինչի համար է ԱԺ ամբիոնը, ինչ է իշխանությունների տարանջատումը: Մի խոսքով, ոչ մի լավ բան չի արել ու անցել է որակումներին, լրագրողներին օլիգարխ ու սափրագլուխ է անվանում: Ընդ որում, լրիվ մոռացել է, որ իշխանությունը կարող է կրակել լրատվամիջոցի վրա ու ինքը փաստորեն «նավոդկա» է անում:

Սրանք չեն հանգստանում լրագրողներին որակելիս: Եթե իմանային, թե ով է լրագրողը, կիմանային նաև, թե ում կամ ինչը որակել: Հիմա տեսեք. Խոսրով Հարությունյանի որդին Զարգացման հայկական գործակալության տնօրենի պաշտոնն է զբաղեցնում: Կասկածներ կային, որ այս որդին ինսուլին է ներկրում Հայաստան, բայց հայրը ժամանակին դա հերքեց, թեպետ առանց փաստարկելու, որ չի ներկրում, մինչդեռ, ինչպես լրատվամիջոցներն էին գրում, կառավարության որոշում կա, որ տղան ինսուլին ներկրի: Խոսրով Հարությունյանի փեսան ԵԽ-ում ՀՀ մշտական ներկայացուցիչն է 2011-ից: Խոսրով Հարությունյանը 2001-ին իր եղբոր անունով սեփականացրել է Երևանի թիվ 3 կլինիկական հիվանդանոցը: Ժամանակին նույնիսկ գազալցակայան ուներ: Այս գազալցակայանի հարցով պարոն Հարությունյանը հասավ նրան, որ խորհրդահայ այլախոհ Մեխակ Գաբրիելյանի որդիները դատվեն:

Եվ, եթե անկեղծ լինենք, մեր հերոսը նաև ճաղատ է: Սափրագլուխ չէ, բայց ինչ-որ ճաղատ բան կա գլխի վրա: Բացարձակապես էական չէ, թե ինչու նա չի սիրում «որոշ լրատվամիջոցներին» կամ լրագրողներին, էականն այն է, թե ինչու են նրանք «որոշ»: Որովհետև Խոսրով Հարությունյանը սովետական քաղքենի է, նրա համար լրատվամիջոցը պրոպագանդիստական զենք է և ոչ թե կոռուպցիա մերկացնող:

Մի առիթով (մեկ ամիս առաջ) այս քրիստոնեա-հանրապետականն ասել է. «Հայերը վատի վրա կայֆ են բռնում»: Այսինքն, էն գլխից է իրեն հասունացրել լրատվամիջոցների մասին նման որակումներ տալուն: Ոչ ոք չի ասում, որ մեր լրատվամիջոցների ոտքերն ամպոտ են, բայց քանի դեռ քո լրատվական դաշտը կաթիլայինով է ապրում, դու իրավունք չունես նրան որակումներ տալու: Աշխարհում ոչ ոք հաշմանդամին որակումներ չի տալիս, եթե դպրոց չի գնացել: Երբ դու, մարդ, նրան սափրագլուխ ես ասում, մի մոռացիր, որ սափրագլուխներն այս երկրում քո գոյությունն են երաշխավորել, ոչ թե` մեր: Երբ դու ստորագրում ես «հաստավիզ» բառի տակ, չմոռանաս, որ օրվա հաց հայթայթողը մենք ենք, ոչ թե դու: Երբ դու լրագրողներին օլիգարխ ես ասում, հիշիր, որ քո հարազատներն են տնօրինում Հայաստանի Հանրապետությունը և ոչ թե լրագրողները: Եվ մի՛ մոռացիր, որ լրագրողը լրագրությամբ չզբաղվելու ազատությունն ունի, դու գոնե կես օր չես կարող առանց Սերժ Սարգսյանի, մա՛րդ: Այսինքն, դու քեզ շղթայել ես մեկով, որից կես մետր հեռու փախչելը քեզ վրա կարող է քրեական հոդված նստել, իսկ որդուդ ու փեսայիդ համար` սնանկություն:

Մենք ձեզանից ոչ մեկի վրա իշխանություն չունենք, մեր իշխանությունը մեր նյութերի վրա նույնիսկ մեր լրատվամիջոցների ղեկավարները չեն երաշխավորում, հետևաբար, մենք մեր կորուստներից չենք վախենում: Իսկ դու ինչքա˜ն բան ունես կորցնելու հենց քո անմիջական ղեկավարը հրաժեշտ տվեց իր պաշտոնին: Ես կարող եմ փախչել այս երկրից առանց անուն թողնելու, դու ուր էլ փախչես, այստեղ հիշելու են, որ պետականության սպառնալիք ես եղել հակաքրիստոնեական մի ուժի հետ: Եթե մենք պատասխանատվություն չունենք մեր տեքստերի հանդեպ, պատճառն այն չէ, որ մեզ անպատիժ ենք զգում, այլ այն է, որ այդպես էլ չստացանք պատասխանը այն հարցի, թե ինտելեկտուալ և քաղաքակրթական ի՞նչ արժանիք է քեզ կամ Հովիկ Աբրահամյանին հասցրել Ազգային ժողով: Դրանից հետո մենք կարող ենք և կորցնել իրականության զգացումը:

Մեկնաբանել