Ուկրաինան զորքերը դուրս է բերում Ղրիմից

Ուկրաինայի Ազգային անվտանգության և պաշտպանության խորհուրդը նախարարների կաբինետին հանձնարարել է նախապատրաստել Ղրիմից ուկրաինական զորքերի դուրսբերումը։ Այս մասին, ինչպես հաղորդում է BBC-ի ուկրաինական ծառայությունը, մարտի 19-ին հայտարարել է Ազգային անվտանգության և պաշտպանության խորհրդի քարտուղար Անդրեյ Պարուբին։

Կառավարությանը նաև հանձնարարվել է մշակել Ղրիմի տարածքից Ուկրաինայի այն քաղաքացիների տարհանման հարցը, որոնք չեն ցանկանում մնալ թերակղզում։

Համաձայն Ուկրիանայի պաշտպանության նախարարության՝ մարտի 18-ի երեկոյան Սիմֆերոպոլում Ուկրաինայի զինված ուժերի Օպերատիվ ապահովման գլխավոր վարչության լուսանկարաչափական կենտրոնի գրոհի ժամանակ սպանվել էր ուկրաինացի մեկ զինծառայող՝ Կակուրին ազգանունով մի ենթասպա։ Ուկրաինացի ևս երկու զինծառայող վիրավորվել են։ Ըստ Ուկրաինայի ՊՆ-ի՝ հարձակում գործածները եղել են ՌԴ զինված ուժերի զինծառայողների համազգեստով՝ առանց տարբերակից նշանների և ավտոմատ զենքով և դիպուկահարի հրացանով զինված անձինք։

Միաժամանակ՝ Ղրիմի ներքին գործերի նախարարությունը հաղորդել էր, որ մարտի 18-ին Սիմֆերոպոլում՝ Կուբանսկայա փողոցի շրջանում գտնվող զորամասից ոչ հեռու, անհայտ անձանց կողմից՝ ենթադրաբար դիպուկահարի հրացանից բացած կրակի հետևանքով զոհվել է երկու մարդ՝ տեղի ինքնապաշտպանության մեկ մարտիկ և զորամասի մեկ զինծառայող, ևս երկու մարդ՝ տեղի ինքնապաշտպանության մեկ ներկայացուցիչ և զորամասի մեկ զինծառայող, վիրավորվել է։

Հաղորդվել էր նաև, որ Սևաստոպոլում մարտի 19-ի առավոտյան քաղաքացիական անձինք քանդել են պատնեշը և ներխուժել են Ուկրաինայի ռազմածովային ուժերի հրամանատարության շտաբի տարածք։

Մարտի 16-ին Ղրիմում տեղի էր ունեցել հանրաքվե թերակղզու կարգավիճակի հարցով։ Մասնակցածների ավելի քան 96 տոկոսը (ավելի քան 1.23 միլիոն մարդ) կողմ էր արտահայտվել Ռուսաստանին միանալուն: Հանրաքվեին մասնակցել էր ընտրելու իրավունք ունեցող քաղաքացիների ավելի քան 83 տոկոսը:

Կիևը և արևմտյան երկրները չեն ճանաչում հանրաքվեի օրինականությունը։

Մարտի 17-ին Ղրիմի խորհրդարանը ընդունել էր որոշում «Ղրիմի անկախության մասին»։

Խորհրդարանը նաև դիմել էր Ռուսաստանի Դաշնությանը՝ Ղրիմի Հանրապետությունը որպես ՌԴ նոր սուբյեկտ Ռուսաստանի կազմ ընդունելու առաջարկով։

Մարտի 17-ին Ռուսաստանի նախագահ Վլադիմիր Պուտինը հրամանագիր էր ստորագրել Ղրիմի Հանրապետությունը անկախ պետություն ճանաչելու մասին։

Մարտի 18-ին Վլադիմիր Պուտինը, Ղրիմի վարչապետ Սերգեյ Աքսյոնովը, Ղրիմի խորհրդարանի խոսնակ Վլադիմիր Կոնստանտինովը և Սևաստոպոլի քաղաքային խորհրդի նախագահ Ալեքսեյ Չալին ստորագրեցին Ղրիմի Հանրապետությունը Ռուսաստանի Դաշնությունում ընդունելու և Ռուսաստանի Դաշնության կազմում նոր սուբյեկտների ձևավորման մասին պայմանագիրը։

Ղրիմն ու Սևաստոպոլը համարվում են Ռուսաստանի Դաշնության կազմում ընդունված մարտի 18-ից՝ պայմանագրի ստորագրման օրվանից։

Այս քայլն առաջացրել է արևմտյան պետությունների միաձայն քննադատությունը։

Ուկրաինայի վարչապետ Արսենի Յացենյուկը Ղրիմի՝ Ռուսաստանի Դաշնության կազմի մեջ մտնելու մասին պայմանագրի ստորագրումն անվանել է «միջազգային մասշտաբի կողոպուտ»։

Ուկրաինայի արտգործնախարարությունը Ռուսաստանին բողոքի նոտա է հղել։

ԱՄՆ-ն ու Եվրամիությունը պատժամիջոցներ են սահմանել Ռուսաստանից և Ուկրաինայից մի շարք պաշտոնատար անձանց նկատմամբ։

Մեկնաբանել