Օբաման բացառել է Ուկրաինայում ԱՄՆ-ի ռազմական միջամտությունը

ԱՄՆ-ի նախագահ Բարաք Օբաման բացառել է Միացյալ Նահանգների ռազմական միջամտությունը Ուկրաինայում ստեղծված իրադրությանը։ Այս մասին նա մարտի 19-ին հայտարարել է NBC հեռուստաալիքին տված հարցազրույցում։

«Մենք չենք պատրաստվում ներքաշվել Ուկրաինայում ռազմական գործողությունների մեջ»,- հայտարարել է Օբաման։

Միաժամանակ նա ընդգծել է, որ ԱՄՆ-ը չի հրաժարվում Ռուսաստանի նկատմամբ տնտեսական հավելյալ պատժամիջոցների սահմանման գաղափարից։ «Մենք մտադիր ենք համախմբել մեր բոլոր դիվանագիտական ռեսուրսները՝ համոզվելու, որ ունենք միջազգային ուժեղ կոալիցիա, որը հստակ ազդանշան է ուղարկում»,- ասել է ԱՄՆ-ի նախագահը։

Նոյեմբերի 21-ին Ուկրաինայի նախարարների կաբինետը դադարեցրեց ԵՄ-ի հետ Ասոցացման մասին համաձայնագրի ստորագրման նախապատրաստումը՝ ելնելով Ռուսաստանի և ԱՊՀ-ի հետ տնտեսական հարաբերությունների զարգացման անհարժեշտությունից՝ միաժամանակ հայտարարելով, որ չի հրաժարվում եվրաինտեգրումից։

Ուկրաինայի մայրաքաղաքում և այլ քաղաքներում եվրաինտեգրման աջակիցները կառավարության այս որոշմանն արձագանքեցին զանգվածային ցույցերով։ Ավելի ուշ, սակայն, եվրաինտեգրման հարցի նշանակությունը ցույցերի շատ մասնակիցների համար նվազեց՝ զիջելով տեղը նախագահ Վիկտոր Յանուկովիչի հրաժարականի պահանջին։

Ուկրաինայի Գերագույն ռադան փետրվարի 22-ին որոշում ընդունեց մայիսի 25-ին արտահերթ նախագահական ընտրություններ անցկացնելու մասին՝ Յանուկովիչին պաշտոնանկ անելով սահմանադրական պարտականությունների կատարումից։ Ինքը՝ Յանուկովիչը, հայտարարում է, որ շարունակում է մնալ օրենքով ընտրված նախագահ։

Ռուսաստանի նախագահ Վլադիմիր Պուտինը Ուկրաինայում կատարվածը համարում է հակասահմանադրական հեղաշրջում։

Մարտի 1-ին Ռուսաստանի Դաշնության խորհուրդը հավանության արժանացրեց Պուտինի՝ Ուկրաինայի տարածքում ռուսական զինված ուժերի օգտագործումը թույլատրելու խնդրանքը՝ մինչև այդ երկրում հասարակական-քաղաքական իրադրության կարգավորումը։

Ավելի ուշ Պուտինը հայտարարեց, որ Ուկրաինայում զորքեր օգտագործելու անհրաժեշտություն առայժմ չկա՝ հերքելով լուրերը, թե ռուսական զորքերն արդեն մտցվել են Ուկրաինա։ Ուկրաինայի ԱԳՆ-ն Ռուսաստանի նախագահին մեղադրեց Ղրիմում դեպքերի վերաբերյալ ապատեղեկատվություն տարածելու մեջ՝ նշելով, որ թեև Պուտինը հերքում է Ուկրաինայի տարածքում ռուսական զորքերի գտնվելու փաստը, բազմաթիվ տեսագրություններ հակառակն են հաստատում։

Մարտի 16-ին Ղրիմում տեղի ունեցավ հանրաքվե թերակղզու կարգավիճակի հարցով։ Մասնակցածների ավելի քան 96 տոկոսը (ավելի քան 1.23 միլիոն մարդ) կողմ արտահայտվեց Ռուսաստանին միանալուն: Հանրաքվեին մասնակցել էր ընտրելու իրավունք ունեցող քաղաքացիների ավելի քան 83 տոկոսը:

Կիևը և արևմտյան երկրները չեն ճանաչում հանրաքվեի օրինականությունը։

Մարտի 17-ին Ղրիմի խորհրդարանը ընդունեց որոշում «Ղրիմի անկախության մասին»։

Խորհրդարանը նաև դիմեց Ռուսաստանի Դաշնությանը՝ Ղրիմի Հանրապետությունը որպես ՌԴ նոր սուբյեկտ Ռուսաստանի կազմ ընդունելու առաջարկով։

Մարտի 17-ին Ռուսաստանի նախագահը հրամանագիր ստորագրեց Ղրիմի Հանրապետությունը անկախ պետություն ճանաչելու մասին։

Մարտի 18-ին Վլադիմիր Պուտինը, Ղրիմի վարչապետ Սերգեյ Աքսյոնովը, Ղրիմի խորհրդարանի խոսնակ Վլադիմիր Կոնստանտինովը և Սևաստոպոլի քաղաքային խորհրդի նախագահ Ալեքսեյ Չալին ստորագրեցին Ղրիմի Հանրապետությունը Ռուսաստանի Դաշնությունում ընդունելու և Ռուսաստանի Դաշնության կազմում նոր սուբյեկտների ձևավորման մասին պայմանագիրը։

Ղրիմն ու Սևաստոպոլը համարվում են Ռուսաստանի Դաշնության կազմում ընդունված մարտի 18-ից՝ պայմանագրի ստորագրման օրվանից։

Այս քայլն առաջացրեց արևմտյան պետությունների միաձայն քննադատությունը։

Ուկրաինայի վարչապետ Արսենի Յացենյուկը Ղրիմի՝ Ռուսաստանի Դաշնության կազմի մեջ մտնելու մասին պայմանագրի ստորագրումն անվանեց «միջազգային մասշտաբի կողոպուտ»։

Ուկրաինայի արտգործնախարարությունը Ռուսաստանին բողոքի նոտա է հղել։

ԱՄՆ-ն ու Եվրամիությունը պատժամիջոցներ են սահմանել Ռուսաստանից և Ուկրաինայից մի շարք պաշտոնատար անձանց նկատմամբ։

Մեկնաբանել