Օհանավանում կասեցվել են հէկի շինաշխատանքները. հայտարարություն

Արագածոտնի մարզի Օհանավան համայնքում դադարեցվել են հէկի շինարարական աշխատանքները. այս մասին հայտարարել է հէկը կառուցող «ԳԱՀԱ էներջի» ընկերությունը:

«Հաշվի առնելով Կարբի և Օհանավան գյուղերի մի խումբ բնակիչների դեռևս չփարատված մտահոգությունները արագահոս դոտացիոն ջրագծի անհրաժեշտ վերակառուցման և հետագայում համապատասխան հանրային լսումների արդյունքում վերականգնվող էներգետիկայի զարգացման ծրագրի իրականացման կապակցությամբ, տեղեկացնում ենք, որ ընկերությունը որոշում է ընդունել անհապաղ կասեցնել բոլոր տեսակի շինարարական աշխատանքները Օհանավան համայնքում: Մեր աշխատանքը դարձել է անհարկի և չհիմնավորված շահարկումների առիթ:

Հայտնում ենք, որ մեզ համար այս հարցում առաջնահերթությունը գյուղացու շահն է, անխափան ոռոգման ապահովումը և այն համայնքների զարգացումը, որտեղ «ԳԱՀԱ էներջի»-ն գործունեություն է իրականացնելու:

Ժամանակը ցույց կտա, որ հողի վրա քրտինք թափող գյուղացուն հնարավոր չէ մոլորեցնել: Հենց այդ գյուղացին է լինելու այս ծրագրի հիմնական շահառուն և պաշտպանը: Մենք վստահ ենք այս ծրագրի նպատակների ազնվության մեջ: «ԳԱՀԱ էներջի»-ն պատրաստ է այն քննարկելու ցանկացած մտահոգ կողմի հետ»,- ասված է ընկերության տարածած հայտարարությունում:

Արագածոտնի մարզի մի շարք գյուղերի, այդ թվում` Կարբիի և Օհանավանի բնակիչները մարտի 19-ին փակել էին Երևան-Աշտարակ մայրուղին: Նրանք բողոքում էին Ապարանի ջրամբարի մոտ հէկի կառուցման դեմ, որը, գյուղացիների խոսքով` կհանգեցնի իրենց այգիների չորացմանը: Նրանք պահանջում էին չեղյալ հայտարարել հէկի կառուցումը: Գյուղացիների հետ հանդիպեց փոխվարչապետ, տարածքային կառավարման նախարար Արմեն Գևորգյանը, որը խոստացավ գյուղացիներին հուզող հարցի վերջնական պատասխանը տալ մինչև մարտի 21-ը` ժամը 17:00-ը: Գյուղացիներն էլ հավելեցին, որ բավարարող պատասխան չստանալու դեպքում իրենք այդ օրը` նույն ժամին, կրկին կլինեն նույն տեղում և կփակեն ճանապարհը:

Մեկնաբանել