Թանգարանի զինվորը՝ 80 տարեկան

Ուրախալի է, որ կյանքի ութ տասնամյակը բոլորող մեր հոբելյարը դեռ «պատնեշի վրա» է:
Բեյրութում շատ շուտով լույս կտեսնի Շահեն Խաչատրյանի կազմած երկլեզու՝ անգլերեն և արաբերեն, «Հովհաննես Այվազովսկի» պատկերագիրքը:

«Թանգարանի զինվոր». Շահեն Խաչատրյանին իր կյանքի վերջում այսպես է բնութագրել Մարտիրոս Սարյանը: Մեծ վարպետն ըստ արժանվույն է գնահատել մեր օրերի նշանավոր արվեստաբանի ու թանգարանային գործչի տարիների ջանքերն ու վաստակը: Դժվար է, անշուշտ, մեկ հոդվածի սահմաններում թեկուզ ուրվագծել այն ամենը, ինչ հասցրել է անել մեր ժամանակակիցն արվեստի աշխարհում:

Ավելին՝ անկարելի է նույնիսկ զատորոշել Շահեն Խաչատրյանի բազմանիստ գործունեության բոլոր ուղղությունները. արվեստաբանություն, թանգարանային գործ, նկարահավաքչություն և այլն: Վերջինս համեմատաբար ավելի աննկատ է մնացել հանուրի ուշադրությունից, մինչդեռ այն եղել է «Թանգարանի զինվորի»՝ իր իսկ խոստովանությամբ, «ողջ կյանքի իմաստը»:

Միանգամից ասենք, որ Շահեն Խաչատրյանին տարբեր ճանապարհներով՝ երբեմն արտասահմանյան նկարահավաքներին համոզելով, երբեմն փոխանակման միջոցով, երբեմն գնելով կամ գնման համար միջոցներ գտնելով և այլն, հաջողվել է Հայաստանի թանգարանային հավաքածուները հարստացնել մոտ 500 գեղանկարչական ու գրաֆիկական արժեքավոր գործերով: Դրանց հեղինակների թվում են Հովհաննես Այվազովսկին ու Մարտիրոս Սարյանը, Հակոբ Գյուրջյանն ու Էդգար Շահինը, Վարդան Մախոխյանն ու Հակոբ Հակոբյանը, Գառզուն ու Ժանսեմը, շատ ուրիշներ: Կան նաև օտար արվեստագետներ, որոնցից միայն երկուսի անունները հիշատակենք՝ Օնորե Դոմյե ու Իսահակ Լևիտան:

Անկարելի է, իհարկե, այստեղ ու այս առիթով չխոսել Սարյանի թանգարանի կայացման գործում Շահեն Խաչատրյանի ներդրած անուրանալի ավանդի մասին: Նախ՝ Վարպետն ինքն է կամեցել, որ երիտասարդ արվեստաբանը 1967-ին նշանակվի իր նորաստեղծ թանգարանի առաջին տնօրեն: Ապա շուրջ չորս տասնամյակ, իսկ ավելի ստույգ՝ 38 տարի, անմնացորդ ծառայել է ոչ թե այդ պաշտոնին, այլ իր սիրած գործին՝ անվերջ հարստացնելով թանգարանի հավաքածուն և հանրահռչակելով մեծ նկարչի անունը ողջ աշխարհում: Տարբեր լեզուներով անհաշիվ գրքեր ու ալբոմներ հրատարակելուց զատ սարյանական ավելի քան 120 ցուցահանդես է կազմակերպել Մերձբալթիկայից մինչև Հեռավոր Արևելք, ողջ Եվրոպայով մեկ:

Ամենանշանակալին, թերես, Սարյանի անհատականն էր Ֆրանսիայի Անտիբ քաղաքում՝ Պիկասոյի թանգարանում, որից հետո հայ նկարչի գործերի արժեքը միջազգային առումով և հատկապես նշանավոր աճուրդատներում կտրուկ բարձրացավ: Ի վերջո, իր հետևողական ու տքնաջան աշխատանքով Շահեն Խաչատրյանը հիմքը դրեց գիտության առանձին ճյուղի՝ սարյանագիտության, ճշգրտելով մեր հանճարեղ հայրենակցի ուրույն տեղը XX դարի համաշխարհային կերպարվեստում: Ուրախալի նաև, որ նրա ղեկավարությամբ արդեն ավարտին է հասցվել Մարտիրոս Սարյանի բոլոր՝ ավելի քան 3700 գործերի կատալոգը, որը շուտով կդրվի ընթերցողի սեղանին:

Կարդում ես արվեստաբանի հուշերը և զարմանք ապրում, թե ինչպես է նա կարողացել բազում միջոցներ գործադրելով արվեստի գոհարներ բերել հայրենիք: Հիմնականում նրան վստահելով են շատերն արել նվիրաբերություններ՝ համոզված լինելով, որ դրանք իրենց արժանի տեղը կգտնեն մեր թանգարաններում: Իր անձնական ծանոթություններն ու ընկերական-մտերմիկ հարաբերությունները աշխարհի տարբեր ծայրերում բնակվող հայ թե օտարազգի հավաքորդների հետ նա միշտ ծառայեցրել է նկարահավաքի գործին, որի ետադարձ հասցեն միայն Հայաստանն է եղել:

Այդ հայրենակենտրոն գործունեության արմատները թերևս պիտի որոնել Շահեն Խաչատրյանի կյանքի հանգամանքների մեջ: Ծնվել է հայրենիքից հեռու՝ Սիրիայի Հալեպ քաղաքում, էրզրումցի ծնողների ընտանիքում: Փոքրուց սիրելի բանաստեղծը Չարենցն է եղել: Նաև երգել է ծննդավայրի եկեղեցական երգչախմբերում և սիրել նկարել: 1946թ. ներգաղթելով Հայաստան՝ Խաչատրյանների ընտանիքը մութ ու լուսավոր օրերի միջով և հույսերի ու հուսախաբությունների օղակով է անցել: Մի քանի տարի անց տեղի ունեցած մի դեպք շրջադարձային նշանակություն է ունեցել ապագա արվեստաբանի կյանքում: Այդ մասին հետագայում նա գրել է. «Վարսավիրանոցում բացելով սեղանին դրված «Օգոնյոկ» հանդեսը՝ տեսա ծովային մի պատկեր: Կարդացի հեղինակի անունը՝ Այվազովսկի: Արվեստի հանդեպ մոռացության մատնված սերս հրաբխի նման հանկարծ ժայթքեց ու ալեկոծեց ինձ: Հորիզոնն ասես լուսավորվեց ու պարզ դարձավ, թե հանուն ինչի պետք է ապրել: Ամեն ինչ մղվեց երկրորդ պլան. մնաց միայն արվեստը»:

Շահեն Խաչատրյանի հետ ունեցած զրույցից տեղեկացա, որ նա նաև լրջորեն լողով է զբաղվել և նույնիսկ եղել պատանիների Հայաստանի չեմպիոն ու բազմակի ռեկորդակիր: Սյդ զբաղմունքը նա սիրել է նաև այն բանի համար, որ տարբեր քաղաքներ մրցումների մեկնելիս հնարավորություն է ունեցել այցելել գեղարվեստի թանգարաններ, հավաքել նկարների վերատպություններ: Մինչ օրս հիշում է իր առաջին «հավաքածուն», որը մի մեծ ալբոմ է եղել՝ պարունակությամբ հայ, ռուս և եվրոպացի նկարիչների ստեղծագործությունների:

Նախախնամությունը, սակայն, Շահեն Խաչատրյանին այլ ուղի էր սահամանել. 1959-ի դեկտեմբերի 1-ին նա ընդունվում է Հայաստանի պետական պատկերասրահ, ապա հեռակա ավարտում Լենինգրադի Գեղարվեստի ակադեմայի արվեստաբանության բաժինը: Տարիներ անց նա պիտի դառնար արվեստի նույն հաստատության տնօրեն և ավելացներ դրա գլուխգործոցների թիվը: Հիշատակենք միայն Այվազովսկու գործերը: Այսպես, «Նոյն իջնում է Արարատից», «Փոթորիկ», «Առավոտը Գուրզուֆում», «Պետերբուրգյան տեսարան», «Բայրոնի այցը Սբ. Ղազար կղզի» և այլ կտավներ հենց անխոնջ նկարահավաքի ջանքերի արդյունքում են հայտնվել այստեղ: Նաև նրա օրոք՝ 1992-ին, լույս տեսավ պատկերասրահի եռալեզու կատալոգը և հիմքը դրվեց առանձին հրատարակչության, որը սկսեց հրատարակել բնագրերից թարգմանված արվեստագիտական աշխատություններ՝ Դելակրուա, Վան Գոգ, Գոգեն, Ռոդեն, Ռենուար, Սեզան, Մատիս, Սեզան, Կանդինսկի, Պիկասո, Շագալ և այլն: Հիշենք, որ անցյալ դարի 90-ական թվականներին մեզանում դադարել էին լույս տեսնել արվեստին նվիրված երկեր, և սա հրաշքի էր նման:

Այդքանով հանդերձ Շահեն Խաչատրյանին մինչ հիմա էլ ցավ է պատճառում և հանգիստ չի տալիս առանց որևէ հիմնավորման 2002-ին պատկերասրահի տնօրենի պաշտոնից իրեն ազատելու որոշումը: Շատ էր դառնացել և հոգեկան ծանր վիճակից դուրս եկավ, երբ Ամենայն հայոց կաթողիկոսի հրավերով Մայր աթոռ Սբ. Էջմիածնում ստանձնեց «Խրիմյան» թանգարանի տնօրինությունը: Գործադրելով իր գիտելիքներն ու հարուստ փորձը՝ այժմ էլ նշանավոր արվեստաբանը զբաղված է հիշյալ թանգարանի ֆոնդերի լրացմամբ՝ միաժամանակ շարունակելով իր ստեղծագործական բուռն գործունեությունը:

Կուզենայինք առանձնացնել նրա «Ճանաչիր և սիրիր» նոր մատենաշարը՝ հասցեագրված աշակերտներին ու ուսանողներին: Արդեն լույս է տեսել 6 գիրք և տպագրության ընթացքում է յոթերորդը: Ուրախալի է, որ կյանքի ութ տասնամյակը բոլորող մեր հոբելյարը դեռ «պատնեշի վրա» է: Օրերս նրան հանդիպեցի Լիբանան մեկնելիս. Բեյրութում շատ շուտով լույս կտեսնի նրա կազմած երկլեզու՝ անգլերեն և արաբերեն, «Հովհաննես Այվազովսկի» պատկերագիրքը:

Լևոն Լաճիկյան

Մեկնաբանել