Շահ Դենիզ-2-ի շրջանակում $841 մլն-ի վեց նոր պայմանագիր է ստորագրվել

Ադրբեջանական «Շահ Դենիզ» գազի հանքավայրի շահագործման երկրորդ փուլի գործընկերները նախագծի իրականացման շրջանակում $841 մլն-ի վեց նոր պայմանագիր են ստորագրել, ասված է BP-Azerbaijan ընկերության հաղորդագրության մեջ, փոխանցում է ադրբեջանական Trend-ը:

Պայմանագրերից մեկը՝ $528 մլն արժողությամբ, ստորագվել է թուրք-ամերիկյան Bechtel Enka համատեղ ձեռնարկության հետ Հարավկովկասյան գազամուղի շինարարությանն աջակցելու համար: $174 մլն-անոց մեկ այլ պայմանագիր էլ ստորագրվել է նիդեռլանդական Chicago Bridge & Iron UK ընկերության հետ գազամուղի ինժեներական նախագծման ծառայությունների մատուցման և սարքավորումների ապահովման համար: Երկու պայմանագրերով նախատեսված աշխատանքները ակնկալվում է ավարտել մինչ 2018թ.:

Մյուս չորս պայմանագրերը ստորագրվել են բրիտանական Wood Group Kenny Limited ($57 մլն), շվեդական Apply Emtunga ($32 մլն), գերմանական DrillTec GmbH ($26 մլն) և ֆրանսիական CSM Bessac ($24 մլն) ընկերությունների հետ:

«Շահ Դենիզ» գազի հանքավայրի նախագծի երկրորդ փուլի ֆինանսավորման համաձայնագիր՝ «Շահ Դենիզ-2»-ը ստորագրվել է 2013թ. դեկտեմբերի 17-ին Բաքվում:

Ծրագրվում է նախագծի շնորհիվ արդյունահանել 360 մլրդ խմ գազ:

Հանքավայրի շահագործման կոնսորցիումի մասնակիցները փոխհամաձայնության են եկել գազի արդյունահանումը ներկայիս 55 հազ. բարել/օր-ից մինչւ 120 հազ. բարել/օրի ավելացման շուրջ, որը արդեն 2014թ.կկազմի 1,4 մլրդ բարել/տարի:

«Շահ Դենիզի» պաշարները գնահատվում են 1,2 տրլն խմ:

Գազի «Շահ Դենիզ» ծովային հանքավայրի շահագործման մասին պայմանագիրը ստորագրվել է 1996թ. հունիսի 4-ին, որի մասնակիցներն են բրիտանական British petroleum-ը՝ 25% մասնաբաժնով (նաև նախագծի օպերատոր), նորվեգական Statoil-ը՝ 25,5%, իրանական NICO-ն՝ 10%, ֆրանսիական Total-ը՝ 10%, ռուսական LUKoil-ը՝ 10%, թուրքական TPAO-ն՝ 9% և ադրբեջանական SOCAR-ը՝ 10%:

Արդյունահանվող գազը արտահանվելու է Թուրքիա՝ 6 մլրդ խմ և Եվրոպա 10 մլրդ խմ:

Հանքավայրը շահագործման է հանձնվել 1999թ., և Ադրբեջանը սկսած 2006թ. գազ է արտահանել Վրաստան և Թուրքիա:

Դեկտեմբերի 17-ին ստորագրված պայմանագրի համաձայն՝ հանքավայրի շահագործումը երկարացվում է մինչև 2048թ.: Բացի այդ՝ SOCAR-ի և BP-ի մասնաբաժինը մեծանում է համապատասխանաբար 16,7% և 28,8%:

Մեկնաբանել