Ղրիմը շարունակում է մնալ Ուկրաինայի կազմում. Հայաստանում Ուկրաինայի դեսպան

Ղրիմը շարունակում է մնալ Ուկրաինայի կազմում. մարտի 20-ին լրագրողների հետ հանդիպմանն այսպիսի հայտարարություն արեց Հայաստանում Ուկրաինայի դեսպան Իվան Կուխտան:

«Ղրիմում մարտի 16-ի հանրաքվեն անցկացվել է Ուկրաինայի Սահմանադրության խախտմամբ, և քանի դեռ Ուկրաինայում Սահմանադրական փոփոխություններ չեն իրականացվել` Ղրիմը կշարունակի Ուկրաինայի մաս կազմել»,- ասաց Ուկրաինայի դեսպանը` նշելով, որ միջազգային բոլոր կազմակերպությունները և արևմտյան գերտերությունները հայտարարել են, որ Ղրիմում գործընթացներն «իրականացվում են Ուկրաինայի Սահմանադրության խախտմամբ»:

Իվան Կուխտան, անդրադառնալով Ղրիմի նկատմամբ ռազմական գործողությունների հնարավորության մասին հարցին, ասաց, որ Ուկրաինան «խաղաղ երկիր է, և Ղրիմի հարցում ռազմական գործողություններ չեն ծրագրվում»:

«Ուկրաինան պատրաստ է բանակցությունների սեղանի շուրջ նստել Ռուսաստանի Դաշնության և Ղրիմի ներկայացուցիչների հետ»,- ասաց դեսպանը` հավելելով, որ Ուկրաինան, այդուհանդերձ, չի կարող համաձայնել Ղրիմում անցկացված հանրաքվեի արդյունքների հետ:

Անդրադառնալով հայկական կողմի դիրքորոշմանը Ղրիմի հանրաքվեի հարցում` Իվան Կուխտան նշեց, որ ինքը տեղյակ է և´ նախագահ Սերժ Սարգսյանի հեռախոսազրույցից ՌԴ նախագահ Վլադիմիր Պուտինի հետ, և´ ԱԳՆ-ի դիրքորոշումից` հավելելով, որ «յուրաքանչյուր պետություն իրավունք ունի հայտնելու իր դիրքորոշումը»:

«Հայ-ուկրաինական հարաբերությունները շատ դինամիկ են զարգացել, զարգանում և հեռանկարները ցույց են տալիս, որ կշարունակեն զարգանալ»,- ասաց Կուխտան:

Անդրադառնալով Ուկրաինայի` Անկախ պետությունների համագործակցությունը լքելու որոշմանը` դեսպանը նշեց, որ Ուկրաինան «իմաստ չի տեսնում մնալ մի կազմակերպության կազմում, որն օգուտ չի տալիս»:

«Այսքան ժամանակ ԱՊՀ պետությունների արտգործնախարարները ժամանակ չեն գտնում հանդիպելու Ուկրաինայում ստեղծված իրավիճակը քննարկելու համար և այս դեպքում անիմաստ է մաս կազմել նման կազմակերպության»,- ասաց Կուխտան` հույս հայտնելով, որ հակամարտությունը կլուծվի Ուկրաինայի օրենքներին համապատասխան:

Մարտի 16-ին Ղրիմում տեղի էր ունեցել հանրաքվե թերակղզու կարգավիճակի հարցով։ Մասնակցածների ավելի քան 96 տոկոսը (ավելի քան 1.23 միլիոն մարդ) կողմ էր արտահայտվել Ռուսաստանին միանալուն: Հանրաքվեին մասնակցել էր ընտրելու իրավունք ունեցող քաղաքացիների ավելի քան 83 տոկոսը:

Կիևը և արևմտյան երկրները չեն ճանաչում հանրաքվեի օրինականությունը։

Մարտի 17-ին Ղրիմի խորհրդարանը ընդունել էր որոշում «Ղրիմի անկախության մասին»։

Խորհրդարանը նաև դիմել էր Ռուսաստանի Դաշնությանը՝ Ղրիմի Հանրապետությունը որպես ՌԴ նոր սուբյեկտ Ռուսաստանի կազմ ընդունելու առաջարկով։

Մարտի 17-ին Ռուսաստանի նախագահ Վլադիմիր Պուտինը հրամանագիր էր ստորագրելՂրիմի Հանրապետությունը անկախ պետություն ճանաչելու մասին։

Մարտի 18-ին Վլադիմիր Պուտինը, Ղրիմի վարչապետ Սերգեյ Աքսյոնովը, Ղրիմի խորհրդարանի խոսնակ Վլադիմիր Կոնստանտինովը և Սևաստոպոլի քաղաքային խորհրդի նախագահ Ալեքսեյ Չալին ստորագրեցին Ղրիմի Հանրապետությունը Ռուսաստանի Դաշնությունում ընդունելու և Ռուսաստանի Դաշնության կազմում նոր սուբյեկտների ձևավորման մասին պայմանագիրը։

Ղրիմն ու Սևաստոպոլը համարվում են Ռուսաստանի Դաշնության կազմում ընդունված մարտի 18-ից՝ պայմանագրի ստորագրման օրվանից։

Անի Գրիգորյան

Մեկնաբանել