Ուկրաինան դուրս է գալիս ԱՊՀ-ից

Ուկրաինան Անկախ պետությունների համագործակությունից (ԱՊՀ) դուրս գալու գործընթաց կսկսի։

Այս մասին, ինչպես հաղորդում է ուկրաինական «Ունիան» գործակալությունը, մարտի 19-ին լրագրողների հետ ճեպազրույցին հայտարարել է Ուկրաինայի ազգային անվտանգության և պաշտպանության խորհրդի քարտուղար Անդրեյ Պարուբին։

Նրա խոսքով՝ համապատասխան որոշումն ընդունվել է Ազգային անվտանգության և պաշտպանության խորհրդի նիստին։

«Ազգային անվտանգության և պաշտպանության խորհուրդը ընդունել է որոշում՝ սկսել ԱՊՀ-ից դուրս գալու գործընթաց»,- ասել է նա։

Մարտի 19-ին՝ ավելի վաղ, հայտնի էր դարձել, որ Ուկրաինան հրաժարվում է ԱՊՀ-ում 2014թ․ նախագահությունից։

Պարուբին նաև հայտնել է, որ որոշվել է մշակել դիմում՝ Ուկրաինայի տարածքային ամբողջականության երաշխավոր երկրների զինծառայողների հետ համատեղ զորավարժություններ անցկացնելու վերաբերյալ։

Բացի այդ որոշվել է, որ Ուկրաինան վիզային ռեժիմ սահմանի Ռուսաստանի հետ։

Ուկրաինայի Ազգային անվտանգության և պաշտպանության խորհուրդը նաև կառավարությանը հանձնարարել է նախապատրաստել Ղրիմից ուկրաինական զորքերի դուրսբերումը։

Չնայած այն բանին, որ Ուկրաինան եղել է ԱՊՀ հիմնադիրներից մեկը, այս երկիրը չի վավերացրել ԱՊՀ-ի Կանոնադրությունը, այդ իսկ պատճառով էլ դե յուրե Համագործակցության անդամ պետություն չէ։

Մարտի 16-ին Ղրիմում տեղի էր ունեցել հանրաքվե թերակղզու կարգավիճակի հարցով։ Մասնակցածների ավելի քան 96 տոկոսը (ավելի քան 1.23 միլիոն մարդ) կողմ էր արտահայտվել Ռուսաստանին միանալուն: Հանրաքվեին մասնակցել էր ընտրելու իրավունք ունեցող քաղաքացիների ավելի քան 83 տոկոսը:

Կիևը և արևմտյան երկրները չեն ճանաչում հանրաքվեի օրինականությունը։

Մարտի 17-ին Ղրիմի խորհրդարանը ընդունել էր որոշում «Ղրիմի անկախության մասին»։

Խորհրդարանը նաև դիմել էր Ռուսաստանի Դաշնությանը՝ Ղրիմի Հանրապետությունը որպես ՌԴ նոր սուբյեկտ Ռուսաստանի կազմ ընդունելու առաջարկով։

Մարտի 17-ին Ռուսաստանի նախագահ Վլադիմիր Պուտինը հրամանագիր էր ստորագրել Ղրիմի Հանրապետությունը անկախ պետություն ճանաչելու մասին։

Մարտի 18-ին Վլադիմիր Պուտինը, Ղրիմի վարչապետ Սերգեյ Աքսյոնովը, Ղրիմի խորհրդարանի խոսնակ Վլադիմիր Կոնստանտինովը և Սևաստոպոլի քաղաքային խորհրդի նախագահ Ալեքսեյ Չալին ստորագրեցին Ղրիմի Հանրապետությունը Ռուսաստանի Դաշնությունում ընդունելու և Ռուսաստանի Դաշնության կազմում նոր սուբյեկտների ձևավորման մասին պայմանագիրը։

Ղրիմն ու Սևաստոպոլը համարվում են Ռուսաստանի Դաշնության կազմում ընդունված մարտի 18-ից՝ պայմանագրի ստորագրման օրվանից։

Այս քայլն առաջացրել է արևմտյան պետությունների միաձայն քննադատությունը։

Ուկրաինայի վարչապետ Արսենի Յացենյուկը Ղրիմի՝ Ռուսաստանի Դաշնության կազմի մեջ մտնելու մասին պայմանագրի ստորագրումն անվանել է «միջազգային մասշտաբի կողոպուտ»։

Ուկրաինայի արտգործնախարարությունը Ռուսաստանին բողոքի նոտա է հղել։

ԱՄՆ-ն ու Եվրամիությունը պատժամիջոցներ են սահմանել Ռուսաստանից և Ուկրաինայից մի շարք պաշտոնատար անձանց նկատմամբ։

ԱՄՆ-ի նախագահ Բարաք Օբաման նախօրեին բացառել է Միացյալ Նահանգների ռազմական միջամտությունը Ուկրաինայում ստեղծված իրադրությանը՝ միաժամանակ նշելով, որ ԱՄՆ-ը չի հրաժարվում Ռուսաստանի նկատմամբ տնտեսական հավելյալ պատժամիջոցների սահմանման գաղափարից։

Մեկնաբանել