Սերժ Սարգսյանն անդրադարձել է ուկրաինացի ռեժիսորի ՀՀ պետական մրցանակից հրաժարվելուն

Նախագահ Սերժ Սարգսյանի հրամանագրով մի շարք բնագավառներում շնորհվել են Հայաստանի Հանրապետության 2013թ. պետական մրցանակները, հաղորդում են նախագահի մամուլի ծառայությունից: Այսօր՝ մարտի 21-ին նախագահի նստավայրում տեղի է ունեցել մրցանակների հանձնման հանդիսավոր արարողությունը, որի ժամանակ անդրադարձել է Ուկրաինացի ռեժիսոր Ելենա Ֆետիսովայի՝ մրցանակաբաշխությանը մասնակցելուց հրաժարվելու փաստին:

Հանրապետության նախագահը միջոցառման մասնակիցներին տեղեկացրել է, որ այսօր առավոտյան տիկին Ելենա Ֆետիսովայից ստացել է նամակ, որում նա շատ հարգալից կերպով շարադրում է Երևան չժամանելու իր դրդապատճառները: «Ես իր գործընկերների միջոցով իրեն կփոխանցեմ պետական մրցանակը, և իր իսկ ցանկությամբ, մրցանակի դրամական բաղադրիչը կուղղենք բարեգործական նպատակների՝ այն կրկնապատկելով Հանրապետության նախագահի հիմնադրամից:

Ուզում եմ ասել, որ ես հասկանում եմ տիկին Ֆետիսովայի դրդապատճառները, բայց ուզում եմ դիմել և՛ հարգարժան տիկնոջը, և՛ ուկրաինական ժողովրդին՝ ասելով, որ մենք եղբայրական ժողովուրդներ ենք, և այդ եղբայրության, բարեկամության մասին են վկայում հազարավոր փաստեր՝ Լվովի միջնադարյան տաճարներից սկսած մինչև այսօրվա Հայաստանում գործող ուկրաինական համայնքի ակտիվ դիրքորոշումը: Մենք դարեր շարունակ ուս ուսի միասին կռվել ենք զավթիչների դեմ, մենք պատմության հազարավոր փառավոր էջեր ունենք: Այդպես եղել է և այդպես էլ շարունակվելու է: Այնպես է պատահում, որ ժամանակի և իրադարձությունների թոհուբոհի մեջ տարբեր երևույթներ ունենում են տարընկալումներ, բայց ժամանակի մեծությունը նաև նրանում է, որ ժամանակի ընթացքում ամեն ինչ հստակեցվում է, տարըմբռնումները վերանում են, և ամեն ինչ ընկնում է իր տեղը: Մեկ անգամ ևս կրկնում եմ, որ ուկրաինացիները մեր եղբայրներն են: Այնպես որ՝ ես խնդրում եմ գործընկերներին՝ մրցանակը փոխանցել տիկին Ֆետիսովային»,-ասել է Սերժ Սարգսյանը:

Ավելի վաղ «Փարաջանով» ֆիլմի ուկրաինացի համահեղինակ Ելենա Ֆետիսովան բաց նամակ էր հղել Սերժ Սարգսյանին, որում նշել էր, որ Ղրիմի հանրաքվեի վերաբերյալ Հայաստանի դիրքորոշման պատճառով չի մասնակցի ֆիլմի համար ՀՀ պետական մրցանակի հանձման արարողությանը:

Հայաստանի նախագահ Սերժ Սարգսյանը մարտի 19-ին իր նախաձեռնությամբ հեռախոսազրույց էր ունեցել Ռուսաստանի նախագահի հետ: «Զրուցակիցներն անդրադարձել են Ղրիմում հանրաքվեի անցկացումից հետո ստեղծված իրավիճակին և արձանագրել, որ այն հանդիսանում է ազատ կամարտահայտման միջոցով ժողովուրդների ինքնորոշման իրավունքի իրացման հերթական օրինակը»,- նշված է ՀՀ նախագահի մամուլի ծառայության տարածած հաղորդագրությունում:

Մեկնաբանել