ԵՄ-ն հրապարակել է պատժամիջոցների ենթակա ռուս պաշտոնյաների ընդլայնված ցուցակը

Եվրամիությունը հրապարակել է ռուսաստանցի և ղրիմցի քաղաքական գործիչների և պաշտոնյաների ցուցակը, որոնց վրա կտարածվեն պատժամիջոցները՝ «կապված Ռուսաստանի կողմից Ղրիմի բռնակցման հետ»:

Ցուցակում ընդգրկվել է 12 մարդ՝ ՌԴ փոխվարչապետ Դմիտրի Ռոգոզինը, ՌԴ նախագահի խորհրդական Սերգեյ Գլազևը, ՌԴ նախագահի օգնական Վլադիսլավ Սուրկովը, Դաշնության խորհրդի խոսնակ Վալենտինա Մատվիենկոն, Պետդումայի խոսնակ Սերգեյ Նարիշկինը, «Ռոսիա սեգոդնյա» լրատվական գործակալության տնօրեն Դմիտրի Կիսելյովը, ՌԴ Սևծովյան նավատորմի փոխհրամանատարներ Ալեքսանդր Նոսատովը և Վալերի Կուլիկովը, Ղրիմի Կենտրոնական ընտրական հանձնաժողովի նախագահ Միխայիլ Մալիշևը, Սևաստոպոլի Ընտրական հանձնաժողովի նախագահ Վալերի Մեդվեդևը, գեներալ-գնդապետ Իգոր Տուրչենոկը, Պետդումայի պատգամավոր Ելենա Միզուլինան:

Նրանց բոլորին արգելվել է մուտքը Եվրամիության երկրներ, ինչպես նաև կսառեցվեն նրանց ակտիվները ԵՄ անդամ երկրների տարածքում:

Եվրամիությունը մարտի 17-ին արդեն սահմանել էր պատժամիջոցներ Ռուսաստանից և Ուկրաինայից 21 պաշտոնատար անձնանց նկատմամբ․ դրանք ևս ներառում են Եվրամիության տարածք մուտքի արգելք և բանկային հաշիվների սառեցում։ Այս ցուցակում հիմնականում հայտնվել էին ղրիմցի քաղաքական գործիչներ (այդ թվում` Ուկրաինայի նախագահի ժամանակավոր պաշտոնակատար Ալեքսանդր Տուրչինովի կողմից ոչ լեգիտիմ ճանաչված Ղրիմի վարչապետ Սերգեյ Աքսյոնովը) և ռուս պատգամավորներ:

Մարտի 20-ին՝ ավելի վաղ, ԱՄՆ-ը, որը մարտի 17-ին նույնպես պատժամիջոցներ էր սահմանել Ռուսաստանից և Ղրիմից 11 պաշտոնատար անձանց նկատմամբ, ևս հայտարարել էր, որ 20-ով ընդլայնում է ռուսաստանցիների ցանկը, որոնց վրա տարածվում են վիզային և ֆինանսական պատժամիջոցները։

Ի պատասխան ԱՄՆ-ի պատժամիջոցների՝ Ռուսաստանի արտգործնախարարությունը մարտի 20-ին հրապարակել էր ամերիկացի ինը պաշտոնատար անձանցից և Կոնգրեսի անդամներից կազմված ցուցակ, որոնց մուտքը Ռուսաստանի Դաշնություն արգելվում է։

Մարտի 16-ին Ղրիմում տեղի էր ունեցել հանրաքվե թերակղզու կարգավիճակի հարցով։ Մասնակցածների ավելի քան 96 տոկոսը (ավելի քան 1.23 միլիոն մարդ) կողմ էր արտահայտվել Ռուսաստանին միանալուն: Հանրաքվեին մասնակցել էր ընտրելու իրավունք ունեցող քաղաքացիների ավելի քան 83 տոկոսը:

Մարտի 18-ին Վլադիմիր Պուտինը, Ղրիմի վարչապետ Սերգեյ Աքսյոնովը, Ղրիմի խորհրդարանի խոսնակ Վլադիմիր Կոնստանտինովը և Սևաստոպոլի քաղաքային խորհրդի նախագահ Ալեքսեյ Չալին ստորագրեցին Ղրիմի Հանրապետությունը Ռուսաստանի Դաշնությունում ընդունելու և Ռուսաստանի Դաշնության կազմում նոր սուբյեկտների ձևավորման մասին պայմանագիրը։

Այս քայլն առաջացրել է արևմտյան պետությունների միաձայն քննադատությունը։

Ուկրաինայի արտգործնախարարությունը Ռուսաստանին բողոքի նոտա է հղել։

Մարտի 20-ին Ուկրաինայի Գերագույն ռադան ընդունել է հռչակագիր «Ուկրաինայի ազատգրման համար պայքարի» մասին, որում ասված է, որ Կիևը միշտ Ղրիմը կհամարի Ուկրաինայի մաս։

Մեկնաբանել