Ուկրաինան պատրաստ է զբաղեցնել ՌԴ-ի տեղը G8-ում. Յացենյուկ

Ուկրաինայի վարչապետ Արսենի Յացենյուկը Կիևում Կանադայի վարչապետ Սթիվեն Հարփերի հետ հանդիպումից հետո կայացած մամուլի ասուլիսին հայտնել է, որ Ուկրաինան պատրաստ է զբաղեցնել «ազատ տեղը» Մեծ ութնյակում, հաղորդում է BBC-ի ուկրաինական ծառայությունը:

«Եթե G8-ում կա ազատ տեղ, մենք պատրաստ ենք այն զբաղեցնել»,- հայտարարել է Յացենյուկը՝ բուռն ծափահարությունների արժանանալով մամուլի ներկայացուցիչների կողմից:

«G7-ի մասնակիցներին ուղղված իմ ուղերձն այն է, որ ժամանակն է գլոբալ անվտանգության նոր համակարգ կառուցել, և լուրջ պատասխանատվության ենթարկել նրանց, որոնք այդ անվտանգությունը խախտում են»,-հավելել է Յացենյուկը:

Կանադայի վարչապետ Սթիվեն Հարպերն իր հերթին,նշել է, որ Կանադան պատրաստ է առավելագույնս աջակցել Ուկրաինայի կառավարությանը:

Մարտի 20-ին Գերմանիայի կանցլեր Անգելա Մերկելը հայտարարել էր, որ ներկա պայմաններում Մեծ ութնյակը (G8, ԱՄՆ, Գերմանիա, Ֆրանսիա, Մեծ Բրիտանիա, Իտալիա, Կանադա, Ճապոնիա, Ռուսաստան) փաստացի այլևս գոյություն չունի։

Նա նշել է՝ «ակնհայտ է, որ քանի դեռ չկան քաղաքական պայմաններ, ինչպես ներկայում է, այնպիսի կարևոր ձևաչափի համար, ինչպիսին G8-ն է, ապա G8-ն ինքնին այլևս գոյություն չունի՝ ո՛չ գագաթաժողովը, ո՛չ էլ ձևաչափը որպես այդպիսին»։

Մարտի 16-ին Ղրիմում տեղի էր ունեցել հանրաքվե թերակղզու կարգավիճակի հարցով։ Մասնակցածների ավելի քան 96 տոկոսը (ավելի քան 1.23 միլիոն մարդ) կողմ էր արտահայտվել Ռուսաստանին միանալուն: Հանրաքվեին մասնակցել էր ընտրելու իրավունք ունեցող քաղաքացիների ավելի քան 83 տոկոսը:

Կիևը և արևմտյան երկրները չեն ճանաչում հանրաքվեի օրինականությունը։

Մարտի 17-ին Ղրիմի խորհրդարանը ընդունել էր որոշում «Ղրիմի անկախության մասին»։

Խորհրդարանը նաև դիմել էր Ռուսաստանի Դաշնությանը՝ Ղրիմի Հանրապետությունը որպես ՌԴ նոր սուբյեկտ Ռուսաստանի կազմ ընդունելու առաջարկով։

Մարտի 17-ին Ռուսաստանի նախագահ Վլադիմիր Պուտինը հրամանագիր էր ստորագրելՂրիմի Հանրապետությունը անկախ պետություն ճանաչելու մասին։

Մարտի 18-ին Վլադիմիր Պուտինը, Ղրիմի վարչապետ Սերգեյ Աքսյոնովը, Ղրիմի խորհրդարանի խոսնակ Վլադիմիր Կոնստանտինովը և Սևաստոպոլի քաղաքային խորհրդի նախագահ Ալեքսեյ Չալին ստորագրեցին Ղրիմի Հանրապետությունը Ռուսաստանի Դաշնությունում ընդունելու և Ռուսաստանի Դաշնության կազմում նոր սուբյեկտների ձևավորման մասին պայմանագիրը։

Ղրիմն ու Սևաստոպոլը համարվում են Ռուսաստանի Դաշնության կազմում ընդունված մարտի 18-ից՝ պայմանագրի ստորագրման օրվանից։

Այս քայլն առաջացրել է արևմտյան պետությունների միաձայն քննադատությունը։

Ուկրաինայի վարչապետ Արսենի Յացենյուկը Ղրիմի՝ Ռուսաստանի Դաշնության կազմի մեջ մտնելու մասին պայմանագրի ստորագրումն անվանել է «միջազգային մասշտաբի կողոպուտ»։

Ուկրաինայի արտգործնախարարությունը Ռուսաստանին բողոքի նոտա է հղել։

ԱՄՆ-ն ու Եվրամիությունը պատժամիջոցներ են սահմանել Ռուսաստանից և Ուկրաինայից մի շարք պաշտոնատար անձանց նկատմամբ։

Մեկնաբանել