Վրաստանի գլխավոր դատախազությունը Սաակաշվիլիին հրավիրել է հարցաքննության

Վրաստանի նախկին նախագահ Միխեիլ Սաակաշվիլին հրավիրվել է երկրի գլխավոր դատախազություն՝ որպես վկա մի քանի քրեական գործերով հարցաքննության: Գործերի թվում է նաև երկրի նախկին վարչապետ Զուրաբ Ժվանիայի մահվան հանգամանքների ուսումնասիրությունը։ Ինչպես հաղորդում է «Նովոստի Գրուզիան», այս մասին լրագրողներին Թբիլիսիում կայացած արտահերթ ճեպազրույցի ժամանակ հայտնել է Վրաստանի գլխավոր դատախազության պաշտոնական ներկայացուցիչը:

Սաակաշվիլին պետք է գլխավոր դատախազություն ներկայանա մարտի 27-ին։
Մարտի 21-ին Ժվանիայի գործով հարցաքննվել է Վրաստանի ներքին գործերի նախկին նախարար Վանո Մերաբիշվիլին:

Վրաստանի վարչապետ Իրակլի Ղարիբաշվիլին հայտարարել է, որ Միխեիլ Սաակաշվիլին պարտավոր է համագործակցել քննչական մարմինների հետ և սպառիչ պատասխաններ տալ:

«Սաակաշվիլին պետք է քննիչների բոլոր հարցերին պատասխանի, համենայն դեպս նրա համար, որպեսզի փարատի կասկածները և օգնի հետաքննությանը ճիշտ աշխատանք տանել։ Եթե նրա ողջամտությունը պահպանվել է, նա պետք է Վրաստան վերադառնա»,- «Նովոստի Գրուզիայի» փոխանցմամբ՝ վրացական «Կվիրիս Պալիտրա» շաբաթաթերթին տված հարցազրույցում ասել է Ղարիբաշվիլին:

Նա նաև պարզաբանել է, որ եթե Սաակաշվիլին չվերադառնա Վրաստան, նրա նկատմամբ միջազգային հետախուզում կհայտարարվի, ինչպես ենթադրում է վրացական օրենսդրությունը:

Ինչպես հայտնում է «Ինտերֆաքս» գործակալությունը, մարտի 22-ին Նիդեռլանդների Թագավորությունում վրաց լրագրողներին Սաակաշվիլին ասել է, որ մտադիր չէ վերադառնալ Վրաստան՝ գլխավոր դատախազությունում հարցաքննության, քանի որ ոչ մի բանում մեղավոր չէ: Նա վրացական իշխանություններին մեղադրել է «Մոսկվայի հրամանները կատարելու մեջ» և խոստացել վերադառնալ հայրենիք՝ ազատելու երկիրը «հրամաններ կատարողներից»:

«Այդ ժամանակն ավելի շուտ է գալու, քան կարծում է Իվանիշվիլին»,- ասել է նա:

Փետրվարին վրացական «Ասավալ-դասավալի» թերթը գրել էր, որ Զուրաբ Ժվանիայի մահվան հետաքննությունն ավարտվել է, սակայն դատախազությունը չի շտապում եզրակացություններ անել, քանի որ բացահայտվել է սպանությանը նախկին նախագահ Միխեիլ Սաակաշավիլիի անմիջական մասնակցությունը:

Թերթի հաղորդմամբ՝ Ժվանիան սպանվել է Թբիլիսիի արվարձանում գտնվող «Շավնաբադա» նախագահական նստավայրում Սաակաշվիլիի և այն ժամանակ Վրաստանի ներքին գործերի նախարար Վանո Մերաբիշվիլի ներկայությամբ: Այնուհետ նրա մարմինը հեռուսատացույցի արկղով տեղափոխվել է Թբիլիսիի գաղտնի բնակարան, որտեղ, ըստ թերթի, բեմադրվել է նրա դժբախտ մահվան դեպքը՝ թունավոր գազից թունավորումը: «Կա գաղտնի ձայնագրություն, որում լսելի է Սաակաշվիլիի ձայնը՝ «Հեռացրու այդ դիակը և ինչպես պայմանավորվել էինք, այնպես էլ արա»», -գրել էր շաբաթաթերթը:

Ժվանիան մահացած է գտնվել Թբիլիսիի իր բնակարանում 2005թ. փետրվարի 3-ին՝ Քվեմո Քարթլիի շրջանի նահանգապետ Յուսուպովի հետ միասին: Այն ժամանակվա պաշտոնական վարկածի համաձայն՝ նախկին վարչապետի մահվան պատճառը դժբախտ դեպքն է եղել, և նա մահացել է գազի թունավորումից: Երկրում իշխանափոխությունից հետո այս գործով նոր հետաքննություն է սկսվել:

Մեկնաբանել