Պուտինը հրահանգել է Ղրիմում ՌԴ իշխանության մարմիններ ստեղծել

Ռուսաստանի նախագահ Վլադիմիր Պուտինը հրահանգել է մինչ մարտի 29-ը Ղրիմում և Սևաստոպոլում Ռուսաստանի գործադիր իշխանության տարածքային մարմիններ ձևավորել, հաղորդում է Կրեմլի կայքը։

Հրահանգի կատարման պատասխանատուներ են նշանակվել դաշնային նախարարությունների և գերատեսչությունների ղեկավարները, այդ թվում՝ վարչապետ Դմիտրի Մեդվեդևը, պաշտպանության նախարար Սերգեյ Շոյգուն, ներքին գործերի նախարար Վլադիմիր Կոլոկոլցևը և Անվտանգության դաշնային բյուրոյի նախագահ Ալեքսանդր Բորտնիկովը:

Մարտի 18-ին Վլադիմիր Պուտինը, Ղրիմի վարչապետ Սերգեյ Աքսյոնովը, Ղրիմի խորհրդարանի խոսնակ Վլադիմիր Կոնստանտինովը և Սևաստոպոլի քաղաքային խորհրդի նախագահ Ալեքսեյ Չալին ստորագրեցին Ղրիմի Հանրապետությունը Ռուսաստանի Դաշնությունում ընդունելու և Ռուսաստանի Դաշնության կազմում նոր սուբյեկտների ձևավորման մասին պայմանագիրը։

Ղրիմն ու Սևաստոպոլը համարվում են Ռուսաստանի Դաշնության կազմում ընդունված մարտի 18-ից՝ պայմանագրի ստորագրման օրվանից։

Այս քայլն առաջացրել է արևմտյան պետությունների միաձայն քննադատությունը։

Ուկրաինայի վարչապետ Արսենի Յացենյուկը Ղրիմի՝ Ռուսաստանի Դաշնության կազմի մեջ մտնելու մասին պայմանագրի ստորագրումն անվանել է «միջազգային մասշտաբի կողոպուտ»։

Ուկրաինայի արտգործնախարարությունը Ռուսաստանին բողոքի նոտա է հղել։

ԱՄՆ-ն ու Եվրամիությունը պատժամիջոցներ են սահմանել Ռուսաստանից և Ուկրաինայից մի շարք պաշտոնատար անձանց նկատմամբ։

Մեկնաբանել