ՌԴ-ին մեկուսացում և լճացում է սպառնում. Ուիլյամ Հեյգ

Մեծ Բրիտանիայի արտաքին գործերի նախարար Ուիլյամ Հեյգը հայտարարել է, որ Ուկրաինայի ճգնաժամով պայմանավորված՝ Ռուսաստանին կարող է սպառնալ երկարաժամկետ «մեկուսացում և լճացում», և կոչ է արել Եվրամիության երկներին չվախենալ Մոսկվայի ահաբեկումներից:

Ինչպես հաղորդում է BBC-ն, Sunday Telegraph պարբերականում հրապարակված հոդվածում Հեյգը նշում է, որ Արևմուտքն այսօր արժե, որ մտածի Ռուսաստանի հետ նոր հարաբերություններ կառուցելու մասին: Հեյգի խոսքով՝ այդ հարաբերությունները պետք է հիմնվեն միջազգային որոշ կառույցներից Ռուսաստանի հեռացման, Եվրոպայում նրա ազդեցության նվազեցման, ինչպես նաև այդ երկրի հետ ռազմական համագործակցության սահմանափակման վրա։

Մեծ Բրիտանիայի արտգործնախարարը ՌԴ-ին մեղադրել է ահաբեկման մարտավարության մեջ, որը «բոլորովին այլ դարաշրջանի է հատուկ»: Բացի այդ՝ նա ընդգծել է, որ Բրիտանիան և նրա եվրոպական գործընկերները մտադիր չեն տեղի տալ վախին:

«Ղրիմի անօրինական անեքսիան տարածքի վրդովեցուցիչ զավթում է, իսկ դրան հետևած հանրաքվեն ծաղր էր ժողովրդավարության հանդեպ»,- ասել է Հեյգը՝ հավելելով, որ խոսքը 21-րդ դարի սկզբից եվրոպական անվտանգության համար ամենալուրջ սպառնալիքի մասին է:

Այս շաբաթ՝ ավելի վաղ, Հեյգը հայտարարել էր Մոսկվայի հետ ռազմական համագործակցությունը դադարեցնելու մասին:

Մարտի 16-ին Ղրիմում տեղի էր ունեցել հանրաքվե թերակղզու կարգավիճակի հարցով։ Մասնակցածների ավելի քան 96 տոկոսը (ավելի քան 1.23 միլիոն մարդ) կողմ էր արտահայտվել Ռուսաստանին միանալուն: Հանրաքվեին մասնակցել էր ընտրելու իրավունք ունեցող քաղաքացիների ավելի քան 83 տոկոսը:

Կիևը և արևմտյան երկրները չեն ճանաչում հանրաքվեի օրինականությունը։

Մարտի 17-ին Ղրիմի խորհրդարանը ընդունել էր որոշում «Ղրիմի անկախության մասին»։

Խորհրդարանը նաև դիմել էր Ռուսաստանի Դաշնությանը՝ Ղրիմի Հանրապետությունը որպես ՌԴ նոր սուբյեկտ Ռուսաստանի կազմ ընդունելու առաջարկով։

Մարտի 17-ին Ռուսաստանի նախագահ Վլադիմիր Պուտինը հրամանագիր էր ստորագրելՂրիմի Հանրապետությունը անկախ պետություն ճանաչելու մասին։

Մարտի 18-ին Վլադիմիր Պուտինը, Ղրիմի վարչապետ Սերգեյ Աքսյոնովը, Ղրիմի խորհրդարանի խոսնակ Վլադիմիր Կոնստանտինովը և Սևաստոպոլի քաղաքային խորհրդի նախագահ Ալեքսեյ Չալին ստորագրեցին Ղրիմի Հանրապետությունը Ռուսաստանի Դաշնությունում ընդունելու և Ռուսաստանի Դաշնության կազմում նոր սուբյեկտների ձևավորման մասին պայմանագիրը։

Ղրիմն ու Սևաստոպոլը համարվում են Ռուսաստանի Դաշնության կազմում ընդունված մարտի 18-ից՝ պայմանագրի ստորագրման օրվանից։

Այս քայլն առաջացրել է արևմտյան պետությունների միաձայն քննադատությունը։

Ուկրաինայի վարչապետ Արսենի Յացենյուկը Ղրիմի՝ Ռուսաստանի Դաշնության կազմի մեջ մտնելու մասին պայմանագրի ստորագրումն անվանել է «միջազգային մասշտաբի կողոպուտ»։

Ուկրաինայի արտգործնախարարությունը Ռուսաստանին բողոքի նոտա է հղել։

ԱՄՆ-ն ու Եվրամիությունը պատժամիջոցներ են սահմանել Ռուսաստանից և Ուկրաինայից մի շարք պաշտոնատար անձանց նկատմամբ։

ԱՄՆ-ի նախագահ Բարաք Օբաման նախօրեին բացառել է Միացյալ Նահանգների ռազմական միջամտությունը Ուկրաինայում ստեղծված իրադրությանը՝ միաժամանակ նշելով, որ ԱՄՆ-ը չի հրաժարվում Ռուսաստանի նկատմամբ տնտեսական հավելյալ պատժամիջոցների սահմանման գաղափարից։

Մեկնաբանել