Ճգնաժամային տեղեկատվություն. Շահան Գանտահարյան

Լիբանանի «Ազդակ» թերթի գլխավոր խմբագիր Շահան Գանտահարյանը «Ճգնաժամային տեղեկատվություն» վերնագրով հոդված է հրապարակել, որում նշում է, որ հայ տեղեկատվադաշտը հայկական գործոնի հետ առնչված լրատվություններ ներկայացնելու և մեկնաբանելու նուրբ խնդիր ունի: Հոդվածն ամբողջությամբ ներկայացված է ստորև:

Հալեպից ու Դամասկոսից մինչև Ղրիմ, անցնելով Իրաքից և Եգիպտոսից վերադառնալու համար Քեսապ, ապահովական ցնցումներն ու նրանց զուգակցված քաղաքական իրադարձությունները մեկնաբանելը հայկական լրատվական ոսպնյակների համար հավելյալ ճիգ, կենտրոնացում, մաքրազտման մեքենականություն և արհեստավարժ համապատասխան աշխատանք է պահանջում:

Ոչ միայն այն պարզ պատճառով, որ այս թեժ կետերը առնչված են նաև հայկական գործոնի հետ. կամ էլ այն բնական մղման բացատրությամբ, որ այնտեղ կան հայկական համայնքներ:

Քաղաքագիտական անառարկելի տեսություն է, որ պատերազմներին ընկերակցում է տեղեկատվականը և հատուկ ծառայությունները լրատվականների հետևում կանգնած ղեկավարում են այդ ոլորտի պատերազմը: Այս տեսությունը միայն պատերազմների դեպքում չէ, ընդհանուր հասկացություն է. պարզապես թեժացումը բնականաբար արձանագրվում է լարված իրավիճակների կամ ռազմական ընդհարումների ընթացքում:

Հայկական կողմի համար ճգնաժամային տեղեկատվությունը անպայման նկատի պիտի ունենա բազմագործոնային հանգամանքներ: Նախ այն իհարկե, որ պիտի սահմանազատի քարոզչականը լրատվականից: Անկախ մամուլ հասկացությունը այսօր հեքիաթային բնութագիր ունի, և որևէ լրատվամիջոց իր առջև գերխնդիր չի դրել միայն ճշմարիտը, զուտ առարկայականը ընթերցող լսարանին հասանելի դարձնելու հրամայականը: Սա բացառապես տեսություն է, որը որևէ առարկայացում չի գտնում որևէ միջավայրում: Խնդիրը ուրեմն հնարավոր առարկայականությունը պահելու հմտությունում է կայանում: Քարոզչական հզոր մեքենաների արտադրանքների ուղղվածությունը հասկանալու, քարոզչական թիրախն ըմբռնելու և ըստ այդմ լուրի վերարտադրման չափը ճշտելու և տալու: Հաճախ այնքան համատարած տարողություն է ստանում այդ արտադրանքի լրագրական շուկայացումը, որ դժվար է թվում շուկայի ճշտած օրինաչափությունից հեռու մնալու փորձությունը հաղթահարելը: Այսպես է, որ Սիրիայի դեպքերի լուսաբանման խաղի կանոնները, հաճախ ճշտված Արևմուտքից, երբեմն Ռուսաստանից, գրավում են տեղեկատվական տարածքները:

Այս թոհուբոհում պատահում է, որ լրատվական կողմնակի թիրախի է վերածվում հայությունը: Ընդհանրապես խուճապային իրավիճակների մատնելու նպատակ հետապնդող ապատեղեկատվությունները տարբեր աղբյուրներ ունեն: Երբեմն անորոշ կայքեր են մեջբերվում, այլ դեպքերում հղում է կատարվում տվյալ լրատվամիջոցին, որի սկզբնաղբյուրն ու պատկանելիությունը անհստակ լինելով ոլորապտույտի մեջ են թողնում լուրի վավերականությունը ստուգել փորձող մամուլի որևէ ներկայացուցչին: Մինչ այդ, սակայն, լուրը կրկնօրինակվում է, պատճենահանվում է, երբեմն համեմվում ցանկալի մեկնաբանություններով և շրջանառությունը բազմապատկվում: Բացառված չէ այս դեպքերում, որ շրջանառության մեջ դնող ու անմիջապես անհայտացող լրատվամիջոցը մեր հակառակորդների ուղղակի կամ անուղղակի ներշնչումը ունեցած լինի:

Նման օրինակները բազմաթիվ են: Ճգնաժամային տեղեկատվությունը հատկապես հայկական լրատվամիջոցների համար արագ ու զգայացունց լինելու մղումներով պետք չէ հատկանշվի: Այստեղ կա իրավիճակին տեր կանգնելու, խուճապային տրամադրությունների ստեղծման առաջն առնելու, զուսպ ու հավասարակշիռ մոտեցման վարքագիծը որդեգրելու և մանավանդ արտակարգ իրավիճակներում հայտնված մեր հայրենակիցներին անվտանգությունը գերադասելու անհրաժեշտությունը:

Հայկական ճգնաժամային տեղեկատվությունը ինքնակազմակերպվելու, աշխատակարգ ճշտելու անմիջական անհրաժեշտության առջև է: Աշխարհաքաղաքական իրադարձությունները հուշում են, որ Ղրիմից մինչև Քեսապ և դեռևս այլ հայաշատ միջավայրեր հայկական գործոնի հետ առնչված լրատվություններ ներկայացնելու և մեկնաբանելու նուրբ խնդիր ունի հայ տեղեկատվադաշտը երկար ժամանակ: Մինչ այդ հայության հետ կապված որևէ լուրի վավերականությունն ու ճշմարտացիությունը ստուգելու համար բացառապես պետք է հենվել տեղի հայկական պաշտոնական լրահոսի փոխանցած տեղեկատվության վրա` այնտեղ նկատելու համար ճշտված շեշտադրումները, տարողություններն ու չափերը: Ամպագոռգոռությունից, զգացականությունից և մանավանդ քարոզչական առավելություններ շահելու փորձություններից հեռու մնալը այս դեպքում ոչ միայն լրագրական օրինաչափություն է, այլ նաև անվտանգության հետ կապված լրջագույն խնդիր:

Մեկնաբանել