Պարտադիրը կգործի մինչև սեպտեմբերի 30-ը. վարչապետ

Ազգային ժողովի կողմից ընդունված «Կուտակային կենսաթոշակների մասին» օրենքը կգործի մինչև 2014թ. սեպտեմբերի 30-ը, ինչը նշանակում է, որ բոլորը` քաղաքացիները և տնտեսվարողները, պետք է առաջնորդվեն օրենքով: Այս մասին ապրիլի 3-ին` կառավարության նիստի սկզբում, հայտարարեց վարչապետ Տիգրան Սարգսյանը:

Վարչապետը տեղեկացրեց, որ շահագրգիռ բոլոր կողմերի մասնակցությամբ կձևավորվի աշխատանքային խումբ, որը կմշակի նոր օրենսդրական փաթեթ` հաշվի առնելով Սահմանադրական դատարանի ապրիլի 2-ի որոշումը: Փաթեթը այնուհետ կներկայացվի Ազգային ժողով:

Ըստ Տիգրան Սարգսյանի` «սա բացառիկ հնարավորություն է, որ քաղաքացիական հասարակությունը ևս ներգրավվի օրենսդրական փաթեթի մշակման աշխատանքներին»:

Սահմանադրական դատարանը ապրիլի 2-ին հակասահմանադրական ճանաչեց «Կուտակային կենսաթոշակների մասին» օրենքի վիճարկվող դրույթները։ ՍԴ-ն մինչև 2014թ. սեպտեմբերի 30-ը ժամանակ տվեց խորհրդարանին և կառավարությանը՝ օրենքի որոշ դրույթներ փոփոխության ենթարկելու համար:

Կառավարությունը ապրիլի 2-ին հանդես եկավ հայտարարությամբ, որում մասնավորապես ասված էր. «Սահմանադրական դատարանը շեշտել է՝ 50-ից ավելի երկրների փորձը վկայում է, որ կենսաթոշակային կուտակային համակարգի ներդրումը բարձրացնում է երկրի կայունությունը, ժողովրդի բարեկեցությունը: Միևնույն ժամանակ, դատարանը սահմանել է, որ օրենքում կան թերություններ, որոնք պետք է շտկել մինչև սեպտեմբերի 30-ը: Կառավարությունն առաջ է տանելու ժողովրդի բարեկեցության բարձրացմանն ուղղված այս արմատական բարեփոխումը՝ դրա պատշաճ սահմանադրական ձևակերպումների շրջանակներում»:

ԱԺ ոչ իշխանական չորս խմբակցությունները` «Բարգավաճ Հայաստանը», Հայ ազգային կոնգրեսը, Հայ հեղափոխական դաշնակցությունը և «Ժառանգությունը», 2013թ. դեկտեմբերի 17-ին դիմել էին Սահմանադրական դատարան` «Կուտակային կենսաթոշակների մասին» օրենքի 5-րդ, 7-րդ, 8-րդ, 37-րդ, 38-րդ, 45-րդ, 49-րդ և 86-րդ հոդվածների դրույթների՝ ՀՀ Սահմանադրությանը համապատասխանության հարցով:

Մեկնաբանել