Երեք հանրապետությունների 28 վարչապետները

Հայաստանի առաջին հանրապետության առաջին վարչապետ Հովհաննես Քաջազնունին:

Մինչ իշխող Հանրապետական կուսակցությունն ու Սերժ Սարգսյանը կնշանակեն Հայաստանի նոր վարչապետին, վերհիշենք, թե ովքեր են եղել Առաջին հանրապետության (1918 թ. մայիսի 28- 1920 թ. դեկտեմբերի 2), Խորհրդային Հայաստանի (1920 թ. դեկտեմբերի 2- 1991 թ. սեպտեմբեր 21) և արդի Հայաստանի 28 վարչապետները:

Առաջին հանրապետության երկուսուկես տարիներին Հայաստանում ամենաբարձր պաշտոնը հենց վարչապետն էր, քանի որ կառավարման համակարգը խորհրդարանական էր: Խորհրդային Հայաստանի կառավարման բուրգում գագաթը Կոմունիստական կուսակցության Կենտրոնական կոմիտեի առաջին քարտուղարն էր, որին հաջորդում էին Գերագույն խորհրդի նախագահության նախագահը, ապա Մինիստրների խորհրդի նախագահը:

Հովհաննես Քաջազնունուց մինչև Սիմոն Վրացյան

Հայաստանի Առաջին հանրապետության առաջին վարչապետը Հովհաննես Քաջազնունին էր (իսկական ազգանունը` Իգիթխանյան): Ջավախքում ծնված Քաջազնունու վարչապետությունը ձգվել է մինչև 1919-ի օգոստոս: Այդ տարվա փետրվարին Քաջազնունին մեկնեց Միացյալ Նահանգներ` լուծելու հացի խնդիրը: Անտանելի կլիներ հայ ժողովրդի վիճակը, եթե ամերիկյան կառավարությունը և ամերիկացի բարեպաշտ ժողովուրդը Հայաստան չուղարկեր ավելի քան 1,3 միլիոն փութ ալյուր և հացահատիկ: Քաջազնունու վարչապետության շրջանը հայ ժողովրդի պատմության ամենադժնդակ ժամանակներից էր: Վիճակագրական տվյալները սարսափազդու են` 1918-1919 թթ. սովից և բծավոր տիֆից մահացավ Հայաստանի բնակչության ավելի քան 20 տոկոսը` կամ 200 հազար մարդ, այդ թվում՝ ներքին գործերի նախարար Արամ Մանուկյանը:

Առաջին հանրապետության անկումից հետո Քաջազնունին հաստատվեց Բուխարեստում, սակայն 1924-ին վերադարձավ հայրենիք, 1937-ին ձերբակալվեց, իսկ մեկ տարի անց մահացավ բանտում: 1918 թ. հայ-թուրքական պատերազմի օրերին սպանվել էր Քաջազնունու որդին: Այդ պատերազմը խլել էր նաև Համո (Համազասպ) Օհանջանյանի որդու կյանքը, որը վարչապետության աթոռը զբաղեցրեց 1920 թ. մայիսից նոյեմբեր: Մինչ Օհանջանյանը` 1919-ի օգոստոսից (փաստացի փետրվարից, երբ Քաջազնունին մեկնեց Ամերիկա) մինչև 1920 թ. մայիս վարչապետի պաշտոնը զբաղեցրել է Ալեքսանդր Խատիսյանը: Նա ևս հեռացավ Խորհրդային Հայաստանից և մահացավ 1945-ին՝ Փարիզում:

Առաջին հանրապետության բոլոր չորս վարչապետները ՀՅԴ-ականներ էին: Վերջինը` Սիմոն Վրացյանը, Հայաստանը կառավարեց ընդամենը 8 օր` 1920-ի նոյեմբերի 23-ից դեկտեմբերի 2-ը: Նրա օրոք Հայաստանը խորհրդայնացավ: 1921 թվականի փետրվարից, երբ հակաբոլշևիկյան հեղափոխության արդյունքում ստեղծվեց Հայրենիքի փրկության կոմիտեն, Վրացյանը ղեկավարեց երկիրը մինչև նույն թվականի ապրիլի 2-ը: Վրացյանը մահացել է 1969-ին Բեյրութում:

Ալեքսանդր Մյասնիկյանից մինչև Վլադիմիր Մարգարյանց

Խորհրդային Հայաստանի առաջին և վերջին վարչապետները ծնվել են Հայաստանից դուրս, երկուսն էլ` Ռուսաստանի հարավում: Խորհրդային Հայաստանի 13 վարչապետներից միայն մեկը` Ֆադեյ Սարգսյանն է ծնվել Երևանում:

Բոլոր 28 վարչապետներից ամենակարճ կյանքը ունեցել է Խորհրդային Հայաստանի առաջին վարչապետ Ալեքսանդր Մյասնիկյանը (Մարտունի): Նա ընդամենը 39 տարեկան էր, երբ 1925 թ. օդային աղետի զոհը դարձավ Թբիլիսիից Սուխումի թռչելու ընթացքում: Մյասնիկյանը ծնվել է Նոր Նախիջևանում (Դոնի Ռոստով), պաշտոնավարել է 1921-1922 թթ:

Նոր Նախիջևանում էր ծնվել նաև Մյասնիկյանին հաջորդած Սարգիս Լուկաշինը (Սրապիոնյան), որը պաշտոնավարել է 1922-1925 թթ.: Լուկաշինը, ինչպես և Քաջազնունին, զոհ դարձավ ստալինյան տեռորին: Նա գնդակահարվեց 1937-ին:

Խորհրդային Հայաստանի հաջորդ երկու վարչապետները ծնվել են Շուշիում: Սարգիս Համբարձումյանը կառավարությունը ղեկավարել է երեք տարի` 1925-1928 թթ: Շուշեցի երկրորդ վարչապետը` Սահակ Տեր-Գաբրիելյանը, երկիրը կառավարել է յոթ տարի: Նա ևս զոհ գնաց ստալինյան տեռորին 1937 թ.:

Իրանի Սալմաստի շրջանում ծնված Աբրահամ Գուլոյանը վարչապետի աթոռը զբաղեցրել է խորհրդային կայսրության ամենադժնդակ տարիներին` 1935-1937 թթ., և ինքն էլ զոհ գնացել ստալինյան տեռորին 1938 թ.: Հայաստանի ամենաուսյալ վարչապետներից էր, սովորել է Էջմիածնի Գևորգյան ճեմարանում, այնուհետև` Մոսկվայի և Պետրոգրադի համալսարաններում:

Բոլոր 28 վարչապետներից ամենաերկար` 89 տարվա կյանք ունեցել է Արամ Փիրուզյանը, որը ծնվել է Բաքվում, իսկ վարչապետի պաշտոնը զբաղեցրել 1937-1943 թթ., երբ Խորհրդային Միությունը ներքաշվում էր Երկրորդ աշխարհամարտի մեջ: Փիրուզյանին հաջորդեց Եղեգնաձորում ծնված Աղասի Սարգսյանը (1943-1947 թթ.):

Արմավիրի մարզում ծնված Սահակ Կարապետյանի օրոք (1947-1952) տեղի ունեցան երկու նշանակալի իրադարձություններ Խորհրդային Հայաստանի կյանքում: Նրա օրոք տեղի ունեցավ մեծ ներգաղթը: Բայց նաև նրա օրոք էր, որ տեղի ունեցավ 1949 թ. բռնագաղթը, երբ ավելի քան 10 հազար հայ աքսորվեց Ռուսաստանի Ալթայի երկրամաս:

Սահակ Կարապետյանին հաջորդեց Անտոն Քոչինյանը, որը Հայաստանի վարչապետներից միակն էր, ով կարգին կրթություն չուներ: Ընդամենը ավարտել էր Երևանի Կոմունիստական գյուղատնտեսական դպրոցը: Սակայն դա չի խանգարել, որ Լոռու մարզում ծնված Քոչինյանը վարչապետի պաշտոնը զբաղեցնի ամենաերկարը բոլոր 28 վարչապետների մեջ` շուրջ 13 տարի` 1952- 1966 թթ.: Վարչապետությունից հետո նա դարձավ Խորհրդային Հայաստանի Կոմկուսի կենտկոմի առաջին քարտուղար և հանրապետությունը ղեկավարեց մինչև 1974 թ.:

Արմավիրի մարզում է ծնվել հաջորդ վարչապետը` Բադալ Մուրադյանը, որը կառավարությունը ղեկավարել է վեց տարի` 1966-1972 թթ.:

Մուրադյանին հաջորդեց Սյունիքի գյուղերից մեկում ծնված Գրիգոր Արզումանյանը, ով վարչապետ եղավ չորս տարի` 1972-1976 թթ.:

Ֆադեյ Սարգսյանը, ով Խորհրդային Հայաստանի 13 վարչապետներից միակն է, որ ծնվել է Երևանում, կառավարեց 12 տարի` 1977-1989 թթ.:

Խորհրդային Հայաստանի վերջին` 13-րդ վարչապետը Կրասնոդարի երկրամասում ծնված և Միխայիլ Գորբաչովի հետ աշխատած Վլադիմիր Մարգարյանցը կառավարության ղեկավար նշանակվեց 1988 թ. աղետալի երկրաշարժից մեկ ամիս հետո` 1989 թ. հունվարին:

Վազգեն Մանուկյանից մինչև Տիգրան Սարգսյան

Երրորդ հանրապետության առաջին վարչապետը Վազգեն Մանուկյանն էր, թեև պետք է նկատել, որ 1990 թ. օգոստոսին, երբ նա նշանակվեց կառավարության ղեկավար, Հայաստանը դեռ անկախություն չէր հռչակել և դե-յուրե Խորհրդային Միության մաս էր կազմում:

Գագիկ Հարությունյանը կառավարությունը գլխավորել է մոտ 10 ամիս` 1991-ի հոկտեմբերից 1992-ի օգոստոս` լինելով վարչապետի պաշտոնակատար, քանի որ նա նաև երկրի փոխնախագահն էր: 1991-ի նախագահական ընտրություններում կար փոխնախագահի պաշտոնը, և Լևոն Տեր-Պետրոսյանի հետ որպես փոխնախագահ ընտրվեց Հարությունյանը:

Խոսրով Հարությունյանը կառավարությունը ղեկավարեց կես տարի` 1992-ի օգոստոսից մինչև 1993-ի փետրվար:

Հրանտ Բագրատյանը վարչապետի պաշտոնը զբաղեցրեց ավելի քան երեք տարի` 1993-1996 թթ.: Հայաստանի երրորդ հանրապետության ամենադժվարին ժամանակաշրջանն էր` Ադրբեջանի կողմից պարտադրված արցախյան պատերազմ, Թուրքիայի կողմից շրջափակում, քաոս Վրաստանում, երկրաշարժից տուժած տասնյակ հազարավոր անօթևաններ, որոնց 1988-1990-ական թթ. ավելացել էին Ադրբեջանում տունը և կահկարասին կորցրած տասնյակ հազարավոր հայեր:

Բագրատյանին հաջորդած Արմեն Սարգսյանը վարչապետի աթոռը զբաղեցրեց մոտ վեց ամիս (1996 թ. հոկտեմբերից 1997 թ. մարտ): Նրան փոխարինեց Արցախի նախագահ Ռոբերտ Քոչարյանը, ով մեկ տարի (1997-1998 թթ.) պաշտոնավարելուց հետո դարձավ Հայաստանի նախագահ:

Հայաստանի 28 վարչապետներից ամենաերիտասարդը եղել է Արմեն Դարբինյանը, որը կառավարության ղեկավար է նշանակվել 33 տարեկանում և պաշտոնավարել 14 ամիս` 1998-1999 թ.: Դարբինյանին հաջորդեց Վազգեն Սարգսյանը, որը կառավարեց ընդամենը չորսուկես ամիս և սպանվեց 1999թ. հոկտեմբերի 27-ին խորհրդարանում կատարված ոճրագործության ընթացքում: Սարգսյանին փոխարինեց եղբայրը` Արամ Սարգսյանը, վարչապետության պաշտոնում մնալով մոտ վեց ամիս:

Երրորդ հանրապետության ամենաերկարակյաց վարչապետը Անդրանիկ Մարգարյանն էր, որը կառավարության ղեկավարի պաշտոնը զբաղեցրեց յոթ տարի` 2000-2007 թթ.: 2007 թ. մարտի վերջերին սրտի կաթվածքից վախճանված Մարգարյանին փոխարինեց Սերժ Սարգսյանը, որը մեկ տարի անց դարձավ նախագահ:

Տիգրան Սարգսյանը վարչապետի աթոռը զբաղեցրեց վեց տարի (2008-2014):

Հայաստանի վարչապետներից միայն երեքին` Անտոն Քոչինյանին, Ռոբերտ Քոչարյանին և Սերժ Սարգսյանին է հաջողվել կառավարությունը ղեկավարելուց հետո դառնալ նաև երկրի ղեկավար:

Երրորդ հանրապետության 11 վարչապետներից հինգը` Վազգեն Մանուկյանը, Խոսրով Հարությունյանը, Հրանտ Բագրատյանը, Արմեն Սարգսյանը և Անդրանիկ Մարգարյանը ծնվել են Երևանում, երկուսը` Վազգեն և Արամ Սարգսյան եղբայրները` Արարատի մարզում, երկուսը` Ռոբերտ Քոչարյանը և Սերժ Սարգսյանը, Ստեփանակերտում, Գագիկ Հարությունյանը` Կոտայքի մարզում, Արմեն Դարբինյանը` Գյումրիում, իսկ Տիգրան Սարգսյանը` Վանաձորում:

Մեկնաբանել