Դավիթ Հարությունյանն ու Արծվիկ Մինասյանը չեն մեկնաբանում վարչապետի հրաժարականը

Ազգային ժողովի պետաիրավական հարցերով մշտական հանձնաժողովի նախագահ,Հայաստանի Հանրապետական կուսակցության անդամ Դավիթ Հարությունյանը չի մեկնաբանում վարչապետ Տիգրան Սարգսյանի հրաժարականը: Այս մասին նա ասաց ՍիվիլՆեթի հետ զրույցում`անդրադառնալով Տիգրան Սարգսյանի հրաժարականին:

«Այս պահին ասելու ոչինչ չունեմ»,- ասաց Դավիթ Հարությունյանը:

ԱԺ Հայ հեղափոխական դաշնակցություն խմբակցության անդամ Արծվիկ Մինասյանը ևս հրաժարվեց մեկնաբանությունից` խոստանալով, որ վարչապետի հրաժարականին կանդրադառնա ապրիլի 4-ին:

Ապրիլի 3 ին Հանրապետական կուսակցության գործադիր մարմնի նիստից հետո ՀՀԿ մամուլի խոսնակ Էդուարդ Շարմազանովը հայտարարել էր, որ վարչապետ Տիգրան Սարգսյանը հրաժարականի դիմում է ներկայացրել:

«Դեռևս մեկ ամիս առաջ նա նման խնդրանքով դիմել է նախագահին, սակայն հաշվի առնելով հանգամանքը, որկուտակային կենսաթոշակների հարցը պետք է քննվեր Սահմանադրական դատարանում, նախագահը խնդրել էր շարունակել պաշտոնավարումը, և այսօր արդեն նրա դիմումը բավարարվել է»,- ասել էր նա:

Տիգրան Սարգսյանը վարչապետ էր նշանակվել նախագահ Սերժ Սարգսյանի կողմից 2008թ. նախագահական ընտրություններից հետո: Համաշխարհային տնտեսական ճգնաժամի արդյունքում 2009թ. Հայաստանն արձանագրեց աշխարհում երկրորդ ամենամեծ տնտեսական անկումը՝ 14.5 տոկոս (վերահաշվարկված տվյալներով՝ -18 տոկոս): Չնայած դրան՝ Տիգրան Սարգսյանը կրկին վարչապետ նշանակվեց 2012թ. խորհրդարանական և 2013թ. նախագահական ընտրություններից հետո:

Մեկնաբանել