Իշխանությունը շատ է թուլացած. Վլադիմիր Կարապետյան

«Մենք գրանցել ենք մի փաստ, որ իշխանությունը շատ թուլացած է». ապրիլի 11-ին ՍիվիլՆեթի տաղավարում նման հայտարարություն արեց Հայ ազգային կոնգրեսի ներկայացուցիչ Վլադիմիր Կարապետյանը` անդրադառնալով ներքաղաքական վերջին խնդիրներին:

«Գտնվելով մի իրավիճակում, որտեղ չկա որևէ դրական լուծում, իշխանությունը մեկը մյուսի հետևից սխալներ է գործում»,- ասաց Կարապետյանը` հավելելով, որ «փաստը, որ իշխանությունները դիմեցին վճռական գործողության (վարչապետի հրաժարականին)` չունենալով մշակած հետագա քայլեր, ցույց է տալիս, որ զարգացման ծրագիր չունեն»:

ՀԱԿ ներկայացուցչի խոսքով` իշխանությունները, զոհելով Սերժ Սարգսյանի զինակցին` վարչապետին, «փորձեցին սեպ խրել չորս ոչ իշխանական ուժերի համագործակցության մեջ, սակայն կատարելապես ձախողվեցին»:

Ըստ Կարապետյանի` վարչապետի հրաժարականի որոշումն ընդունվեց, «քանի որ Սերժ Սարգսյանը վախեցավ` իմանալով քաղաքական ուժերի նկատմամբ ժողովրդի համակրանքը»:

«Ես կարող եմ երաշխավորել, որ Սերժ Սարգսյանը տեսնելու է բազմահազարանոց ժողովուրդ Ազատության հրապարակում»,- ասաց նա:

Կարապետյանն ընդգծեց, որ իրենք կողմ չեն հեղափոխության միջոցով իշխանափոխությանը և չէին ցանկանա, որ իրադարձությունները Հայաստանում զարգանային Ուկրաինայի պես:

«Մենք փորձում ենք ամեն բան անել, որ գործող իշխանությունները հասկանան` այլևս չեն կարող կառավարել երկիրը և գիտակցեն, որ հրաժարական տալն ամենաճիշտ տարբերակն է»,- ասաց Կարապետյանը:

Ապրիլի 3-ին Հանրապետական կուսակցության գործադիր մարմնի նիստից հետո ՀՀԿ խոսնակ Էդուարդ Շարմազանովը հայտարարել էր, որ վարչապետ Տիգրան Սարգսյանը հրաժարականի դիմում է ներկայացրել: Իսկ ապրիլի 10-ին հայտարարել էր, որ նոր վարչապետի անունը հայտնի կլինի երկուշաբթի՝ ապրիլի 14-ի երեկոյան:

Մեկնաբանել