Երկրորդ և երրորդ Հռոմների միջև

11-րդ դարի գերտերության՝ Բյուզանդիայի և Հայաստանի հարաբերությունները հայոց պատմության ամենաողբերգական էջերից են: Երբեմնի ծաղկուն հայկական թագավորությունը հայոց էլիտայի և հատկապես հոգևորականության ձեռամբ սկուտեղի վրա մատուցվում է Բյուզանդիային: Բյուզանդիոնը կազմակերպում է հայ ժողովրդի աննախադեպ միգրացիա. Վասպուրականի Հովհաննես-Սենեքերիմ թագավորը, իր տիրույթները հանձնելով բյուզանդացիներին, տարածքի ժողովրդի և զորքի հետ միասին տեղափոխվեց Հայրենիքց դուրս: Անին հայոց կաթողիկոս Պետրոս Գետադարձի ջանքերով հանձնվեց բյուզանդական կայսերը, իսկ բագրատունյաց վերջին թագավորը գերի տարվեց:

Ազգային էլիտայի նման դեգրադացիա պատմության էջերում շատ չես գտնի: Բյուզանդական քաղաքականությունն իրականում բումերանգ էր, որն ընդամենը տարիներ անց հարվածեց կայսրությանը: Իր արևելյան հարևան Հայաստանին թուլացնելով՝ Բյուզանդիան զրկվեց Արևելքի կարևոր բուֆերից, որը միշտ իր վրա էր վերցնում ռազմատենչ ցեղերի հարձակումները: Արդյունքում հայկական թագավորությունները չկարողացան դիմագրավել սելջուկ-թուրքերի արշավանքներին, որոնք այնուհետև ուղղվեցին Բյուզանդիայի վրա՝ ծանր պարտության մատնելով հզոր կայսրությանը:

Մեր օրերի իրականությունը թույլ է տալիս համեմատականներ անցկացնել 21-րդ և 11-րդ դարերի միջև: Երկրորդ Հռոմին՝ Բյուզանդիային, հաջորդել է երրորդ Հռոմը՝ Մոսկվան, որի գործողությունները զարմանալիորեն նման են 11-րդ դարի բյուզանդական քաղաքականությանը: Հայաստանի (և ոչ միայն) հաշվին կայսրությունը բնակեցնելու համար այլևս հարկավոր չէ ինչ-որ հայ իշխանի կամ թագավորի կալվածքներ խոստանալ. քաղաքացիության մասին լիբերալ օրենքը բավարար է, որպեսզի հարյուր հազարավոր հայեր մեկնեն հյուսիսային կայսրություն՝ իրենց գիտելիքները, ունակություններն ու ուժը ծառայեցնելու ուրիշներին: Ռազմական ուժին տիրանալու համար նույնպես պետք չէ ինչ-որ իշխանների կաշառել. բավարար է ընդամենը ռուսական բանակում ծառայելու հրավիրել փորձառուներին: Հայկական էլիտան, ինչպես 11-րդ դարում, դեգրադացված է:

Ժողովրդագրական աղետի դեմն առնելու փոխարեն երկրի առաջին դեմքերը ողջունում են արտագաղթը, բանակցություններ վարում ռուս գործընկերների հետ՝ ավելի հեշտացնելու Հայաստանի դատարկումը: Մտավորականները նամակներ են ուղղում կայսերը՝ հիշեցնելով կայսրության նախկին սահմանների մասին և կոչ անելով նրան տեր կանգնել դրանց:

Մոսկվան գործում է հստակ: Առանց մեծ բնակչության գերտերություն լինել չես կարող: Կառավարման արդյունավետության բարձրացումն աշխարհում տանում է նրան, որ հզորագույն տերությունները կլինեն մեծ բնակչություն ունեցողները: Արդյունավետ կառավարման պայմաններում մարդը իրեն դրսևորում է առավելագույնս և ստեղծում առավելագույն ազգային հարստություն: Հետևաբար հարուստ և հզոր կլինեն այն երկրները, որոնք կունենան ամենաշատ բնակչություն: Ռուսական գերտերությունը պակասող բնակչությամբ միայն թուլանալու է, այնինչ հարկավոր է կենսաբանական հումքով լցնել անծայրածիր տարածքները:

Որտեղի՞ց վերցնել աշխատող, արժեք ստեղծող բնակչություն: Բոլոր այն երկրներից, որտեղ կան երկրի ինքնիշխանությունը զիջելու պատրաստ դեգրադացված քաղաքական էլիտաներ և նամակներ գրելու հակված մտավորականություն:

Հայաստանը դատարկելը, սակայն, բումերանգի էֆեկտ է ունենալու Ռուսաստանի համար: Հայաստանի թուլացումը, տարածաշրջանից հայկական գործոնի վերացումը բերելու է Ռուսաստանի հարավային հատվածների կորստին: Հատվածներ, որոնք այսօր էլ հանգիստ չեն և Ռուսաստանի թուլացման դեպքում մեծ աջակցություն են ստանալու Սաուդյան Արաբիայի, Կատարի, Թուրքիայի և դրանց կողմից ստեղծված զանազան կազմակերպությունների կողմից: Ուժեղ Հայաստանն այստեղ Ռուսաստանի համար կարող էր առնվազն բուֆերի դեր խաղալ:

Հայության ճակատագրով մտահոգ մեր հայրենակիցներն այսօր մեկ առաքելություն ունեն՝ թույլ չտալ Հայաստանի ժողովրդագրական աղետը, փրկել արդի Հայաստանը Բագրատունյաց թագավորության ճակատագրից:

Մեկնաբանել