Իսրայելը դադարեցրել է խաղաղ բանակցությունները Պաղեստինի հետ

Իսրայելի իշխանությունները Պաղեստինի Ինքնավարության ղեկավար Մահմուդ Աբասի «Ֆաթհ» կուսակցության և «Համաս» շարժման հաշտությունից հետո հաստատել են Պաղեստինի հետ խաղաղ բանակցությունների դադարեցման փաստը, հաղորդում է BBC-ն:

Երեք տարվա ընթացքում առաջին անգամ իսրայելցիների և պաղեստինցիների միջև երկխոսությունը վերականգնվել էր Վաշինգտոնում, պետքարտուղար Ջոն Քերիի նախաձեռնությամբ՝ հուլիսի 29-ին։

Նախարարների կաբինետը որոշել է, որ Իսրայելը բանակցություններ չի վարի Պաղեստինի կառավարության հետ, որին աջակցում է Իսրայելի ոչնչացման կոչ անող «Համասը», Twitter-ի իր միկրոբլոգում գրել է Իսրայելի վարչապետ Բենիամին Նեթանյահուն: Վերջինս նաև հայտարարել է Պաղեստինյան ազգային վարչակազմի դեմ պատասխան քայլերի մասին:

Իսրայելի վարչապետը BBC-ին հայտնել է, որ եթե Մահմուդ Աբասը խաղաղություն է ուզում, ապա պետք է հրաժարվի «Համաս» շարժման հետ համաձայնագրից:

Հաշտության մասին ավելի վաղ հայտարարվել է «Ֆաթհի» և Միացյալ Նահանգների, ԵՄ-ի և Իսրայելի կողմից ահաբեկչական համարվող «Համաս» իսլամիստական խմբավորման ներկայացուցիչների մասնակցությամբ մամուլի ասուլիսին: Կողմերը հայտարարել են, որ հինգ շաբաթվա ընթացքում ծրագրում են ազգային միասնության ժամանակավոր կառավարություն ձևավորել և համընդհանուր ընտրություններ անցկացնել կես տարվա ընթացքում, այն բանից հետո, երբ նոր կառավարությունը հավանության կարժանանա Պաղեստինի խորհրդարանի կողմից:
Երկու պաղեստինյան խմբավորումների միջև հակամարտությունը սկսվել է այն բանից հետո, երբ «Համասը» հաղթանակ տարավ 2006թ. ընտրություններին: Դրան հետևած 2007թ. Գազայի հատվածում շարունակական զինված բախումները տասնյակ մարդկանց մահվան պատճառ դարձան: 2007թ. հունիսին «Համասը» Գազայի հատվածից դուրս մղեց Մահմուդ Աբասի կողմնակիցներին՝ արդյունքում ստիպելով նրան արձակել կառավարությունը: Այդ ժամանակվանից «Ֆաթհը» պահպանել է վերահսկողությունը Հորդանան գետի Արևմտյան ափում, իսկ «Համասը» վերասկել է Գազան: