Սաքուլիկ, ո՞ւր մնաց քո թասիբը

Կիրակի ֆեյսբուքյան ընկերներիցս մեկի միջոցով իմ էջում հայտնվեց Ծաղկաձորում երիտ-հանրապետականների հետ Սերժ Սարգսյանի հանդիպումից հետո արված այս լուսանկարը:

Ինչ հպարտ են բոլորը, չէ՞: Կիսաժպիտ, կիսալուրջ, բայց հպարտ:

Հավանաբար վաղուց չէին հանդիպել, կարոտել էին առաջնոդին: Երիտասարդները հավանաբար շատ շոյված էին, որ ծանր ճամփորդությունից հետո իրենց նախագահը ժամանակ ու ցանկություն է ունեցել հանդիպել ու կիսվել աստանայական տպավորություններով (ափսոս` տհաճ տպավորություններով):

Գովելի է նաև, որ երիտասարդները բարձրացրել էին Աստանայում ընթերցված Ալիևի նամակին լուռ հառաչով պատասխանելու ենթատեքստի հարցը: Տպավորություն է, թե նրանք իսկապես հետևում են երկրի արտաքին քաղաքական «զարգացումներին» ու իրենց նախագահի քայլերին:

Միայն թե… իսկապե՞ս այդպես է:

Ընդամենը մի քանի ամիս առաջ մի խումբ երիտ-հանրապետականներ շատ լուրջ պատասխանատվությամբ ստանձնել էին Տարոն Մարգարյանի ատենախոսության պաշտպանության անվտանգությունն ու ջանք չէին խնայում «վտանգավոր» լրագրողներին հեռու պահելու սրահից: Տղաները փողոցային վարքի բոլոր դրսևորումներով կանգնեցին իրենց քաղաքապետի թասիբին ու բարով-խերով կատարեցին կուսակցական պարտքը: Հենց այդ միջադեպից հետո էլ ձևավորվեց երիտ-հանրապետականների ընդհանրացված կերպարը` Սաքուլիկը` թաղային միկրո-հեղինակություն, որը, հանուն սիրելի կուսակցության ու երկրի նախագահի, հավանաբար, մասնակցել է ընտրությունների ժամանակ արվող կեղծարարություններին, բակային կռիվների ժամանակ քարը քարին է դրել` հանուն «ավելի լավ Երևանի», և միշտ թասիբով կանգնել է կուսակցական արժեքների ու գաղափարախոսության նկատմամբ ոտնձգությունների դեմ: Նա, հավանաբար, ամեն տարի հպարտությամբ հագնում է եռագույնի կարմիր, կապույտ կամ ծիրանագույն բազեական շապիկն ու ինքնահաստատվում ճամբարային հայրենասիրության այդ մի քանի օրերի ընթացքում: Ամեն ինչ` հանուն ներքին միատարրության ու անդորրի, որպեսզի դրսից պատկերը հարթ լինի:

Հիմա, ինչպե՞ս հասկանալ էս խիստ սկզբունքային երիտասարդների այսօրվա ոգևորությունը:

Տղե՛րք, աղջիկնե՛ր, դուք իսկապե՞ս այս տեսագրությունը դիտել եք ու չե՞ք վրդովվել: Դուք տեսել եք, թե ինչպես է ձեր առաջնորդը կարկամում ու հազիվ մի հուսահատ հոգոց հանում, երբ մեր պետականության ամենամեծ հաղթանակը կասկածի տակ է դրվում հարևան (պարտված) երկրի նախագահի նամակո՞վ: Դուք տեսնում եք ձեր առաջնորդի խեղճ ու ճնշված տեսքը միջազգային ասպարեզում ու վատ չե՞ք զգում: Ձեր անհանդուրժող թասիբը ձեզ չի՞ նեղացնում էդ պահին: Դուք, որ ի տարբերություն մյուս մահկանացուներիս, եզակի հնարավորություն ունեք նրա հետ մի քանի ժամ անմիջական շփվել (ես անձամբ նրա ֆիզիկական ներկայությունը անցած 6 տարիներին միայն աշխատանքիս կամ տան ճանապարհը կտրող սև ու պաշտպանիչ ավտոշարասյան տեսքով եմ զգացել. այն էլ` նրա` էդ մեքենաներից որևէ մեկում պատսպարված լինել-չլինելը էական տարբերություն չի տալիս, միևնույն է` ինձնից հասնում է մի 10-15 րոպե սպասել, որ աներևույթ նախագահն անցնի), դուք չուզեցի՞ք մի կարգին «հաշվետվություն» պահանջել երկիրը աշխարհի առաջ խայտառակելու համար: Չմտահոգվեցի՞ք, որ այդ նույն առաջնորդը, որը ձեզ ստիպում է աջուձախ տղայավարի «կիլդիմ բռնել», կռիվ տալ` հանուն արծիվով կրծքանշանի, էնքան տղամարդկություն չունեցավ, որ թեկուզ դիվանագիտական կանոններին հակառակ (մեկ է` տպավորություն է, որ նրա վարչակազմը չգիտի էլ այդ կանոնները)՝ միացներ բարձրախոսն ու մի լավ պատասխան տար նազաբաևաալիևական զառանցանքին, չթողներ, որ էդպես հանգիստ ու քամահրական ձևով թքեին երկրի երեսին: Փոխարենը, հազիվ մի տխուր հոգոցով պատասխանեց մեր պետությանը վերաբերող սպառնալիք-նամակի ընթերցմանը` կուլ տալով իրեն ու մեզ ուղղված ամբողջ հեգնանքն ու նսեմացումը:

Բա ձեր առաջնորդի կուսակցական թասիբն ու՞ր էր կորել: Դա էլ քիչ է, հետո ձեզ ստիպեց հանդիպման ժամանակ դերասանական վարպետությամբ արտասանել ճակատագրական հարցը, որ հնարավորություն ունենա գոնե մի քիչ արդարանալ հանրության առաջ (թեև դրանով ոչ թե սեփական ժողովրդի, այլ Ալիևի մտահոգությունները փարատեց, և ձեր մեջ ոչ ոք չգտնվե՞ց, որ նկատեր այդ պատասխանի աբսուրդը):

Ու դուք` օրինակելի թասիբավորներդ, այսքանից հետո ժպիտը դեմքներիդ նկարվում եք նրա հետ ու հպարտորեն տարածում համացանցով: Բա եղա՞վ: Սկզբունքային Սաքուլիկին էս պահվածքը չի սազում: Կա՛մ մեջքներդ ձիգ մինչև վերջ հավատարիմ մնացեք ձեր թաղային օրենքներին, կա՛մ ընդհանրապես մի մտեք էդ խաղի մեջ: Թե չէ, գիտե՞ք ինչ է ստացվում։

Կատաղացրած շների պես ձեզ բաց են թողնում երբ որ պետք է, իսկ հետո դասավորում վանդակների մեջ, որ ձայններդ չլսվի: Թագավորը մերկ է, բոլորն են տեսնում, իսկ դուք` խեղկատակի պես, ծափ եք տալիս: Չնայած` ինչ եմ ասում, թագավորական խեղկատակները, ի տարբերություն ձեզ, իսկապես սկզբունքային էին ու չէին վախենում կախաղան հանվել` թագավորին քննադատելու համար…

Տղե՛րք, աղջիկնե՛ր… ախր դժվար բան չէ տեսածին հավատալ ու դրա մասին բարձրաձայնելը: Ախր դուք մի օր հասկանալու եք, որ ձեր ամեն ժպտերես լուսանկարով ու ծափ-ծիծաղով պետականության կորուստ եք քողարկել…

Ախր ես ու դուք համարյա մեր պետության տարիքին ենք… անկախության սերունդ ենք կոչվում: Բայց չեմ հասկանում, էդ անկախությանը լուսավոր աչքերով հավատացած ձեր ծնողները էդ ե՞րբ ու ո՞նց կուրացան… մեր երիտասարդ անկախությունն էդ կուրությունը ո՞նց է ներում…

Մեկնաբանել