Հայկական գործարար դաշտի պաշտպանության մասին

Պետությունների մրցակցության հիմնական պատճառն ավելի շատ ռեսուրսների տիրանալն ու սեփական քաղաքացիներին առավելագույն բարեկեցություն պարգևելն է: Այս նպատակներին հասնելու համար նորմալ պետություններն անում են ամեն ինչ սեփական տնտեսությունը զարգացնելու, սեփական արտադրանքի համար նոր շուկաներ որոնելու, տեղական գործարարների մուտքը տարբեր երկրների տնտեսություններ հեշտացնելու, այլ երկրների շահութաբեր ոլորտներին տիրանալու համար: Այս ամենի մեջ կարևոր դեր ունեն գործարարները՝ պետությունների վերոնշյալ գործունեության հիմնական առաջ մղողները: Սեփական գործարարի, ընկերությունների պաշտպանությունը կարևոր պարտականություն է, որ ստանձնել են պետությունները, հատկապես այլ երկրներում: Նրանց հաջողություններն արտերկրում ավելացնում են հենց այդ պետությունների համախառն ազգային արժեքը:

Ցավոք սրտի, Հայաստանի Հանրապետությունն իր գոյության 23 տարիների ընթացքում չկարողացավ դառնալ մի պետություն, որի պաշտպանությունը հուսալի երաշխիք կլիներ հայաստանցի գործարարների համար: Ավելին, այդ գործարարների մեծ մասը պաշտպանության կարիք ունի հենց ՀՀ ներսում:

Հատուկ կատեգորիա է Հայաստանից դուրս բնակվող հայազգի գործարարների խումբը: Նրանց մեծամասնությունը, չլինելով Հայաստանի քաղաքացի, չունենալով բիզնեսներ Հայաստանում, հետևաբար անմիջականորեն չմասնակցելով Հայաստանի ՀՆԱ-ի ի ձևավորմանը, այնուամենայնիվ կարևոր գործոն են ՀՀ տնտեսության և հայության տարբեր կարիքներ բավարարելու համար: Նրանց կապերը կարևոր են լինում հայաստանցի գործարարների արտերկրյա գործունեության համար, նրանց կողմից մեծածավալ բարեգործական գումարներ են դրվում հայրենիքում: Հետևաբար` Հայաստանի համար կարևոր պետք է լինի նաև հայազգի գործարարների պաշտպանությունը: Ազգանվան յան վերջավորությունը տարբեր պետություններին լուրջ մտածելու տեղիք պետք է տա գործարարի նկատմամբ ճնշում կամ հետապնդում (թեկուզ հիմնավոր) իրականացնելու դեպքում: Հայազգի գործարարը լինելը պետք է լուրջ ստատուս լինի, հայազգի գործարարի մոտ խնդիրներ առաջանալու դեպքում գործարարը պետք է զգա համայն հայության (հայկական կառույցների), հայկական պետությունների անվերապահ աջակցությունը, իսկ խնդիր առաջացնողը պետք է հանդիպի այս ուժերի հակազդեցությանը:

Ռուսաստանաբնակ հայազգի գործարար Լևոն Հայրապետյանը, որը մեծածավալ ներդրումներ է արել Արցախում ենթակառուցվածքների ստեղծման մեջ, ինչպես նաև հայտնի է արցախցի հարյուրավոր ընտանիքներին անմիջական աջակցությամբ, վերջերս ձերբակալվել է Ռուսաստանում: Այս ամենը լուրջ դժգոհություններ է առաջացրել Հայաստանում, մասնավորապես Արցախում՝ հակառուսական տրամադրություններ առաջացնելով նույնիսկ անմնացորդ ռուսաֆիլների մոտ: Լ.Հայրապետյանի դեպքը հստակ ցույց է տալիս, թե ինչքան հեռու ենք մեր գործարարին պաշտպանելու մեխանիզմներից, որոնց հպանցիկ նկարագիրը տրվեց վերևում: Այս դեպքը լավ առիթ է խորհելու հայկական բիզնեսը (այս արտահայտության բոլոր իմաստներով հանդերձ) պաշտպանելու համակարգ ստեղծելու մասին: Համակարգ, որ պետք է սկսի հայաստանցի գործարարին Հայաստանի ներսում պաշտպանելուց և ապա տարածվի ամբողջ աշխարհում՝ մեծ դիվիդենտներ բերելով Հայաստանի տնտեսությանն ու հայությանը:

Մեկնաբանել